ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ` ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐՈՒՄ


 

Խոսրովի անտառի տարածքում հայտնաբերված հազվագյուտ կենդանիների ոչնչացման փաստերը ցնցել են շատերին: Բնապահպանության նախարարությունը ձգտում է ամեն կերպ իրենից վանել պատասխանատվությունը, անգամ հայտարարել, թե կատարվածը չի գտնվում արգելոցի տարածքում, սակայն փաստերն այլ բան են հաստատում: Որսագողությունն ու հազվագյուտ կենդանիների ու ձկնատեսակների ոչնչացումը Հայաստանում տեղի է ունենում ոչ միայն արգելոցներում, այլև մյուս անտառներում, ջրային տարածքնե րում:

Մասնագետները հաշվարկել են, որ վերջին տասը տարում Հայաստանում ոչնչացվել է ավելի քան 20 կենդանական տեսակ, որոնցից մի քանիսը համարվում էին Կարմիր գրքում գրանցվածներ: Գրեթե կենդանազրկվել են Լոռու և Սյունիքի անտառները, Շիրակի հարթավայրում այլևս չկան այս տարածքին բնորոշ կենդանիները, իսկ ջրային տարածքներում ոչնչացվել է մոտ ութ ձկնատեսակ: Զարկ տալով լճակային տնտեսությունների ձևավորմանը` մեր իշխանությունները հույս ունեին, թե Սևանա լճում հնարավոր կլինի պահպանել հազվագյուտ ձկնատեսակները, թե ձկնապաշարները մեծացնելու ուղղությամբ Բնապահպանության նախարարության ջանքերը դրական արդյունքներ կգրանցեն: Սակայն Սևանն օրավուր դատարկվում է: Դատարկվում է, որովհետև թե´ նախարարության ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը, թե´ որսագողերի ախորժակներն են օրավուր մեծանում:

Նախարարությունն ամեն տարի հայտարարում է մոտ 5 միլիոն մանրաձուկ Սևան լցնելու մասին, սակայն դա ուռճացված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տվյալ է, որովհետև հաշվարկները ցույց են տալիս, որ նման քանակությամբ մանրաձկան առկայությունը հնարավորություն կտար ոչ միայն վերականգնել ձկնապաշարները, այլև Սևանը հռչակել ամենաձկնառատ լիճը ողջ աշխարհում: Սակայն գիտենք, որ Սևանի ձկնային պաշարները շատ վաղուց ճակատագրական նիշից ներքև են հայտնվել:

Բնապահպանության նախարարության ներկայացրած կեղծ ցուցանիշների կողքին իրենց «սև գործն» են անում ձկնագողերը, ովքեր հիմա արդեն գործում են չափազանց անարգել ու անամոթ: Ո՞վ չի տեսել Սևանի խճուղու տարբեր հատվածներում տեղադրված ցուցանակները ձկան վաճառքի մասին: Մոտ 15 նման թաքուստված տաղավարներ կան, որոնց տերերն օրական մինչև 100 կգ ձուկ են վաճառում` այսպես յուրովի դատարկելով Սևանը: Ձկնագողության դեմ իբրև թե պայքար ծավալողները հազիվ թե չիմանան այս տաղավարնե րի մասին, հազիվ թե տեսած չլինեն ցուցանակները: Ուրեմն, ինչպե՞ս է պատահում, որ այդ մարդիկ գործում են ազատ ու անարգել` պատասխանատվություն չկրելով իրենց արածի համար:

Իսկապես եկել է ժամանակը, որպեսզի Բնապահպանության նախարարությունը հիշի իր բուն առաքելությունը և վերադառնա բնության պահպանության կամավորական ջոկատների ստեղծման գաղափարին: Փորձը ցույց է տվել, որ շատ բնապահպաններ կամավորության սկզբունքներով ձգտում են օգտակար գործ անել, փրկել բնությունը ոչնչացումից: Ուրեմն, հարկավոր է օգտագործել այս ներուժը, դիմել նաև հասարակական կազմակերպությունների օգնությանը: Հայաստանը փոքր երկիր է, հարուստ չէ կենդանական աշխարհով, իսկ ամեն մի ոչնչացում կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ մեր ողջ բնության համար: