Յուլյան նոր հեղափոխություն է նախաձեռնում


Նովոռոսիայի Ազգային ճակատի առաջնորդ Ալ. Զինչենկոն հավաստիացնում է, որ «Բատկիվշչինա»-ն ծրագրում է առաջիկա ամիսներին «նոր Մայդան» կազմակերպել: Զինչենկոն տեղեկացրել է, որ կուսակցությունը բանակցում է Կիևի միլիցիայի և երկրի Անվտանգության ծառայության հետ, որպեսզի «ուժային բլոկ» ձևավորի` անարգել մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացնելու համար:

- Կաշառելով ուժայիններին, «նոր Մայդանը» կարող է միանգամից մի քանի տարածք ընդգրկել և օգնել Տիմոշենկոյին` նվաճելու միլիոնավոր կողմնակիցների, ովքեր հի- ասթափվել են ընթացիկ հեղափոխության ձախողումից,- կարծում է «Հակամայդանի» ղեկավարը:

Այսինքն, Ուկրաինայի համար այս ծանր փորձության պահին աղետյալ ժողովրդի համար նոր փորձություն է նախապատրաստվում: Նպատակը` որ Յուլյա Տիմոշենկոն իշխանություն ձեռք գցի:

Այդպիսի մտավախություն ունեն նաև փորձագետները: Նրանք լավ գիտեն, որ «Բատկիվշչինա» կոչված կուսակցությունից զանգվածաբար հեռացել է քաղաքական ակտիվը` բացառությամբ Տիմոշենկոյի:

- Յուլյա Վլադիմիրովնան միշտ հանդես է եկել պատերազմի օգտին... Արմատական լոզունգները Տիմոշենկոյին օգնում են` շահել զինված ընտրողների համակրանքը,- ասել է քաղաքագետ Ստանիսլավ Իշչենկոն ու մանրամասնել.

- Կոլոմոյսկին իրական զինված ուժեր ունի և վերահսկողություն` որոշ տարածքներում: Տիմոշենկոն կարող է նրան դաշնակցելու տարբերակ առաջարկել: Նրանք հաջողությամբ դեմ դուրս կգան Պորոշենկոյին, բայց հետո կսկսվեն փոխադարձ պահանջները: Այդտեղ օլիգարխն առանց դժվարության կվերցնի առաջնությունը:

«Նարնջագույն լեդին» արդեն մեկ անգամ վայելել է իշխանության համը ու հիմա փորձում է վերադարձնել իր համար այն երջանիկ օրերը: Բայց մարդիկ էլ տեսան, լսեցին, իմացան նրա թույլ տված ապօրինությունները, որոնք իշխանության չարաշահում են կոչվում:

Այսուհանդերձ, անելանելի վիճակում հայտնված պատերազմի կրակներից ու սոցիալական կարիքից ելք որոնողներին դժվար չէ ապակողմնորոշելը: Սա լավ գիտե Տիմոշենկոն: Այնպես որ` Ուկրաինան հազիվ թե խաղաղվի` եթե նույնիսկ այդտեղից հեռանա վերջին ռուս զինվորը: Երկիրը պառակտելու մարմաջը միայն դրսից չէ: Իսկ ներքին պառակտումը վտանգավոր է ցանկացած արտաքին թշնամուց: