1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր և աննախադեպ սողանքը պատճառ է դարձել, որ դադարեցվեն Իջևան քաղաքի կենտրոնական փողոցի շինարարա կան¬ասֆալտապատման աշխատանքները: Ամբողջ տեխնիկան այստեղից նույնպես տեղափոխվել է աղետի գոտի, և անհայտ է, թե Այրումում երբ կավարտվեն որոնողական աշխատանքները, ու մեր հանրապետությունը Վրաստանի հետ կապող մայրուղու վերականգնումն ինչքան կտևի: Իջևան քաղաքն ասֆալտապատող տեխնիկան պատկանում է քաղաքի հարևանությամբ գտնվող քարամշակման խոշոր ընկերությանը, որը նախապես ծրագրած է եղել քաղաքի փողոցների բարեկարգումը լրիվ անվճար կազմակերպել` ոչինչ չակնկալելով պետական և համայնքային բյուջեներից: Սակայն երբ նույնիսկ Պաշտպանության նախարարությանը պատկանող տեխնիկան է ներգրավվել Այրումի սողանքները վերականգնելու գործում, Իջևանի բարեկարգումը չէր կարող թիվ 1 առաջնահերթություն դիտվել: Քար մշակող ընկերությունը, ճանապարհի փլուզված հատվածը վերականգ նելով, նաև սեփական (մեծամասամբ արտահանվող) արտադրանքի անխափան իրացման խնդիրը կլուծի: Սրանով հանդերձ` Տավուշում ստեղծվել է մի իրավիճակ, որ հազիվ թե շուտափույթ հաղթահարվի: Մարզի բնակիչները հավաստիացնում են, որ ամեն րոպե փլուզվելու վտանգն է սպառնում նաև Իջևան-Դիլիջան ճանապարհի Հովք գյուղի մերձակայքում գտնվող հայտնի սողանքին: Եթե Այրումում տեղի ունեցածը լրիվ անակնկալ է եղել տեղացիների համար, ապա Հովքի հայտնի սողանքը միայն վերջին երկու տասնամյակում արդեն մի քանի անգամ փլվել է: Ճիշտ է, միջպետական ճանապարհին տեղի ունեցածը ողբերգական ավարտ դեռևս չի ունեցել, իսկ վերականգնողական աշխատանքներն էլ բավական արագ են կազմակերպվել, սակայն աշնանային անձրևները դարձյալ մեծացրել են սողանքային հատվածի` նույնիսկ անզեն աչքով երևացող ճաքերն ու ճեղքերը... Տավուշում լավ են հասկանում, որ ոչ անձրևի դեմ կարող են պայքարել, ոչ էլ Վրաստանից Երևան եկող ծանր ու մեծ բեռնատարների մուտքն արգելել: Շրջանցիկ և հողի հոսող հատվածից որոշակի հեռավորությամբ նոր մայրուղի կառուցելու նպատակահարմարությունն էլ որքան մեծ լինի, միևնույն է, համապատասխան միջոցներ առայժմ չկան: Փորձն էլ ցույց է տալիս, որ կառավարության հնարավորությունները մինչև հիմա ներել են միայն վերանորոգման աշխատանքներ կազմակերպելու համար: Իսկ նման իրավիճակում ոչինչ չի մնում, քան խոշոր նյութական միջոցների հատկացումներին սպասել` հետագա ողբերգությունները կանխելու հույսով: