Ի ՀՈԳԵՎՈՐ ՀՈԳՎՈՅ


Երկդարյա դժվարություններով լի, վերելքի ու ձեռքբերումների մի ամբողջ հանրագումար է Վիեննայի Մխիթարյան միաբանության հարուստ պատմությունը: Հայ մշակույթի, հայագիտության, կրթության ոլորտներում բացառիկ ու անգնահատելի է Մխիթարյան հայրերի ավանդը: Օտարության մեջ` ուծացման վտանգին դեմ-հանդիման` Միաբանության ծավալած գործունեությունն անհրաժեշ տություն էր նաև հայապահպանության գործում: Ի սկզբանե այն նպատակ ուներ զարգացնել հայության հոգևոր և մտավոր ներուժը` հիմնադիր Մխիթար Սեբաստացու խոսքերով` «Ի հոգևոր հոգվոյ և ի լուսավորություն ազգին մերոյ հայկազուն»: Միաբանության պատկառելի` 200- ամյա տարելիցին էր նվիրված ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Մխիթարյան Միաբանության հետ համատեղ կազմակեր պած միջազգային գիտաժողովը: Ջերմ ու անկեղծ էին Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատանքի խոսքերը. - Մխիթարյանների Միաբանությունը հայոց պատմության ամենափայլուն կետերից է: Մեր հոգևոր հայրերը և´ Վենետիկում, և´ Վիեննայում ստեղծել են այնպիսի ազգային մշակույթ, այնպիսի արժեքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլև ավելի են հզորացել: Ստեղծել են հայության կենտրոններ: Դրանք մեր փոքր հոգևոր Հայաստաններն են` Եվրոպայի սրտում: Խոնարհում և խնկարկում` բոլոր ժամանակների մեր հոգևոր հայրերին, ովքեր այնպիսի հնարավորություն ստեղծեցին, որպեսզի հայն ու Հայաստանը աշխարհին ներկայանան նաև այս ճանապարհով: Ո՞րն է այն մեծ, աստվածային ուժը, որ կարողացել են նրանք լեզու գտնել Հռոմի պապերի, եվրոպական իշխանավորների հետ և պահպանել մեր արժեքները, շարունակել հայկական ավանդույթները, համաշխարհային մշակույթի կենտրոններում դառնալ հայ մշակույթի ներկայացուցիչները, լինել մի յուրօրինակ կամուրջ` Հայաստանի և Արևմուտքի միջև: Այս ամենը հնարավոր է դարձել` շնորհիվ նրանց դիվանագիտական նուրբ գործունեության, քաղաքական ճիշտ ընկալումների: Հոբելյանի առիթով Վիեննայից Հայաստան ժամանած Մխիթարյան Միաբանության աբբահայր ծայրագույն վարդապետ Հայր Պողոս ԳՈՃԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում համառոտ անդրադարձ կատարեց իրենց գործունեությանը. - Մխիթարյան Միաբանությունը հիմնադրվեց Մխիթար Սեբաստացու կողմից` Պոլսում: Սակայն, անմիջապես թողնելով քաղաքը, հոգևոր հայրերը տեղափոխվեցին Հունաստան` շուրջ 12 տարի գոյատևելով այնտեղ: Ապա ապաստան գտան Վենետիկում: Միաբանության գործունեությունն ուղղված էր հայության հոգևոր ու մտավոր լուսավորությանը: Դա´ էր բուն նպատակը: Հենց ինքը` հիմնադիրը, չափազանց կարևոր գրական ժառանգություն է թողել. առաջին հայերեն բացատրական բառարանը և զանազան այլ կարևոր գործեր: Հետագայում շարունակվեցին հայագիտական հսկայածավալ աշխատանքները: Ավելի քան 200 տարի բաժանումից հետո, 2000-ին Մխիթարյան Միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերը միավորվեցին` որպես մեկ ամբողջություն: Նպատակը նույնն է անշուշտ: Սակայն ներկայիս մեր անձնակազմի թիվը փոքրացել է: 1972 -ին Բեյրութ քաղաքում միայն ապրում էին 300 հազար հայեր, իսկ այսօր խոսում ենք 30- 40 հազարի մասին միայն: Մեզ համար հայրենիքը 70 տարի փակ էր: Սփյուռքում կյանքը վերջին քառասուն տարիների ընթացքում փոխվեց, գաղութները ցիրուցան եղան, և այդ է պատճառը, որ մենք անձնակազմի պակաս ունենք այսօր: Սակայն, իհարկե, շարունակում ենք մեր աշխատանքները` հույսով, որ Հայրենիքի օգնությամբ նաև կարող ենք մեր դժվարությունները հաղթահարել: - Անգնահատելի է Միաբանության ավանդը նաև հայապահպանության գործում. - Հայապահպանության ոլորտում ամենակարևոր աշխատանքն, անշուշտ, իրականացնում են դպրոցները: Որքան էլ երեխաները ծնողների հետ մայրենիով խոսեն, կգա մի ժամանակ, երբ դա կմոռացվի: Այդ պատճառով կրթարանների դերն անչափ կարևոր է; Մենք` չնայած մեր անձնակազմի ներկայիս փոքր թվին, ունենք դպրոցներ Բեյրութում, Հալեպում, Լոս-Անջելեսում և այլուր: Բացի դրանից, մեր աշխատությունները գրվում են մայրենի լեզվով, դրանք ևս մեծապես նպաստում են հայապահպանությանը: Կցանկանայի անդրադառնալ նաև արտագաղթի թեմային: Դժբախտաբար, այսօր շատ են այն ընտանիքները, որոնք հեռանում են Հայաստանից: Նրանք եկամտի աղբյուր չունեն և շատ հաճախ հայրենիքը լքելն է նրանց միակ ելքը: Այս առումով մեծ անելիքներ ունեն Հայաստանի կառավարությունը և Եկեղեցին,- համոզված է Պ. Գոճանյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ