Հրաժարվում են սպասարկել ռուսներին


Լեհական Սոպոտ քաղաքի ռեստորաններից մեկի դռան վրա հենց այդպիսի գրություն է փակցվել` «Ռուսներին չենք սպասարկում»: Այդ սննդօբյեկտի` «Պեսոչնիցա»-ի տերը` Յան Խերմանովիչն իր այդ որոշումը կայացրել է «Ուկրաինայի ճգնաժամի պատճառով» (հաղորդել է «Ռոսիա 24»-ը):

Նախկին Խորհրդային Միության քաղաքացի է եղել Խերմանովիչը և երկու տարի անցկացրել է բանտում` հակասովետական գործունեություն ծավալելու համար: Այսինքն` նրա հակառուսական տրամադրվածությունը նոր չի ծագել:

Ինչպես եթերում պատմել է Լեհաստանում «Vesti fΗ»-ի հատուկ թղթակիցը` Բալթյան ծովածոցի ափին մեծաքանակ ռուսներ, հատկապես կալինինգրադցիներ են հանգստանում: Նրանք այցելում են Գդանսկ, Սոպոտ և այլ քաղաքներ: Եվ նրանց այցելությունները ծանրակշիռ կերպով օժանդակում են այդ վայրերի բյուջեին: Որոշ քաղաքներում նույնիսկ ռուսերեն լեզվով ցուցանակներ և ճաշացանկեր են հայտնվել:

Լեհերն էլ իրենց հերթին են հաճախ Կալինինգրադ մեկնում, սակայն ռեստորաններ չեն գնում:

«Պեսոչնիցայի» այս վարմունքը Ռուսաստանում բացառություն են համարում:

Ի դեպ, Խերմանովիչը ուկրաինական զարգացումների համար մեղադրում է նաև Լեհաստանի ռուսական համայնքին.

- Իմ կարծիքով ռուսական համայնքը նույնպես պատասխանատու է նրա համար, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Ռուսներն իրենց պասիվ են պահում, լռում են, չեն բողոքում. երբեմն էլ ընդհակառակը` սատարում են Պուտինի գործողությունները,- ասել է ուկրաինասեր կամ հակառուս ռեստորանատերը:

Ինչ վերաբերում է նրա օբյեկտի ռուս այցելուներին, գրությունը տեսնելով` նրանք հեռանում են: Ոմանք էլ մոտենում են տիրոջն ու բացատրում, որ իրենց դուր չի գալիս Պուտինի քաղաքականությունը: