ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


(Սկիզբը նախորդ համարում) Նիզակը հանդիսացել է նաև պատերազմի խորհրդանիշ. հռոմեացիների, ինչպես նաև հայերի մոտ պատերազմ հայտարարելիս թշնամու սահմանագծին էին նետում նիզակներ` ի նշան պատերազմի: Վերջապես, նիզակի մի շատ կարևոր, խորհրդանշական դերակատարության մասին պատմությունից մեզ է հասել հետևյալ հիշատակությունը£ 62 թ. գարնանը, Հռանդեայի դաշտում (Մեծ Հայքի Ծոփք նահանգ), Հռոմի Պետոս զորավարի հայ-պարթևական ուժերի կողմից պարտված լեգեոնները, ի նշան նվաստացման, անցկացվում են հայազգի Վասակ զորավարի հրամանով նիզակներից պատրաստված լծի տակով: Արշակունիների ժամանակ` Արշակ Բ-ի օրոք, բանակում իրենց ծանրակշիռ տեղն ունեին նիզակավորները, որոնք կռվի էին գնում թե° հետիոտն և թե° հեծյալ: Նիզակավորները պաշտպանված էին զրահներով, որոնց համար պաշտպանության ամենակարևոր միջոցը վահանն էր: Պատմիչների նկարագրությունից երևում է, որ նիզակավորները գտնվել են կռվողների առաջին շարքում: Նիզակների և տեգերի ծայրերը, ինչպես նաև նետերի սլաքները հաճախ թունավորում էին, որով վերքը դառնում էր մահացու: Նիզակը, որպես մարտական զենք, իր դերն ու ձևը պահպանել է նաև Բագրատունիների օրոք և հետագա ժամանակներում ևս: Դաշույն.- Հայկական զորքի կարևորագույն և շատ գործածական զենքերից էր դաշույնը, որի մարտական նշանակությունն էր մոտիկից հարվածել և խողխողել թշնամուն: Հայաստանում գտնված դաշույնները մեծ մասամբ երկսայր են: Զենքի այս տեսակը կրում էր գլխավորապես հետևակ զորքը: Դաշույնի գործածությունը շատ հին է. պեղումներից հայտնաբերված առարկաների մեջ մեծ տեղ են զբաղեցնում դաշույնները, որոնք պատրաստված են թե° բրոնզից և թե° երկաթից` տարբեր ձևի ու չափի: Դաշույնները սովորաբար ունենում են պատյաններ: Հին դաշույնների վրա չկան կողքից կախելու հարմարություններ, ըստ երևույթին դաշույնը խրել են գոտու մեջ: Սուր, թուր, սվին.- Զենքերի խոցելու և հատելու այս երեք տեսակներն էլ օգտագործվել են հին Հայաստանում և միջին դարերում: Սրով կարելի է խոցել` գործածելով միայն սուր ծայրը, կարելի է նաև երկու սայրերն էլ օգտագործել հատելու և հարվածելու համար: Երկրորդ տեսակը թուրն է, որի միայն ծայրը և սայրերից մեկը կարելի է գործածել, որովհետև մյուս կողմը սովորաբար բութ է լինում և թրին տալիս է անհրաժեշտ ծանրություն ու ամրություն£ Թուրը սովորաբար որոշ չափով կեռ է լինում` սուր բերանով հատելու թափն ավելի ուժեղացնելու նպատակով: Հաջորդը սուսերն է, որը թեև թրի նման բռնատեղ և պատյան ունի, սակայն ծառայել է միայն խոցելու համար: Փավստոս Բուզանդը Շապուհ 2-րդի դեմ հայկական բանակի մղած մարտերի կապակցությամբ խոսելիս հիշատակում է սուսերավորների գնդերի մասին: Վասակը, կատարելով Արշակ Բ-ի հրամանը, խոսում է զորքի զրահավորման և զինման մասին, որտեղ նիզակավորների և աղեղնավորների կողքին հիշատակվում են նաև «սուսերաւորք, անվրէպք, կորովիք»: Թագավորների և իշխանների զենքերը, սրերը կամ սուսերները զարդարված էին լինում ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով, որոնցից զուրկ էին հասարակ զինվորների մարտական զենքերը: Մարտի վերջնական հաղթանակը գրեթե միշտ որոշվում էր սրամարտով: Այն հեռավոր ժամանակներից, երբ բանակները, այդ թվում և հայոց բանակը` արքայական ու նախարարական գնդերն ամբողջությամբ կամ գերազանցապես զինված էին սառը զենքով, անցել են բազում դարեր: 21-րդ դարի աշխարհի բանակներում սառը զենքի ներկայությունը և կիրառումը հասել է հնարավոր նվազագույնի: Այժմ արդեն, սկզբունքորեն նոր զինատեսակների առկայության և երևան գալու պայմաններում, նույնիսկ հրազենն է ծերացել...Բայց դրանով հանդերձ հարգանքը, մեծ հարգանքը սրի ու վահանի, նետուաղեղի և նիզակի հանդեպ մնացել է: Այդ են վկայում աշխարհի տարբեր երկրների բանակների զորատեսակների զինտարբերանշանների (էմբլեմներ) վրա սառը զենքի տարբեր տեսակների առկայությունը: Դրա ապացույցն է նաև զորահանդեսների ժամանակ հրամանատարական կազմի մոտ` պատվո սրերի առկայությունը: Սառը զենքերն իրենց պատվավոր տեղն ունեն նաև շատ քաղաքների զինանշանների վրա£ Ինչ վերաբերում է մեր նորօրյա Հայոց բանակին և հայ զինվորին, ապա այս դեպքում ավանդական հարգանքն ու սերը սառը զենքի հանդեպ, անշուշտ առկա են: Ընդ որում այդ սերն արտահայտվում է ընդհանրապես զենքի ու հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ ունեցած վերաբերմունքում, և դրա լավագույն վկայությունն այն է, որ Արցախյան Ազատամարտի բոցերում ծնված մեր նորաստեղծ բանակը ՀԱՂԹԱԿԱՆ է: Իսկ հաղթական է նաև այն բանի շնորհիվ, որ Հայկ Նահապետի եռաթև նետի թռիչքից մինչ օրս, հայ արքայի, հայ նախարարի, հայ սեպուհի, հայ հեծյալի ու հետևակայինի, հայ ֆիդայու և դարձյալ հայ զինվորի ու հրամանատարի մոտ զենքի հանդեպ ունեցած սերը դույզն ինչ չի նվազել: Ու չի նվազելու...Եվ Արաքսից մինչև Մռավ ու մինչև Օմար ձգվող արցախյան ռազմաճակատը, որ գծված է հայ քաջերի սրով` մնալու է անսասան, ի հեճուկս պարտված, նենգ ու եղկելի թշնամու: Մնալու է անսասան այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս իր համար ճակատագրական ու արկածախնդրական որևէ նոր քայլի չի դիմել...

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ