Դարձյալ Ռուսաստանի մահակը


 

Հոկտեմբերին գազի գնի հավանական բարձրացման մասին տարածված լուրը դժվար է անակնկալ համարել: Որևէ նշանակություն չունի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և միակ երկիրը Հարավային Կովկասում, որը կարող է սպասարկել Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում: Երևի ժամանակն է սթափվել և հայ-ռուսական անխախտ եղբայրության մասին սին պատրանքներով չտարվել: Բոլորովին պատահական չէ, որ հայ հասարակության ոչ նեղ շրջանակներում աստիճանաբար ամրանում է Ռուսաստանին այլևս անվերապահորեն չվստահելու գիտակցությունը: Մենք վերջապես սկսում ենք հասկանալ, որ ռուս ժողովուրդն իր մշակույթով ու իրական ազգային շահերով էապես տարբերվում է Ռուսաստանի Դաշնություն կոչվող պետությունից:

Ռուսական գազի թանկացումը կավելացնի առանց այդ էլ օրեցօր սրացող սոցիալական լարվածությունը Հայաստանում: Սակայն դա չի հետաքրքրում մեր ռազմավարական գործընկերոջը: Գազը վաղուց Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիքն է, հատկապես հետխորհրդային երկրներին իր քաղաքական ուղեծրում պահելու միջոցը: Վրաստանին հաջողվեց ինչ-որ չափով դուրս պրծնել Ռուսաստանի գազային մամլիչի ճնշումներից, որովհետև նա կարողացավ խուսափել ամբողջությամբ ռուսական գազից օգտվելուց: Եթե հիշում ենք` Ուկրաինան Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունեցավ հենց գազին առնչվող խնդիրներում:

Հատկանշական է նաև, որ հոկտեմբերից ռուսական գազի թանկացման մասին բարձրաձայնվեց Հայաստան Եվրախորհրդարանի նախագահի այցից գրեթե անմիջապես հետո: Հենց այն ժամանակ, երբ արդեն աշնանը պետք է ստորագրվի ԵՄ հետ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիրը: Այդպիսով Հայաստանը վերջնականապես կհաստատի իր` եվրոպական ուղղությունն արտաքին քաղաքականության մեջ: Բնական է` Ռուսաստանը չէր կարող անվրդով լռությամբ կուլ տալ Հայաստանի այս «հանդգնությունը» և որպես այդ ամենի արձագանք, գործի դրեց իր գազային մահակը:

Դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հերթական անգամ համոզել ՌԴ իր գործընկերոջը` գոնե Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ չթանկացնել գազի գինը: Համենայն դեպս, վիճակն այսքան սրված չէր լինի, եթե Հայաստանին ժամանակին հաջողվեր հարևան Իրանից ավելի տարողունակ գազատար անցկացնել, ապահովել մեր երկրով իրանական գազի տարանցումը դեպի Վրաստան ու Եվրոպա` նաև ամրապնդելով սեփական էներգետիկ անվտանգությունը:

Ա.Դ.