ԱՌԱՆՑ ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ՄԵԾԵՐԻ


 

Մի քանի օր առաջ բացվեց տարվա գլխավոր կինո միջոցառումը` երևանյան «Ոսկե ծիրանը», որն օրավուր ձգտում է դառնալ միջազգային...

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ պատվո գորգի վրայով անցան պաշտոնատար անձինք: «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հավաքվածները սպասում էին, որ գորգի վրայով կանցնեն նաև ազգային կինոյի մեծերը` Սոս Սարգսյանը, Արման և Երվանդ Մանարյանները, Վարդուհի Վարդերեսյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ազատ Գասպարյանը, Ռուդոլֆ Վաթինյանը... Սակայն սպասումները զուր էին, որովհետև նրանք, ինչպես նաև ազգային կինեմատոգրաֆում ծառայություններ և վաստակ ունեցող այլ գործիչներ այդպես էլ չերևացին ո´չ գորգի վրա, ոչ էլ դահլիճում: Կինոփառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչները, ինչպես պարզվեց, նրանց չէին հրավիրել, անգամ չէին հիշել: Ստացվում է, որ հայկական կինոն սկսվում է Հարություն Խաչատրյանով: Մյուսներն ածանցյալ են և ոչ կարևոր: Ստացվում է նաև, որ մենք մեծարել ու հարգել գիտենք ուրիշների մեծերին, սակայն մեր մեծերի հանդեպ տարրական հարգանք դրսևորել չգիտենք: