ՈՎ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԽՈՍՆԱԿԸ


 

ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամուլի նոր խոսնակ ունի` Արթուր Միսակյանը, ով մինչ այս աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես փորձագետ:

Այս երիտասարդը լրատվության հետ որևէ առնչություն չունի, և ակնբախ է, որ տնտեսագետն ու կառավարման մասնագետը չի կարողանալու աշխատել խոսնակի պաշտոնում, քանի որ մասնագիտական լուրջ գիտելիքներ և փորձառություն է պահանջվում: Իսկ այս երիտասարդի «մասնագիտական հմտություններին» քաջածանոթ ենք. նա Համլետ Խուբլարյանից հետո աշխատեց «Օրինաց երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր. Արթուր Բաղդասարյանը մշտապես դժգոհ էր նրանից, որ որոշակի ավանդույթներ ձևավորած շաբաթաթերթը վերածվել էր կոլխոզ-սովխոզային պատի թերթի: Այդ երիտասարդից ազատվելու համար Բաղդասարյանը ստիպված էր դադարեցնել թերթի հրատարակումը: Բայց, ինչպես կռահում ենք, Արթուր Բաղդասարյանի համար կադրերի ընտրության առաջնային պայմանը սոցիալական ծագումն է, նվիրվածությունն անձամբ իրեն: Այս դեպքում, ոչ միայն նրան, որովհետև Արթուր Միսակյանը օգտվում է Հեղինե Բիշարյանի «լայնարձակ հովանավորությունից». հենց Բիշարյանի ջանքերով էր նա աշխատանքի անցել ԱԺ-ում` որպես ՕԵԿ փորձագետ և գրում էր Բիշարյանի երեք րոպեանոց ելույթները:

Գիտենալով, որ Արթուր Բաղդասարյանը չի հավանում այս Միսակյանին, այնուամենայնիվ ուզեցինք ճշտել ևս մի քանի մանրամասներ: Նրա անվանը հանդիպեցինք ՕԵԿ մեծամասնական ցուցակում, կուսակցությունը սատարում էր նրա թեկնածությունը: Բայց նաև տեղեկացանք, որ դեռևս ապրիլի 7-ին, քարոզարշավից մեկ օր առաջ, այս երիտասարդն արդեն քարոզարշավ էր սկսել և կոչ էր անում ձայն տալ իրեն: Թե ինչպես է արդեն իսկ օրենք խախտած մարդը օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու մեր լրատվամիջոցներին` չգիտենք: Բայց այդ հանրահավաքում լսելով Արթուր Միսակյանին, հասկացանք, որ լուրջ խնդիրներ ունի հոդաբաշխ մտքեր արտահայտելու հետ: Ուրեմն, զինվենք համբերությամբ և սպասենք ևս մեկ պաշտոնյա ՕԵԿ-ականի մտքի գոհարներին:

Վերջակետ դնելուց առաջ` մի լրացում էլ անենք. ՕԵԿ-ում ոմանք մեզ ասացին, որ Արթուր Միսակյանը ԱԽՔ-ի մամուլի նախորդ խոսնակի համեմատությամբ առաջընթաց է, քանի որ Իշխան Խաչատրյանի քրոջ տղան` Հարություն անունով, մինչև մամուլի խոսնակի պաշտոնին անցնելը` Արմենիա-Մարիոթ հյուրանոցում դռնապան էր աշխատում: