«Հարսնաքարը»` ուշադրության կիզակետում


 

Հարսնաքարյան ողբերգությունը դեռ երկար ժամանակ կմնա հասարակության ուշադրության կիզակետում. Հայոց բանակի սպան, ՀՀ քաղաքացին գազանաբար հոշոտվել է սեփական երկրում: Շարունակվող հասարակական բողոքի ալիքն ու ցասումն օրինաչափ են, իսկ հանցագործներին օրենքի ողջ խստությամբ պատժված տեսնելու նախանձախնդրությունը` գնահատելի:

Ոստիկանությունն ի սկզբանե վստահեցրել է, որ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող այս գործի քննությունը հնարավորինս թափանցիկ է լինելու: Ի կատարումն այս խոստման, երեկ Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության բաժնի պետ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ միջադեպի մասին մանրամասներ և նախաքննության վերաբերյալ որոշակի տվյալներ ներկայացրեց լրագրողներին:

Հիշեցնենք, որ հանցագործությանն անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ի սկզբանե ձերբակալվել են ռեստորանային համալիրի 7 աշխատակիցներ, ովքեր հարցաքննվել և ճանաչման են ներկայացվել տուժողներին: Արդյունքում սակայն պարզվել է, որ ծեծի ենթարկած անձինք 6-ն են, իսկ համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանն ազատվել է պատասխանատվությունից: Մնացյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից 2 կամ ավելի անձանց առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար: Այս հանցատեսակի համար նախատեսվում է միայն մեկ պատժատեսակ` ազատազրկում` 5-10 տարով: Բոլոր մեղադրյալները գտնվում են կալանքի տակ:

Բազմիցս շրջանառված ու արդեն քննարկված մի շարք վարկածների շուրջ լրագրողները ևս մեկ անգամ փորձեցին լսել նախաքննական մարմնի մեկնաբանությունները: Մասնավորաբար` արդյո՞ք մեղադրվողների մեջ չեն Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահները, ծեծկռտուքի պահին Ռ. Հայրապետյանը եղե՞լ է դեպքի վայրում: Պատասխանները հստակ են.

- Բոլոր մեղադրյալները հանդիսանում են ռեստորանային համալիրի աշխատակիցներ և քրեական գործով պարզվել է նաև, որ անվտանգության աշխատակիցներից ոմանք որոշ առիթների դեպքում երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին: Ըստ քրեական գործի տվյալների` Ռուբեն Հայրապետյանն այդ օրը եղել է Սևանում, ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Երևան, այցելել «Հարսնաքար» ռեստորանային համալիր, մոտ 30 րոպե մնացել այնտեղ, ապա գնացել հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիա:

Շրջանառվող լուրերի համաձայն` ծեծողները եղել են ոչ թե 6-ը, այլ 15-ը:

-Այդ վարկածի ստուգման նպատակով ևս կատարվում են քննչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցությունը:

Արսեն Այվազյանը վերստին վստահեցրեց, որ նախաքննական մարմինը կատարել, կատարում և կատարելու է անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` պարզելու քրեական գործի բոլոր հանգամանքները, ապահովելու քրեական գործի լրիվ օբյեկտիվ և համակողմանի քննությունը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ