ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ


ՀՀ ՊՆ Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, ՀՀ Նախագահի ռազմական տեսչությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, նպատակ ունի մասնագիտական առաջարկություններով աջակցել Պաշտպանության նախարարության ծրագրային գերակայությունների և առաջնահերթությունների քննարկմանն ու հաստատմանը, նպաստել պետական ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: ՊՆ Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը վարել է նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով նորաստեղծ հանձնաժողովի առաքելությունը` նախարարը նշել է, որ ֆինանսաբյուջետային պլանավորումը մասնագիտական բարձր չափանիշներով իրականացնելը կարող է նպաստել ֆինանսական միջոցները խնայողաբար և առավելագույն արդյունավետությամբ օգտագործելուն: Մշտական մասնագիտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանն իր խոսքում նշել է, որ հանձնաժողովը պրոֆեսիոնալ մոտեցումներով նպաստելու է, որպեսզի Պաշտպանության նախարարությունում արդյունավետորեն գործի ֆինանսական կառավարման և հսկողության ամբողջական համակարգ, որի շղթայի փոխկապակցված տարրերն են ռազմավարական պլանավորումը, բյուջեի կազմումը, բյուջեի կատարումը, հաշվետվությունները և ներքին աուդիտը: