ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԱԲԱՐ


Ալեքսան Հարությունյանն ու Արմեն Ամիրյանը տեղի կտա՞ն շանտաժին Մեր տեղեկություններով արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռադիոլուրի ղեկավար, ԱրմենԱկոբ հեռուստաընկերության` «Խոսք առանց փողկապի» հաղորդաշարի ղեկավար Արթուր Սահակյանը: Այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ Հեռուստառադիոընկերության ղեկավար Արմեն Ամիրյանը. «Այո, դիմումը ներկայացված է, սակայն ազատման որոշումը կայացված չէ»: Ըստ տարածված լուրերի` Սահակյանն այդ քայլին դիմել է ՍԻՄ-ի ներկայիս ինքնահռչակ նախագահ Հայկ Բաբուխանյանի շանտաժների հետևանքով: Բաբուխանյանական «բազարների» մասին լրատվամիջոցի տարածած անկողմնակալ տեղեկատվությունները, պարզվում է, խիստ են վրդովեցրել դրանց հեղինակին, եւ վերջինիս հրահանգով Արթուր Սահակյանի դեմ «Իրավունքի» էջերում սկսում են հայտնվել ակնհայտ կեղծ հոդվածներ: Մեր հարցին, թե Արթուր Սահակյանի ազատման դիմումը ստորագրելն արդյոք չի՞ նշանակի տեղի տալ բաբուխանյանական շանտաժներին, Արմեն Ամիրյանի պատասխանն էր. «Որեւէ մեկին որեւէ որակում տալ չեմ ուզում, ընդամենն ասում եմ, որ Արթուր Սահակյանը դիմում է ներկայացրել, ես ու Հեռուստաընկերության ղեկավարը (Ալեքսան Հարությունյանը- Ա. Ս.) մտածում ենք` դիմումն ընդունե՞լ, թե՞ ոչ: Մնացածի մասին մեկնաբանություններ տալ չեմ ուզում»: Իսկ Ռադիոլուրով Հայկ Բաբուխանյանի դեմ շուտով սկսվող դատական գործընթացները կլուսաբանվե՞ն, արդյոք, նույնպիսի անաչառությամբ, ինչպես առ այսօր. այս հարցին Ամիրյանը պատասխանեց. «Ռադիոլուրն ընդհանրապես բոլոր իրադարձություններն է անաչառ լուսաբանել, եւ այդ հարցը եւս անաչառ կլուսաբանի»: Ի դեպ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը օրերս եթերից հանել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարի այն կրկնությունը, որի հյուրն էր Ռադիոլուրի ղեկավար Արթուր Սահակյանը, ուր նա խոսել էր Բաբուխանյանի կողմից իր դեմ իրականացված շանտաժի մասին: Մեր տեղեկություններով հաղորդման կրկնության չհեռարձակման համար Հայկ Բաբուխանյանը բավական ջանք է թափել, ու նրա խնդրանք-աղաչանքներին «Կենտրոնի» տնօրենը տեղի է տվել: Որպես ուշադիր ռադիոունկնդիր, «Ավանգարդի» աշխատակազմը փաստում է, որ Ռադիոլուրի հիրավի բարի համբավը մեծապես պայմանավորված է նրա ղեկավար Արթուր Սահակյանի մարդկային նկարագրով և բարձր պրոֆեսիոնալիզմով: Իսկ արդյունավետություն ակնկալող ղեկավարը պարզապես չի կարող իրեն թույլ տալ` հրաժարվել նման մասնագետից...

Արամ Կարապետյան.