ԹԱԼԱՆՎԵԼ ԵՆ ԱՀՌԵԼԻ ՄԻՋՈՑՆԵՐ


 

Ճիշտ որ` մեր իշխանությունները ձեռնամուխ են եղել տարբեր ոլորտներում տեղ գտած խայտառակություններն ու թալանը բացահայտելու գործին: Ամեն մի բացահայտում փաստում է, որ շատերը տարիներ շարունակ զբաղվում են երկրի ֆինանսական միջոցների թալանով` այդպես էլ պատասխան չտալով իրենց արածի համար:

Վաղուց էինք կասկածներ հայտնել առ այն, որ դպրոցաշինության ոլորտում չափազանց շատ են թալանի ու ֆինանսական միջոցների փոշիացման դեպքերը: Սակայն պատասխանատուները միշտ էլ լռության էին մատնել մեր հրապարակումները` «ուտելիս չեն խոսում» սկզբունքով: Բայց ահա հենց երկրի վարչապետն է խոստովանում, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի շինարարության համար հատկացված 270 մլն դրամի 200 միլիոնը փոշիացված է, այսինքն` թալանված: Մինչև այսօր վթարային վիճակում գտնվող շենքում գրեթե որևէ աշխատանք չի կատարվել, մարզային իշխանությունները աղմուկ չեն բարձրացրել, չեն կամեցել ահազանգել ստեղծված վիճակի մասին: Տարիներ շարունակ գյուղական դպրոցի աշակերտներն ահուդողով են մտել վթարային շենք, իսկ սա չի անհանգստացրել կրթության մարզային կառավարիչներին, ովքեր հազիվ թե տեղյակ չլինեին ֆինանսական միջոցների փոշիացման մասին:

Մասիսի թիվ 5 դպրոցում էլ նույն վիճակն է տիրում. այստեղ ևս ահռելի ֆինանսական միջոցներ են փոշիացվել: Այլևս չենք ուզում խոսել այն մասին, որ հանրապետության շատ դպրոցներ շահագործման են հանձնվում կիսատ-պռատ, նախագծային լուրջ խախտումներով: «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի ղեկավարությունը, հաստատապես, տեղյակ է այս ամենի մասին, որովհետև նա է հանդիսանում գլխավոր պատվիրատուն: Իսկ այս ԾԻԳ-ը համառորեն շարունակում է «չնկատել» և աննկատ մնալ: