ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍՈՎ


 

Օրերս Գյումրիում շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան մի խումբ գյումրեցիներ, գրեթե անստորագիր, նամակ հրապարակեցին, որում իրենց դժգոհությունն ու բողոքն էին հայտնել երկրի նախագահին` քննադատելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեությունը և հույս հայտնելով, որ քաղաքն առաջիկայում կազատվի նրա «տիրապետությունից»:

Ի պատասխան այս նամակի, հայտնվեց մեկ այլ նամակ ևս, որում արդեն ստորագրություններ կային, քաղաքապետին սատարող կազմակերպություններ, անուններ կային: Իհարկե, ինչպես պարզվեց, նամակի տակ հայտնված ստորագրություններից շատերի տերերը բնավ էլ տեղյակ չէին, որ իրենք սատարում են Վարդան Ղուկասյանին: Ոմանք հերքեցին, հայտարարեցին, որ տեղյակ չեն նամակի մասին, բայց ահա Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը ասել էր.

- Այո, տեղյակ եմ, ստորագրել եմ: Էդ նամակը հակակշիռ է մի անորոշ, մասամբ գրած նամակի` ուղղված ընդդեմ քաղաքապետի: Ես կյանքի փորձ ունենալով` ավելի շատ մտահոգված եմ, թե հետո ով կգա: Էլ բեթարը կգա, իսկ էդ էլ բեթարը հաստատ ավելի լավը չի լինի: Իսկ էս քաղաքապետն էլի գործ է անում, բայց էգուց կգա մեկը, որ ընդհանրապես վատը կլինի:

Այստեղ ուշագրավն այն է, որ Արթուր Բաղդասարյանի զինակիցը կարծես թե պաշտպանում է Վարդան Ղուկասյանին, բայց, ըստ էության, յուրովի միանում է հնչած քննադատություններին, քանի որ գործող քաղաքապետին «բեթար» է անվանում` չուզենալով տեսնել «է´լ բեթարին»: