ՄԻՐԱՇ
(Աշոտ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ)
ԵՍ ԲԱԽՏԱՎՈՐ ԵՄ
Ես քեզ սիրում եմ սիրով խելագար,
Դե ինչ, սիրո մեջ բոլորն են ազատ:
Իմ մեջ մեռել են զգացմունքները այլ,
Ինձ հիմա միայն սերն է հարազատ:
Չեմ ուզում կրկնել բառեր հնացած,
«Ես քեզ սիրում եմ, դու իմ հրեշտակ»:
Բայց դու հասկացիր, եթե սիրում եմ,
Ուրեմն միակն ես այս երկնքի տակ:
Այսօր դժվար է նայել անցյալիս,
Թվում է, թե քեզ ողջ կյանքս եմ սիրել:
Ու չեմ հասկանում, ասա սիրելիս,
Այսքան ժամանակ դու ու՞ր ես եղել:
Բայց եթե մի օր էլ ինձ չսիրես,
Դու ինձ մի ասա, ես անկարող եմ:
Գնա´, հեռացի´ր, բայց միշտ իմացիր,
Քեզ ունեցել եմ` արդ բախտավոր եմ:
ՆԵՐԻՐ
Ներիր, սիրելիս, որ դառնացել եմ,
Սիրտս` սևացրել, աչքս թացել եմ,
Ուղղակի կյանքը ինձ փուշ է թվում,
Առանց քեզ հոգիս ցավում է, նվվում:
Ներիր, սիրելիս, որ վերացել եմ,
Ցնորքներիս մեջ քեզ տիրացել եմ,
Ուղղակի քեզնով ճախրում եմ, փթթում,
Առանց քեզ ծաղկից լոկ թույն է թորվում:
Ու ներիր, որ քեզ հավատացել եմ,
Սրտիս դռները դեմդ բացել եմ,
Ուղղակի իմ մեջ դու իմն ես թվում,
Առանց քեզ կյանքիս օդը չի բավում:
Ուրեմն ներիր, որ դառնացել եմ,
Սիրտս` սևացրել, աչքս թացել եմ,
Իմ արցունքներով վարդերն են սնվում,
Իմ մորմոքներից երգեր են ծնվում:
ԵՍ ԿԱՂՈԹԵՄ
Չարն է փռել թևերը
Խարխափներում այս խավար,
Ամեն մարդ իր հոգսերում
Լույս է փնտրում ու հնար:
Դարը բերել է բազում
Խնդիրներ բարդ ու դժվար,
Հոգիս նվվում է ցավից`
Սիրելիներիս համար:
Ախ, իմ անուշ ու բարի
Հարազատներ անհամար,
Ամեն ինչ լավ կլինի`
ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Չարի գործիք իշխաններ
Միշտ եղել են դարեդար,
Աստված աներ` մեր գլխին
Մի իմաստուն արքա գար:
Ու տառապում է հոգիս,
Ո´չ դեղ ունեմ, ո´չ էլ ճար,
Հանճարեղ է սատանան,
Տեր իմ, Նեռին եդիս տար…
Ու թե իմ այս խոսքերից
Դուք համարեք ինձ հիմար,
Անգամ իմ թեժ թշնամիք,
ԵՍ ԿԱՂՈԹԵՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ…