Թումանյանի հեքիաթները` աշխարհի 95 երկրներում


Երեկ երեկոյան Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում թուրքմենական «Հսկան» (Կ. Տանգրիկալիև) ներկայացմամբ եզրափակվեցին «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի 9-րդ խաղացանկի ցուցադրությունները: Ավարտական հանդիսության տոնականությունը պահպանելուն համընթաց մասնակիցներն արժևորեցին մանկական այս թատերատոնի տարեգրության նորավարտ և անցած 8 փուլերը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կայացնելով փառատոնի հիմնարկեքը Մեծ լոռեցու ծննդավայր Դսեղում` Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը (ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան, նախագահ` Արմեն Սաֆարյան) Լոռու մարզպետարանի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործուն օժանդակությամբ ընդլայնեց իր «հեքիաթային նախաձեռնության» աշխարհագրությունը: Նաև` խաղացանկային բովանդակությունը: Մեկնարկային ժամանակաշրջանում պարտադիր պայման էր Թումանյանի որևէ հեքիաթով փառատոնին ներկայանալը: Արմեն Սաֆարյանի հավաստմամբ` փառատոնի շնորհիվ Թումանյանի հեքիաթներն արդեն լայն ճանաչում են գտել և սիրված են աշխարհի 95 երկրներում: Շուտով, սակայն, հասունացավ բազմերանգության անհրաժեշտությունը: Ցուցադրության համար ընտրվեցին նաև աշխարհի բոլոր մանուկների կողմից մշտապես սիրելի հեքիաթասացների սքանչելի գործերի արդիաշունչ ներկայացումներ:

Սեպտեմբերի 6-10-ը ՀՀ Լոռու մարզի հարյուրավոր մանուկներ հնարավորություն ունեցան դիտելու մոտ 20 տարաոճ ներկայացումներ` բեմադրված Հայաստանի և Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենիայից, Արցախից հրավիրված տիկնիկային թատերախմբերի կողմից: Ուշագրավ է, որ բացման` «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ներկայացումը Ն. Բազմաբերդի տիկնիկային թատերախումբը խաղարկեց Վանաձորի «Տարոն» մանկատանը:

«Հեքիաթասացության ջահը» փոխանցելով Թումանյանի անունը պատվով կրող երևանյան տիկնիկավարներին` 9-րդ փառատոնը հաստատվեց Վանաձորի «Լոռի» մշակույթի և ժամանցի կենտրոնում, որտեղ կազմակերպվեցին ծրագրային տարաբնույթ միջոցառումներ: Ա. Սաֆարյանի, Ա. Հակոբյանի, Ժան-Լուկ Պենսոյի (Չինաստան), Ի. Չեռնիկովայի (ՌԴ), Մարիոն Միրանբասի (Իտալիա) վարպետության դասընթացները ընդմիջվում էին «Հայի բախտը»« «Տերն ու ծառան», «Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն» թումանյանական և աշխարհի ժողովուրդների հնագույն ու նորաստեղծ հեքիաթների ներկայացումներով:

Փառատոնային թատերաբեմը Վանաձորից տեղափոխվեց Օձուն, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ և այլուր: Ի նշանավորումն ծննդյան 90-ամյակի, Վանաձորի «Նարեկացի» Երիտասարդաց միության «Զանգակ» թատերախմբի «Բարեկենդանը» ներկայացվեց ականավոր թատերագործիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդավայր Գյառգյառ գյուղում: Երեկոյան ակումբների, պատմամշակութային էքսկուրսիաների անկաշկանդ փոխշփումներով առավել ցայտուն դրսևորվեց հյուրընկալ բնաշխարհի մտերմացնող ներուժը: Առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած տիկնիկային արվեստի գործիչներից ոմանք դեռ չհեռացած կարոտում էին Հայաստանը, պատմության բացօթյա անզուգական թանգարան Լոռին: