Երաժշտական աշնան առաջին ակորդները


Հիմա արդեն, կարծես, սկսում է հստակվել թանձրացած հայաստանյան հակամշակութային մշուշը: Տարեցտարի անհամեմատ բարեհաճ են բացվում հյուրախաղային բեմերի վարագույրները, և մեր վաստակաշատ արվեստագետները ավելի վստահ են հնչեցնում Հայաստանի անունը միջազգային ամենատարբեր երաժշտական փառատոներում:

Մշակութային այս նվաճումն, անշուշտ, իրականանալի դարձրին բարձր արվեստի ջատագով հայաստանյան հատուկենտ մեծանուն երաժիշտներ և եռանդուն երաժշտագետ կազմակերպիչներ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական առաջնորդությունը դարասկզբից պատվով ստանձնած ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանն ու Մեծ Բրիտանիայում երաժշտական կենսագրությունը փայլուն կերպով հարստացնող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանն այդ եզակի արվեստագետներից են: Ապավինելով առավելապես իրենց միջազգային կապերին, նրանք միակամ հիմնեցին դասական գոհարներ հանրահռչակող Երևանյան երաժշտական միջազգային փառատոնը: Այն ժամանակ չէին էլ կարող երևակայել, որ ի զորու կլինեն ապահովել դրա ամենամյա պարբերականությունը:

Վաղը` սեպտեմբերի 12-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կհնչեն ութերորդի առաջին ակորդները: Այս երաժշտատոնի մեկնարկին ամեն աշնանամուտին անհամբերությամբ սպասող արվեստասերները ՀՊՖՆ նվագակցությամբ կվայելեն Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա» երաժշտակտավի բնօրինակի, Ռախմանինովի թիվ 2 կոնցերտի և Ռիմսկի Կորսակովի «Շահրեզադեի» անանցողիկ կենդանի հմայքը` Կիրիլ Գերշտեյնի (ԱՄՆ/ՌԴ) աշխարհահռչակ դաշնամուրային մենանվագով: Այդուհետ` մինչև հոկտեմբերի 24-ը, ծրագրված նվագախմբային և կամերային երաժշտության տասնյակ երեկոներն իրենց կատարողական վարպետությամբ կիմաստավորեն դաշնակահար Էշլի Վոսն ու ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), ֆլեյտահար Մասիմո Մերչելին (Իտալիա), կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա), դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), ալտահար Դիմուտ Պոպենը (Գերմանիա) և հանրաճանաչ հյուրեկ ու հայաստանցի բազում ուրիշ երաժիշտ կատարողներ: Հատկանշական է, որ դիրիժորական վահանակի մոտ բացի Էդուարդ Թոփչյանից կհայտնվի հերթական այլազգի դիրիժորը` իտալացի Պիետրո Ռիցոն, ով խմբավարական համագործակցության մի նոր բացառիկ հնարավորություն ևս կընձեռի ՀՊՖՆ երաժիշտներին:

Հուսանք, ՀՊՖՆ նոր համերգաշրջանի արտասովոր մեկնարկը Իտալիայի «Էմիլիա Ռոմանիա» փառատոնի շրջանակներում իր նույնքան արտասովոր փայլը կհաղորդի Երևանյանի նվագախմբային համերգներին: