Ո՞ՒՐ Է ԳՆԱԼՈՒ 12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ


 

Ամեն տարի Հայաստանում հարկային վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր են արվում, փոխվում են օրենքներ, սակայն այդպես էլ այդ ոլորտը մնում է ամենաանկատարը: Հիմա էլ Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային բանկը նոր համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի` ՀԲ-ն ՀՀ կառավարությանն է տրամադրելու 12 միլիոն ԱՄՆ դոլար` հարկային վարչարարության բարելավման համար:

Այն տպավորությունն է, թե մեզ մոտ միտումնաբար հարկային վարչարարությունը չեն բարելավում, որպեսզի անընդհատ վարկեր ստանան: Այս տպավորությունը հիմնավորվում է նրանով, որ այդ ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների համար ծախսված գումարների մասին մինչև այսօր ոչ մի հաշվետվություն չի հրապարակվել, չեն հրապարակվել նաև այն ծրագրերը, որոնք, իբրև թե, կյանքի են կոչվել... Ուրեմն, այդ գումարները բնավ էլ նպատակին չեն ծառայում: Դրանցից օգտվում են մի խումբ մարդիկ, մինչդեռ վարկերը վճարելու ենք մենք և մեր երեխաները: Ավելի լավ չէ՞ ԱԺ-ում ընդունել այնպիսի օրենքներ, որոնք այլևս առիթ չտան նոր վարկերի մուրացկանության: