«Մինչև Շուշին չազատագրենք, ես չեմ գա...»
ասել էր Արարատ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Վերջերս հրատարակված Վիոլետա Մնացականյանի «Քսան տարի անց» գիրքը նվիրված է հերոս ազատամարտիկ Արարատ Էլբակյանի մարտական սխրալի ուղուն: Գրքում հուզական, հերոսական տարերքով է ներկայացվում նրա թեև կարճ, բայց և հարուստ կենսապատումի էջերը, որոնք ընթերցողին յուրահատուկ ոգևորում ու հպարտանք են ներշնչում:
Արարատը (Արոն) արմատներով պատմական Ջավախքից էր, «Սպարտակ» մարզական ակումբի և օլիմպիական ռեզերվի հանրապետական մասնագիտացված մարզադպրոցում ուսանած բռնցքամարտիկ: Օրենբուրգի Կարմիր բանակում ծառայելուց հետո սովորել էր Բլագովեշչենսկի պոլիտեխնիկական ինստիտուտում: Երբ լսել էր Արցախի ազգային-ազատագրական շարժման մասին` որպես ֆիդայի զինվորագրվել էր «Մալաթիա երկրապահ» ջոկատում, որի հրամանատար Վահան Զատիկյանից ուսանելի դասեր էր առել:
Արարատի հայրենասիրական մղումները դեռևս Անդրանիկ Զորավարի զինվոր պապիկն է արթնացրել, իսկ հետո` պատմական, հայրենասիրական այն գրքերը, որոնք դպրոցական տարիքից նվիրումը, ոգեղեն ուժն էին ավելացնում... Նա Արցախյան պատերազմի անմիջական մասնակից էր, մարտնչող զինվոր ու նաև բարերար: Հիշատակելի է իր ծննդավայրի` Սուլդա գյուղի բնակչությանը 1992 թ. մեծ քանակությամբ ալյուրով օժանդակելու փաստը:
Պատերազմ գնալուց առաջ գրված նրա նամակից մի պատառիկ ուղղված մորը` տիկին Լարիսային. «Մամ ջան, քեզ համար եմ գնում, քրոջս համար եմ գնում հայրենի հողը պաշտպանելու... Եթե ես այսօր չգնամ, վաղը թուրքի ձեռքը ձեզ կհասնի, իմ ծանոթ ու անծանոթ աղջիկներին, իմ հարազատին կհասնի: Ես չեմ կարող դա թույլ տալ: Մեկնում եմ և վերջ... Կվերադառնամ, երբ տեսնեմ Շուշին ու Արցախը ազատագրված. մինչև Շուշին չազատագրենք` ես չեմ գա տուն»:
Արարատի և նրա ընկերոջ` Մարտիկի քաջագործությունները Ղարադաղլուի մարտադաշտում նկատելով, ազգային հերոս Մոնթեն հիացած բացականչել է.
- Բոլորդ, ասանկ, ասանկ գործեք, էս ձեր երկուսին հալալ է, հալա˜լ...:
Արարատն իր մարտական առաջադրանքները գերազանց կատարելով` զարմացրել է նույնիսկ իր փորձառու մարտական ընկերներին:
Նոյեմբերյանի, Երասխավանի, Իջևանի, Սյունիքի, Մեղրիի, Կապանի, Խոջալուի պաշտպանական մարտերում նա միշտ անձնուրացորեն է գործել. հոգում աղմկել է հայոց ոգեղեն խոսքը` «Վճռական լինել թշնամու հանդեպ և չթողնել, որ օտարը մեր հողը տրորի..»:
Մեր Հայրենիքը կանգուն է Արարատի նման հերոս զավակների անմեղ արյամբ, Ավարայրից մինչև այսօր նահատակվածների հզոր ոգու, բազկի զարկով...
Քսանյոթամյա Արարատի լուսավոր ուղին 1992 թ. փետրվարյան մի ցրտաշունչ օր (Խոջալուի մարտերում) ցավոք, ընդհատվեց թշնամու գնդակից: Նրա անունը հավերժացավ Եռաբլուրում: ՀՀ նախագահի հրամանով ետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, ինչպես նաև ՀՀ երկրապահ կամավորների միության վարչության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, ՀՀ ՊՆ կրծքանշանով, շնորհակալագրերով: Նրա անունով դպրոցներն ու հուշակոթողները վաղվա սերունդների համար հայրենասիրության դասեր են, և հավերժող սրբություններ: