ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է


Հայաստանյան պետական և մասնավոր բուհերում արտասահմանցի դիմորդների թվի նվազում է նկատվում: Եթե 2008 թվին արտերկրից Հայաստանի պետական բուհերում կրթություն ստանալու եկած դիմորդները 3198-ն էին, ապա 2010-2011թթ. գրանցվել է 2788 ուսանող: Արտերկրյա դիմորդների ցուցանիշը նվազել է նաև մասնավոր բուհերում: 2008թ. ընդունվել են 813¬ը, ապա 2010 թ` 528-ը: Ըստ Կրթության և գիտության նախարարության, Հայաստանը տարածաշրջանում ունի ամենամեծ թվով արտասահմանցի ուսանողներ: - Ամենաբարձր ցուցանիշը մեզ մոտ է,- նշել է ԿԳՆ արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը:- Էս տարի մենք ունենք շատ-շատ դիմորդներ, որ ցանկանում են կրթությունը շարունակել նաև ասպիրանտուրայում: Անշուշտ, հավատալով պետական ծառայողի հավաստիացումներին, մենք, այնուամենայնիվ, ուսումնասիրեցինք որոշ վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են հարևան Ադրբեջանին: Այստեղ, պարզվեց, արտասահմանցի ուսանողների թիվը պետական բուհերում 2011 թվականի ընդունելության ժամանակ կազմել է 4821, իսկ մասնավոր բուհեր ընթացիկ ուսումնական տարում ընդունվել է 3421 արտասահմանցի ուսանող: Ուրեմն, Հայաստանում բնավ էլ ամենաշատ արտասահմանցի ուսանողները չեն: Սակայն չփորձելով բացատրել պատասխանատու աշխատողի ներկայացրած տեղեկատվության իմաստը, մենք պարզեցինք նաև, որ Վրաստանում 2011 թ. պետական բուհեր են ընդունվել արտասահմանցի 2945 դիմորդ… Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի` կրթական ծառայություն մատուցելու և գիտելիք վաճառելու առաջատարի դիրքը կարող է վտանգված լինել, և մեր երկիրը կարող է կորցնել տարածաշրջանում կրթական կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները: Հարկ է, որ հանրապետությունում լուրջ ներդրումներ կատարվեն միջազգային չափանիշներին համապատաս խան ուսանողական հանրակացարանների և կենցաղի կազմակերպման համար: Մինչդեռ շատերը խուսափում են Հայաստանում կրթություն ստանալ` հենց հանրակացարանների բացակայության, կենցաղի անմխիթար վիճակի պատճառով: Տեղացի ուսանողների հանրակացարանային և կենցաղային պայմանների մասին բնավ չմտածող մեր բուհերի ղեկավարները մոռացության են տվել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում ուսանողներն իրենք են ընտրում այն համալսարանները, որոնք առաջին հերթին տրամադրում են ապրելու հարմարավետ պայմաններ, կրթություն ստանալուն նպաստող միջոցներ: Մեր բուհերից շատերը ոչ միայն զրկված են հանրակացարանային պայմաններից, այլև կրթության կազմակերպման համար չունեն համապատասխան նյութատեխնիկական բազաներ: Այլևս չենք խոսում մատուցվող կրթության որակի մասին, որն օրավուր անկումներ է գրանցում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մայրաքաղաքի մի շարք բուհերում շատ վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, չեն նորոգվել լսարաններն ու ուսանողական կահույքը, լաբորատորիաները շարունակում են գործել 20-րդ դարի երկրորդ կեսից ժառանգություն մնացած սարքավորումներով… Արվեստի բուհերից բառացիորեն խայտառակ վիճակում է գտնվում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ուր միայն մասնակի վերանորոգումներ են կատարվել` այն էլ ռեկտորատի հարկաբաժնում, մինչդեռ ուսանողական լսարաններն անհրապույր են, չնորոգված: Այստեղ աչք է ծակում երրորդ հարկում հիմնանորոգված փորձասրահն` իր հրաշալի պայմաններով, բարձրակարգ կահույքով, անգամ` գերժամանակակից լողասենյակով: Սակայն, ինչպես պարզվեց, այդ հարկաբաժինը փակ է ուսանողների և բուհի դասախոսների համար, որովհետև այն տրամադրվել է Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբին… Տեսնելով մեր բուհերից մի մասի շենքային անհրապույր պայմանները, բնականաբար, արտասահմանցի ուսանողները կխուսափեն այստեղ սովորել և կգերադասեն այն երկրները, ուր բարձրագույն կրթության կազմակերպումը հանդիսանում է պետականորեն հովանավորվող բիզնեսի բաղկացուցիչներից մեկը:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ