Իրական վիճակի ու վիճակագրության պարադոքսը


Վիճակագրության առաքելությունը պետական տեղեկատվական բազայի ապահովումն է: Որքան լայն են ամբողջ տնտեսությունը համատարած հաշվառման ենթարկելու հնարավորությունները, վիճակագրա կան տվյալներն այնքան մոտ են իրական վիճակի արտացոլմանը: Վիճակագրությունը կարող է «մեղավոր լինել» կամ դրական դեր խաղալ երկրի տնտեսական քաղաքականության մշակման մեջ: Ոլորտ առ ոլորտ ինտեգրվում ենք միջազգային հանրությանը, և հիմա միջազգայնացման հերթը հասել է վիճակագրությանը: Միջազգային հանրությունը փորձ է անում միասնականացնել երկրների մեթոդաբանությունները: Դրված է նաև զարգացման խնդիր, քանզի շատ բնագավառներ կան, որտեղ մենք դեռևս նույն լեզվով չենք խոսում: Եվ որպեսզի հայրենի վիճակագրությունը միջազգայինի հետ միասնական լինի, կյանքի է կոչվել «ՀՀ 2007-2009 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը սահմանում է այս ժամանակահատվածում պետական վիճակագրական գործունեության ուղղություններն ըստ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և բնապահպանական բնագավառ ների: Կարելի է, անշուշտ, կատարելագործել մեթոդաբանությունը, ընդլայնել ընդգրկումները, բազմաթիվ այլ բարեփոխումներ կատարել, սակայն այդ ամենը առ ոչինչ է, եթե այդ վիճակագրություն կոչվածը մեր վիճակի ստույգ գրությունը չէ, եթե չի կազմված բոլոր գործոնների հաշվառմամբ, եթե անկեղծ ու թափանցիկ չէ: Հասարակությունը հավատո՞ւմ է պետական պաշտոնական վիճակագրությանը: Այս մասին պաշտոնական վիճակագրությունը լռում է, թեև նման վիճակագրության տվյալները չափազանց «ճոխ» պիտի լինեին: Ազգային վիճակագրական տվյալներին հավատ ընծայելու համար պարտադիր չէ նույնիսկ իմանալ, որ այն «զերծ չէ» նկարչական «արվեստից», որ որոշ չափով ու մասով աշխատում է ըստ պետպատվերի: Դրա համար սեփական դիտողականությունն էլ բավական է: Մեր տնտեսության երկնիշ աճը որտե՞ղ տեսանք: Այդ երկնիշ թվի խաբկանքը տեսանք: Պատահակա՞ն է, արդյոք, որ պաշտոնական և այլընտրանքային վիճակագրական տվյալները հիմնականում ընդգծված հակասության մեջ են, և այս կամ այն իրավիճակի վերլուծության ժամանակ ավելի շատ հակվածություն կա առաջնորդվել այլընտրանքային վիճակագրությամբ. պաշտոնական վիճակագրությունը գրեթե միշտ կասկածի տեղիք է տալիս: ՀՀ վիճակագրության պետկոմի նախագահ Ստեփան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ կասկածելը նորմալ երևույթ է համարում և յուրաքանչյուրի իրավունքը: Թեև չի էլ պնդում, թե պաշտոնական վիճակագրական տվյալներն ամբողջությամբ հավատարժան են: Ստ. Մնացականյանի կարծիքով, պետական և այլընտրանքային վիճակագրության տարբերությունը մեթոդաբանության մեջ է: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է ծանոթանալ մեթոդաբանությանը, ընտրանքին, եթե այդպիսին կա, այն կարողություններին, որ ներկայացնում է տվյալ կազմակերպությունը և այն շահերին, որով առաջնորդվում է: Պաշտոնական վիճակագրությունը այլընտրանքայինի հետ աղերսներ չունի այն պարզ պատճառով, որ ինչ բնագավառում էլ միջազգային հանրությունը երկրների համար կարևոր է համարում վիճակագրական ցուցանիշների վարումը, դրանց մեծ մասով մեր պաշտոնական վիճակագրությունը գործունեություն է իրականացնում: Եվ, իհարկե, միջազգային հանրությանը ներկայացվում են պաշտոնական և ոչ թե այլընտրանքային վիճակագրության տվյալները: Այսինքն, ոչ միայն մեզ ենք խաբում, մեր հանրությանը, այլև միջազգային հանրությանը: Մինչդեռ կարևորը հանրությանը չխաբելն է կամ խաբելու փորձեր չանելը: Կարևորը մեր վիճակի գրության ճշմարիտ լինելն է: Սա է վիճակ(ա)գրության ողջ փիլիսոփայությունը: Աշնանը ոչ միայն ճտերը, այլև բարեկամներին են հաշվում «Միջազգային համագործակցության առումով աշնան ամիսները շատ ակտիվ են»,- ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի և տեղեկատվության վարչության պետ Դավիթ Գրիգորյանը` մատնանշելով հին ու նոր բարեկամական կապերը: