ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ՀԱՃԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ


 

Երգիչ Արթուր ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ վաղուց էինք պայմանավորվել հանդիպել: Հանդիպումն ուշ կայացավ, բայց այն հաճելի էր` ինչպես ցանկացած հանդիպում երգչի կատարումների հետ:

Ունենալով մեծ հաջողություն ունկնդիրների շրջանում, համարվելով ժանրի լավագույն ներկայացուցիչներից մեկը` դու մեկնեցիր Միացյալ Նահանգներ: Արդյո՞ք ցանկանում էիր հեռանալ Հայաստանից և մշտական բնակություն հաստատել այնտեղ, ուր արդեն ապրում էին մեր երգի ու արվեստի շատ ներկայացուցիչներ:

- Ես երևանցի եմ, սա իմ քաղաքն է, որը ես շատ սիրում եմ: Իսկ դա նշանակում է, որ երբեք և ոչ մի պայմանով ես չէի հեռանա այստեղից: Ժամանակներն էին այդպիսին, ամեն ինչ խառնվել էր իրար, ստեղծագործելու և համերգային գործունեություն ծավալելու հնարավորություններ չկային: Հայաստանում ոչ այնքան նյութական ծանր վիճակն էր ինձ մտահոգում, որքան ստեղծագործելու հնարավորությունների բացակայությունը: Հենց դա էլ տարավ ինձ Նահանգներ: Այդ ժամանակ թերթերից մեկը գրեց, թե իմ մեկնումը օրինաչափ քայլ էր: Մի քանի տարի ապրեցի Նահանգներում, ունեցա բազմաթիվ համերգներ, եթե կարելի է այսպես ասել` կատարելագործվեցի: Ես այնտեղ նաև հասկացա, որ հարկավոր է ունենալ սեփական ոճը, կատարման սեփական սկզբունքները:

- Այո´, միանգամայն ճիշտ ես, որովհետև լավագույն նմանակումն անգամ չի կարող լինել կատարյալ: Դա մեկ ուրիշինն է, քոնը չէ: Քո վերադարձից հետո շատերս, որ սիրում ու գնահատում էինք քեզ, նկատեցինք, որ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել քո երգչական ոճի մեջ:

- Վերադարձից հետո հրատարակեցի իմ առաջին` «Երեք մոմ» ալբոմը: Այստեղ ներառվեցին երիտասարդ հայ երգահանների երգերը: Ալբոմը հայտնվեց տարբեր հիթ շքերթների առաջին հորիզոնականներում: Դա ինձ ուրախացնում էր, որովհետև տեսնում էի, որ իմ ընտրած ոճն արդեն ընդունելության է արժանանում, որ նաև գնահատվում է երիտասարդ երգահանների ստեղծագործությունը: Թող մեծամիտ չհնչի, բայց ես յուրովի բացահայտեցի նրանց: Հատկապես երիտասարդների ստեղծագործություններում ես նկատեցի զարմանալի նորարարություն, մղում դեպի գեղարվեստական-մեղեդային նոր ձևերը: Մեզանում միշտ այն թյուր պատկերացումն էր հաստատվել, թե երիտասարդ երգահանների մեջ չկան շնորհալի անուններ, մինչդեռ ես ինձ և ունկնդրի համար բացահայտեցի իսկապես հետաքրքիր երաժշտություն: 

Շատերն անդրադարձ կատարելով դասական ստեղծագործություններին, հատկապես երգերին` մղվում են դեպի այսպես կոչված նոր մեկնաբանությունները, փոխում են գործիքավորման սկզբունքները, իրենց պատկերացումներով` մոդեռնացնում են երգը: Իսկ քո այդ ալբոմներում պահպանվել էին երգերի ամբողջական կառույցները, դու նրանց մեջ չէիր ավելացրել պարային ռիթմեր, «ռեմիքսներ» և այլն: Չէի՞ր մտածում, որ կարող են քեզ մեղադրել հնաոճության մեջ:

- Պահպանելով մեղեդու առանձնահատկությունը, հավատարիմ մնալով երգահանին` ես իմ ընկերների հետ ոչ թե մեղեդին փոխեցի, այլ մատուցման ոճը, դրանց մեջ ընդգծվեցին ժամանակակից երանգները:  Ինքս կողմնակից չեմ ինքնաբավ նորարարությանը, որի հետևից վազում են շատերը: Ես դիմեցի կատարման ջազային սկզբունքներին` այսպես նաև պեղելով-բացահայտելով այդ երգերի ներքնաշերտերում ամբարված հարստությունները: Հիշյալ երգերը մեծ հնարավորություն են ընձեռում դիմելու ինչպես ջազային մեկնաբանությունների, այնպես էլ փոփ: Այդ շարքի առաջին` JΖzzAVANS ալբոմը (անվան երկրորդ հատվածը կազմված է ձայնագրությանը մասնակցած երաժիշտների անունների առաջին տառերից` Արթուր Իսպիրյան, Վահագն Հայրապետյան, Արման Ջալալյան, Նիկողայոս Վարդանյան, Սաշա Աղամյան) կատարված էր ջազային ոճով: Դրանք նույնպես հաջողություն ունեցան: Սա նաև քննություն էր ինձ համար, իմ համախոհների համար: 

Դու քո երկրորդ և երրորդ ալբոմները ստեղծեցիր ջազի երկու վետերանների` Մարտին Վարդազարյանի և Երվանդ Երզնկյանի հետ: Ես մինչև հիմա էլ հաճույքով եմ լսում քո այդ ալբոմները, հիանում, որ ալբոմներում մեկտեղվել են մեր երգի երեկվա ու այսօրվա ներկայացուցիչները:  

- Այո´, այդ ալբոմները`«Ասում են, թե» և «Ռադիո Երևան», ստեղծելիս ինձ նվագակցել էին  Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը: Մեծ հաճույք էր նրանց հետ աշխատելը, նրանց հետ ձայնագրություններ կատարելը: Մենք շատ բան ունենք նրանցից սովորելու և այսօր հենց նրանց ձևավորած ավանդույթների ու դպրոցի ճանապարհով պիտի ընթանանք` անպայմանորեն հարստացնելով, նորացնելով դրանք: Չի կարելի կուրորեն հետևել ավանդույթներին, պատճենել դրանք: Ժամանակի գործոնը երբեք չպետք է մոռացության տալ, քանի որ ժամանակը բերում է իր մտածողությունը, իր ռիթմերը, ոճական իր հաստատումները: Հիմա մենք բազմաթիվ անգամներ համոզվում ենք, որ աղավաղվում է հայ երգը, աղավաղված են ներկայացվում բազմաթիվ դասական դարձած ստեղծագործություններ, մինչդեռ մեր անվանի վարպետներն իրենց ներկայությամբ կարծես հուշում են մեզ վերադառնալ ավանդույթին: 

Գիտեմ, որ քեզ էլ է մտահոգում մեր էստրադայի ներկան, այն ամենը, ինչ կատարվում է «թեթև ժանրի» ասպարեզում: Գիտեմ նաև, որ տարբեր առիթներով քո մտահոգություններն ես հայտնում: Իսկ հնարավոր չէ՞ փոխել ստեղծված կացությունը, գնալ դեպի բարեփոխումները:  

- Շատ կուզենայի հավատալ, որ հնարավոր կլինի փոխել իրադրությունը: Բայց, ավաղ, քամին առայժմ հակառակ ուղղությամբ է փչում... Կարծում եմ` մենք շոու բիզնեսի մասին խոսելիս շեշտը բիզնես բառի վրա ենք դնում, ինչը տաղանդավոր շատ երաժիշտների շեղում է ճիշտ ճանապարհից... Մենք բազմաթիվ հրաշալի երաժիշտներ, բանաստեղծներ և երգիչներ ունենք: Սակայն, ցավոք, նրանք այսօր գործից հեռու են, խոր ընդհատակում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանց ստեղծագործությունը դառնա բոլորի սեփականությունը, պետք է գնալ նոր ճանապարհներով` մտահոգվելով երգի համար: Ցավոք, մեզանում ձևավորված մի շարք որակներ փոխանցվում են նաև Սփյուռք, աղավաղում Սփյուռքում հնչող երգը նույնպես: Հույս ունեմ, որ առաջիկայում առավել նոր մոտեցումներ կորդեգրվեն, մենք համապարփակ ձևով կներկայացնենք մեր երգը` ժամանակների հոլովույթներում առանձնացնելով նորարարական ճշմարիտ միտումները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ