Համեղ պատառ` միանգամից 7 ընտրող


Պապուա-Նոր Գվինեայում ընտրությունները հետաձգվել են մեկ շաբաթով, որովհետև ընտրողները վախեցել են ընտրական տեղամասեր գնալ: Չէ, թեկնածուները չէ, որ ահաբեկել են նրանց. ոչ էլ ընդդիմություն-իշխանություն սրված հարաբերություններում չկողմնորոշվելն է պատճառը: Պարզապես տեղի մարդակերները հենց ընտրության առավոտ լուսո սպանել ու կերել են 7 մարդու, և ոչ մեկը չի ցանկացել 8-րդը դառնալ:

Մարդակերները` 29 հոգի, որոնցից մեկը 13 տարեկան է, արդեն ձերբակալված են: Ու ինչպես արդարացել են բոլորը` սպանության պատճառը կախարդությունն է (գրել է News.BCM.ru-ն): Սպանության մեջ կասկածվում են 12-ը, բայց բոլոր կալանվածներն էլ մարդակերներ են: Հետաքրքիր է` մարդակերության համար ի՞նչ պատիժ է նախատեսում օրենքը. համենայն դեպս` հատուկ ընդգծվում է, որ սպանել, նոր են կերել: Սրանց սնունդ դարձածները (5 տղամարդ և 2 կին), ըստ շրջող լուրերի` զբաղվել են սև մոգությամբ և հիվանդ մարդկանցից փողեր են շորթել:

- Նրանք սկսել են միավորվել, փողոց դուրս գալ և ազատվել կախարդներից,- ոստիկանի խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովի Ռեգիոն» գործակալությունը:- Ինչպես են նրանց ճանաչե՞լ: Նրանց սեփական խոսքերով` կախարդներին նրանց ցույց են տվել ոգիները: Սակայն շուտով նրանք ավելի առաջ են անցել ու սկսել են ուտել իրենց զոհերի մարմինների մասերը:

Ենթադրվում է, որ ձերբակալվածներն հետևորդներն են այսպես կոչված «ինքնաթիռապաշ» կարգո-պաշտամունքի, որոնք աստվածացնում են ավիաբեռնափոխադրումները:

Փաստորեն` սպանությունն առնչություն չունի երկրում անցկացվող ընտրությունների հետ: Բոգիայում և դրա հարևան Մադանգ գավառի մարզերում հետաձգված ընտրությունները կկայանան այս կիրակի: Իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ընտրողները կհաղթահարեն սարսափն ու կկարողանան մասնակցել քվեարկությանը: