Ո´չ` բջջային կապին


Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրենց երկրում գործող արտասահմանյան դիվանագիտական առաքելություններին, այլ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցչություններին արգելել են առանց թույլտվության օգտվել ոչ լարային կապից: Ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արգելանքի տակ է նաև Wi-Fi արբանյակային կապը: Այս պահանջը չկատարողներին սպառնում է խոշոր տուգանք, նման համակարգերում աշխատանքից ազատում կամ սարքավորումների բռնագրավում:

Մեր ժամանակների համար արտառոց այս պահանջը Ռադիոալիքների վերահսկողության ազգային վարչությունը մեկնաբանել է որպես թե «երկրի անվտանգության ապահովման շրջանակներում» իրականացվող քայլ:

Առանց հատուկ թույլտվության շարժական կապից չօգտվելու պահանջը վերաբերում է նաև լրագրողներին:

Տարօրինակը միայն նման արգելանքը չէ, այլ այն իրողությունը, որ դրա հեղինակը հատկապես Հյուսիսային Կորեան է, ուր ակտիվ զարգանում են շարժական կապի սպասարկման կենտրոնները: Ստացվում է, որ արտասահմանից հյուսիսկորեական բջջային հեռախոսներին զանգահարել կամ այնտեղից զանգ ստանալ այլև հնարավոր չէ: