ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ


 

Հայտնի է, որ սոցիալական փաթեթների տրամադրման գործում քիչ չեն եղել խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Մասնավորաբար, մի շարք պետական հիմնարկություններում խախտվել են աշխատակիցների իրավունքները, ոմանք կամայականորեն զրկվել են փաթեթից օգտվելու իրավունքից` իբրև թե աշխատավարձ են ստանում արտաբյուջետային միջոցներից, ինչն էլ հիմք է տալիս աշխատակցին զրկել փաթեթից: Այլ դեպքեր ևս կան: Եվ ահա առաջինը Կրթության և գիտության նախարարությունն է հանդես եկել հայտարարությամբ.

- Ի կատարումն հուլիսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականի` դիմում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին` Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտների և չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները:

Ուրախալի է, որ նախարարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս` ակնկալելով աջակցություն: Զարմանալի է սակայն, որ վարչապետի հանձնարարականը չի մտահոգել մյուս գերատեսչություններին, նախարարություններին, որոնցում նույնպես բազմաթիվ դժգոհություններ են ծնվել:

Փորձը ցույց է տվել, որ լրատվամիջոցների տրամադրած շատ տեղեկություններ երբեմն հենց «շահագրգիռ» կառույցների կողմից համարվում են ոչ հավատընծա և մոռացության տրվում, մինչդեռ ստուգումները կարող են բացահայտել բազմաթիվ փաստեր, որոնք այլևս ապացուցման կարիք չեն ունենա: Մի խնդիր էլ. ինչո՞ւ ուսումնասիրության նյութ չեն դառնում նաև բարձրագույն դպրոցում արձանագրված խախտումները, որոնք նույնպես փոքր թիվ չեն կազմում: Այստեղ էլ շրջանառության մեջ դնելով համատեղության կամ էլ միայն մեկամյա պայմանագրային սկզբունքը, շատ դասախոսների զրկել են սոցիալական փաթեթներից, մինչդեռ դասախոսների գերակշռող մեծամասնության հետ բուհերը հենց մեկամյա պայմանագրեր են կնքում` այդպես էլ չբացատրելով նման աշխատաոճի պատճառները…

Լ.Մ.