ՎԱԽՆ Է ՊԵՏՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ


Երիտասարդ կոմպոզիտոր ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ անունն աստիճանաբար հայտնի է դառնում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: - Սիրելի Դավիթ, ավարտել ես Երևանի պետական կոնսերվատորիան, միևնույն ժամանակ ստացել ես նաև ասպիրանտական կրթություն: Կարծում եմ, որ այդ ամենն օգնում է քեզ` ստեղծելու քո երաժշտությունը: Իսկ ինչպե՞ս է այն ծնվում. ինչպե՞ս է ստեղծվում երաժշտությունը: - «Գենետիկ հիշողություն, անձնական ապրում». սա մենք չենք կարող հերքել, միևնույն ժամանակ` երաժշտությունն ինչքան էլ ծնվի կյանքից, արվեստից ու պատմական իրադարձություններից, այն ինքնաբավ է: Ըստ իս` այն երբեմն ասում է ավելին, քան մենք գիտենք, քան մենք կանք: Բայց համոզված լինել, թե ճակատագիրը միշտ այդպես է թակում դուռը, ինչպես Բեթհովենի 5 սիմֆոնիայում` առնվազն կլիներ աղանդավորություն: Կոմպոզիտորները ծրագրային անուններ էին դնում իրենց ստեղծագործություններին, ու եթե դու այդ հարցը տայիր Դեբյուսիին, թե ինչպե՞ս է սկիզբ առնում երաժշտությունը, շատ հնարավոր է, որ իր պատասխանն էլ իր երաժշտության պես իմպրեսիոնիստական լիներ: Այդպես յուրաքանչյուր գրող, կոմպոզիտոր իր ինքնօրինակ իրականությունն է ստեղծում, երբեմն այն կապ չունի ստեղծագործության վերնագրի հետ, երբեմն ունի, բայց մենք չենք զգում դա: Ներիր, որ օրինակն ինձ վրա եմ բերում, ունեմ մի ստեղծագործություն, որը գրելիս, կամա թե ակամա` ծաղկե պարտեզ եմ պատկերացրել, այն էլ` խավարում և ավարտելով` անվանել եմ «Ծաղկե պարտեզը խավարում»: Ունկնդրի դատին հանձնելով` զարմացա, երբ շատերը չտեսան իմ տեսած ծաղկե պարտեզը խավարում: Ինչևէ, ես չփոխեցի վերնագիրը, եթե նրանք տեսան ուրիշ ծաղկե պարտեզ` կրկին հրաշք է, անբացատրելի հրաշք: - Ունկնդրելով քո ստեղծագործությունները, ես նկատել եմ, որ որոշ առումով դու կարծես թե մոտենում ես Բախին: Ինչպե՞ս դա բացատրել: - Գիտես, երբ ասացի, որ Աստծուն մոտենում եմ Բախի երաժշտության միջոցով, ուզում էի կտակարանային կոնկրետութունից մի փոքր հեռանալ և մոտենալ այդ գաղափարին` Բախի աբստրակտ երաժշտության միջոցով. այն իրոք աբստրակտ է` բառիս ամենալայն իմաստով: Գիտե՞ս, կարծիք կա, թե ամեն մի հոգևորական, լինի լավ կամ վատ, միևնույն է` Աստծո կողմից է ընտրված: Ես համաձայն չեմ, անգամ կա մի արտահայտություն` եթե ուզում ես դառնալ աթեիստ, շփվիր հոգևորականի հետ: Իմ ընտրած «հոգևորականը» շատախոս սքեմավորը չէ, ով ամեն քայլափոխի փորձում է ուղղորդել, դատափետել: Իմ ընտրածը հոգևոր հայրն է` իր օրինակով, ապրելաձևով, իր ասկետիկ կյանքով, ում առջև ես միշտ խոնարհվում եմ` լինի Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, թե բուդդայական` իմ սեփական համոզմունքներից զատ, հասկանո՞ւմ ես: Ուզում եմ ավարտել Սեմեն Ֆրանկի խոսքերով` «Չարագործները, հանցագործները աշխարհում չեն արել այդքան չարություն, չեն թափել այդքան մարդկային արյուն, որքան մարդիկ, ովքեր ցանկանում էին աշխարհի փրկիչները լինել»: - Ամեն մի ստեղծագործող ունի իր յուրատեսակ ուսուցիչները: Մի առիթով կարդացել եմ, որ դու քո ուսուցիչներն ես համարում Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Վագներին ու Բրամսին: - Իմ ուսուցիչներն են այդ հինգը` գումարած Շյոնբերգը: Ժամանակակից մարդն իր մեջ կրում է համաշխարհային պատմությումը, և պարզ է, որ հիմա մեր ուսուցիչների թիվն ավելին է, քան մեր նախնիներինը: Եթե կոնկրետացնեմ, ապա անշուշտ ես իմ հոգևոր հայրն եմ համարում Ուսուցչիս` կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանին, ում դասարանում ուսանել եմ կոնսերվատորիայի տարիներին ու նաև ասպիրանտուրայում: Կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը, ով եղել է իմ առաջին ուսուցիչը, ում ես չափազանց շնորհակալ եմ առաջին քայլերիս համար, ճիշտ արմատներիս համար: Ինչ վերաբերում է ուսուցիչներին` ըստ Շյոնբերգի սանդղակի, ապա ես այդ հարցերում երբեմն անկանխատեսելի եմ: Երբեմն ես վառում եմ իմ կուռքերին. դա սրբապղծություն չէ: Հետո վերադառնում եմ նրանց, ինձ համար նոր խորությամբ բացահայտում. էնպես որ սա առողջ, ճկուն, ստեղծագործական վիճակ է: Կարող եմ թվարկել իմ մյուս ուսուցիչներին` Լիգետի, Բարթոկ, Շնիդկե, Մանսուրյան, Ստրավինսկի, Զոհրաբյան, Վեբերն, Դեբյուսի, Յանաչեկ, Ռավել և այսպես շարունակ` վերջացրած մեր օրերի լայն զանգվածներին քիչ ծանոթ, բայց ոչ պակաս մեծագույն կոմպոզիտորների անուններով: Ինձ թվում է` ամենասկզբում նրանք են մեզ ընտրում, ինչպես առաջին ուսուցիչս, որ երաժշտական տարբեր դպրոցներից լսողությամբ երեխաներ էր հավաքում` երգչախմբում երգելու համար: Ես այդ երեխաներից մեկն էի, ու իմ` երաժշտությամբ զբաղվելը պատահականություն էր գուցե, չգիտեմ: Ու էդպես մի օր հանպատրաստից սկսեցի նվագակցել իմպրովիզացիա: Եղել են ուսուցիչներ, որոնց շնորհիվ ու միջնորդությամբ ճիշտ ուսուցիչ եմ գտել: Կար սոլֆեջոյի մի հրաշալի ուսուցիչ` Անժելա Մուսիկյան, ում սոլֆեջոյի միաձայն թելադրությունների շնորհիվ վերջապես սովորեցի նոտագրել սեփական պարզ ստեղծագործություն ներս: Բոլորին անչափ շնորհակալ եմ: Եվ գալիս է պահը, երբ արդեն դու ես ընտրում ուսուցիչներիդ. և այդ պարագայում ամենալավ ուսուցիչը միևնույն է` կյանքն է, սեփական փորձը, սխալներն ու հաղթահարումները, քո կյանքի կանայք… - Այսօր շատ երիտասարդ արվեստագետներ ցանկանում են հեռանալ Հայաստանից` այլ երկրներում գտնելու իրենց ստեղծագործական բավարարվածությունն ու ճանաչումը: Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում գնալու գաղափարին: - Վախն է պետք հաղթահարել ու անել այն, ինչ շատ ես ուզում: Ուզում ես գնալ` գնա, եթե գնալդ ֆունկցիա ունի, այլ ոչ թե ուղղակի փախուստ է` առանց նպատակի: Ուզում ես մնալ` մնա, միայն ուրիշին մի մեղադրիր, քո անհաջողությունները մի բարդիր ուրիշի վրա, եղիր տղամարդ` պինդ բռունցքով: Ստրավինսկին ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց, երբ նրա բալետները բեմադրեցին Փարիզում, նրա կյանքն ամբողջովին փոխվեց: Նա ճիշտ ժամանակին նստեց այդ գնացքն ու չուշացավ, ինչպես շատերն ուշացան. արդյունքում մենք նրա´ն գիտենք և երջանիկ ենք: Ամեն մարդ ունի իր գնացքը, ինչպես անգլերենի քերականության մեջ կան ժամանակներ, երբ նախադասությունը կարդալով հասկանում ես, որ դա տեղի է ունեցել և արդեն փոփոխման ենթակա չէ: Կարելի է, իհարկե, այս ամենը հերքել, մտնել ավելի խորը հոգևոր ոլորտներ, էզոթերիկ ուսմունքների մեջ փորձել գտնել պատասխաններ. ամեն բան հնարավոր է, միայն թող ցանկություն լինի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ