Քառակուսի ձմերուկ


 

Ճապոնացի հողագործները նոր սեզոնը նշանավորել են արտասովոր այդ բոստանային մշակույթով: Ընդ որում, ձմերուկի ավանդական կլորությունը քառակուսի դարձնելը 4 անգամ ավելի թանկացրել է նորարարության հեղինակների ծախսերը:

Սիկոկու կղզու ֆերմերների պարծանքը դարձած այս անօրինակ ձմերուկի համի մասին դեռևս կարծիք հայտնող չի եղել. բոլորը հիացած ու տարված են դրա տեսքով: Իսկ այդպիսի արտաքին ձևավորելու համար դեռևս չհասունացած պտուղները տեղավորել են մետաղյա քառակուսի կաղապարների մեջ և սպասել` մինչև հասունացող ձմերուկները կընդունեն կաղապարի ձևը:

Դրանք ողջ երկրում հատերով են հաշվվում` հազիվ 200-300 հատ: Աճեցնելն էլ հեշտ չի եղել: Բայց ձևափոխությունն ինքնանպատակ չէ. այդ տեսքով ավելի հեշտ է ձմերուկները տեղավորել տարաներում և ապահով տեղափոխել: Ի դեպ` չափերն էլ պատահաբար չեն ընտրվել` սառնարանների դարակների բարձրությամբ:

Ձմերուկային ֆերմաներից մեկի տերը` Տոսիյուկի Յամասիտան խոստովանել է, որ անհրաժեշտ ձևն ու չափը ստանալու ընթացքում պտուղների մեծ մասը լիովին չեն հասունանում: Եվ որոշվել է, որ խորանարդաձև ձմերուկներն առաջին հերթին դեկորատիվ են:

Փաստորեն` ինչպես գեղանկարչության մեջ, գյուղատնտեսական կուբիզմը ևս Ճապոնիայում գնահատելի է: Մեծ քաղաքների խոշոր խանութներում այս ձմերուկները վաճառվում են 120-130 դոլարով` սովորականներից 4 անգամ թանկ: Որպես ցուցափեղկերի զարդարանք` դրանք կարող են պահպանվել մոտ 1 տարի: Այսինքն` մինչև նոր բերքը կհասունանա: