Բռնության է ենթարկվում ամեն 10-րդը


Աշխարհում ավելի քան 120 հազար անչափահաս աղջիկներ ենթարկվում են բռնաբարության կամ սեռական այլ ոտնձգությունների. նշվել է ՄԱԿ-ի զեկույցում: Իսկ նույն ՄԱԿ-ի ՅուՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի տվյալներով` միայն 2012 թ. Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում սպանվել են 95 հազար երեխաներ ու դեռահասներ:

Ամբողջ աշխարհում երեխաները մշտապես ենթարկվում են բռնությունների. այդ թվում և` հոգեբանական: Այս փաստերը ներկայացնող զեկույցը հիմնված է 190 երկրներից քաղված փաստերի վրա:

- Բռնության հիմնախնդիրը վերաբերում է բոլոր տեսակի երեխաներին` անկախ տարիքից, աշխարհագրությունից, կրոնից, ազգային պատկանելությունից,- հայտարարել է ՅուՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյկը:- Բռնությունները կատարվում են այն վայրերում, ուր երեխաները պետք է ապահով լինեին` տանը, դպրոցում, բնակավայրում:

Փաստերը վկայում են, որ ավելի հաճախ սեռական բռնություններն իրականացվում են համացանցի միջոցով: Տղաների նկատմամբ նույնպես կատարվում են այդ բռնությունները, բայց մի քանի անգամ պակաս, քան աղջիկների:

Ամուսինների կամ զուգընկերների հետ ապրող 15-19 տարեկան կանանցից ու աղջիկներից յուրաքանչյուր երրորդը զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում: Այս երևույթը շատ տարածված է հատկապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Զիմբաբվեում, Տանզանիայում, Ուգանդայում: