ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԵՐԻ


 

Ժամանակներ առաջ արևմտյան վերլուծաբաններից մեկը գրել էր, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Ֆրանսիան հայերի համար նվիրական դարձած Ցեղասպանության թեման դարձնի մանրադրամ իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման ճանապարհին: Ֆրանսիական որևէ վերլուծաբան այդ ժամանակ չարձագանքեց, իսկ մենք երախտագիտության խոսքեր էինք հղում Ֆրանսիայի և Նիկոլա Սարկոզիի հասցեին` մեզ համար նորից բեմադրված տեսնելով Քրիստոսի հայտնությունը ժողովրդին…

Ինչպես Երևանում, այնպես էլ Փարիզում նախկին նախագահը հայտարարեց, թե ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի օրինագիծն ընդունվի: Բայց ստորին պալատում ընդունվելուց հետո` Սարկոզին միտումնաբար ժամանակ ձգեց և սպասեց, մինչև Սահմանադրական խորհուրդը կմերժեր այն: Սարկոզին հեռացավ քաղաքականությունից` կատարելով իր «սև գործը», իսկ Ֆրանսիայի նոր նախագահն էլ բացահայտորեն ապացուցեց, որ հայերի թիկունքում գործել է հերթական խարդավանքը, որ 600 հազար հայ բնակիչ ունեցող Ֆրանսիան հայերին դարձրել է իր անամոթության թիրախը: Այսինքն, այլևս երբեք նման օրինագիծ գոյություն չի ունենալու Ֆրանսիայում, այս երկիրը երբեք չի քրեականացնելու Ցեղասպանության ժխտումը: Էյֆորիայի օրերին հայ դիվանագիտությունը ցնծություն ապրեց, ստորին պալատի որոշումը համարեց մեծագույն հաղթանակ, մինչդեռ` երբ սկիզբ առան անամոթ խաղերը, մեր դիվանագիտությունը խոր ընդհատակ անցավ և չուզեց Ֆրանսիային գոնե հիշեցնել իր խոստումների մասին:

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նրա ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիութսը հայտարարել է, որ «օրինագիծը դժվար թե վերականգնվի»: Ի պատասխան ֆրանսիական այս «ջենթլմենության»` Թուրքիան չեղյալ է հայտարարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ և ողջունել նոր հարաբերությունների սկիզբը… Այսինքն` «ֆինիտե լա կոմեդի». ներկայացումն ավարտվեց, հայերի ցնծությունը համարենք մոռացված և Թուրքիայի հետ անցնենք նոր ճանապարհով…

Ամիսներ առաջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵՄ անդամ Ֆրանսիային պետք էր Այսրկովկասում որոշ հարցեր լուծել, Թուրքիային որոշակի պահանջներ ներկայացնել կամ էլ վախեցնել օրինագծի ընդունմամբ: Այսինքն, ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա: Թե ինչ շահեր այդ շրջանում շրջանառության մեջ դրվեցին` չգիտենք, բայց համոզված ենք, որ Ֆրանսիան ինչ-որ մեծ խաղից հաղթող դուրս եկավ, իսկ Սարկոզին էլ դրան գումարեց ընտրարշավը` հույս ունենալով հայերից ստանալ շատ ձայներ: Անշուշտ` երբ Սարկոզին միտումնաբար ձգեց օրինագիծը հաստատելու ժամկետներն ու հետո ոչինչ չարեց` ֆրանսահայերը նրան ձայներ չտվեցին, ինչից օգտվեց նոր նախագահը:

Օլանդն էլ նույն այդ հայերին հասկացրեց, որ ժամանակակից աշխարհում այլևս պետք չէ ապրել պատրանքներով, որ կան շահեր, որոնք վեր են բարոյականությունից ու արդարությունից:

Այսօր կարող ենք ասել, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ ջերմացնելով իր հարաբերությունները, անպայմանորեն ձգտելու է հասնել Սիրիայում իր ներկայության հաստատմանը: Բայց Սիրիայից զատ այլ խնդիրներ ևս կան: Արևմուտքի համար ձեռնտու է Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային խաղաղությունը: Մենք լավ գիտենք, որ Ղարաբաղի խնդիրը կարող էր լուծված համարվել առնվազն տասը տարի առաջ. աշխարհը կարող էր ճանաչած լինել ԼՂՀ անկախությունը` միաժամանակ զսպած լինելով Ադրբեջանին: Սակայն այս տարածաշրջանում Արևմուտքն իր շահերն ունի, ուստի պետք է, որ այստեղ լինի լարված իրավիճակ: Նաև անհրաժեշտ է, որպեսզի մշտապես հոլովվի Ցեղասպանության ճանաչման հարցը, որպեսզի Արևմուտքը կամենա ցանկացած պահի ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա և հասնել իր շահերի պաշտպանությանը: Հիմա վստահորեն կարող ենք ասել, որ Ֆրանսիան այդ մեծ ու անամոթ խաղի գլխավոր դերակատարներից մեկն է:

Հետևաբար Հայաստանի դիվանագիտությունը պիտի լրջորեն մտածի և սկսի նոր մարտավարությունից` այլևս չհավատալով հուզական դրսևորումներին և կեղծ խոստումներին: Իբրև դիվանագիտական նոր կոնցեպցիայի արտահայտություն` Հայաստանը կարող է ուղղակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ` չապավինելով երրորդ ուժի: Անգամ` եթե այդ ուժը Ռուսաստանն է: Աշխարհաքաղաքական անամոթ խաղերը վնաս են հասցնում ազգային անվտանգությանը, պետության անվտանգությանը: Հայաստանը կարող է առաջիկայում հայտնվել տնտեսական խորը մեկուսացման մեջ, ինչի նախադրյալներն արդեն ակնհայտ են: Արևմուտքն իբրև թե մտահոգված է Հայաստանով, սակայն իրականում ամեն ինչ արվում է, որպեսզի տարածաշրջանում տնտեսական կայունություն ձեռք բերի Ադրբեջանը` արբանյակ ունենալով Վրաստանին: Իսկ ահա Հայաստանը չի հետաքրքրում Արևմուտքին…

***

Օրերս էլ լուրեր շրջանառվեցին, թե նախագահ Ֆրանսուա Օլանդը զանգահարել է Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին և հավաստիացրել, որ անպայման նոր օրինագիծ լինելու է, որ այդ խնդիրը դուրս չի եկել օրակարգից: Սակայն այն հանգամանքը, որ նախագահը զանգահարել է և հեռախոսով հայտնել այս մասին, արդեն անվստահություն է ներշնչում:

Այս առնչությամբ դիպուկ և հիմնավոր է Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանի կարծիքը.

- Ֆրանսուա Օլանդը հիմա այն կարգավիճակում չէ, որ անձամբ զանգի ինչ-որ մեկին հեռախոսով` լինի դա Փափազյանը, թե այլ մեկը, և տա այս կամ այն հավաստիացումը, սա առաջինը: Երկրորդ` եթե նախագահը պետք է նման խոստում տա, ապա նա դա կտա հայերին, ոչ թե Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահին: Եվ, վերջապես, նման հավաստիացումներ պետք է տրվեն պաշտոնապես,  ոչ թե չապացուցվող հեռախոսազանգի միջոցով…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ