ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՆԱԽԿԻՆՆԵՐ


Երբ ՀՀ առաջին Նախագահը մեծ քաղաքականությունից հեռանալիս «սպառնաց», թե կվերադառնա միայն ազգովի խնդրելու դեպքում, շատերը չէին էլ կարող պատկերացնել, որ շուրջ մեկ տասնամյակ հետո անգամ վերջինիս հանդեպ հասարակության վերաբերմունքը առանձնապես չի փոխվելու: Պատճառների մանրամասնումն էլ թերևս ավելորդ է, բայց Նախագահի առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման համար լուրջ նախադրյալներ դեռևս չեն նշմարվում: Սա ընդհանրապես, բայց, ինչպես հայտնի է, հայաստանյան ներքաղաքական կյանքը շատ հաճախ չի տեղավորվում տրամաբանական օրինաչափությունների շրջանակներում: Այսպես, մինչ ընդդիմությունը անհուսալիորեն դարձյալ միասնական թեկնածուի հարց է քննարկում, հայտնի շրջանակները ինտենսիվորեն առաջ են մղում առաջին Նախագահի թեկնածության առաջադրման խնդիրը: Ու չնայած երբեմնի իշխող կուսակցության ներկայացուցիչների համառ հավաստիացումներին, ինքը` Լ. Տեր-Պետրոսյանը, Նախագահի ընտրութ յուններին մասնակցելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել: Մեծ է հավանականությունը, որ իրատեսությամբ մշտապես աչքի ընկած առաջին Նախագահը առաջիկա ընտրություններին այդպես էլ չմասնակցի: Ի վերջո, քարոզարշավի ելնելով և վերջնարդյունքում չորրորդ, հինգերորդ տեղն զբաղեցնելով` Տեր-Պետրոսյանը կքողազերծի իր և իր կուսակցության ունեցած քաղաքական ռեսուրսի անհավանական թվացող սահմանափակությունը` երկու դեպքում էլ ընդմիշտ փակելով քաղաքական ապագայի վերաբերյալ տակավին անհայտ սպիտակ էջերը: Կարճ ասած` ներկա իրավիճակը նման է թատրոնի, որտեղ գլխավոր հերոսը բացակայում է` այդ կերպ ձևացնելով, թե ոչինչ էլ չի նկատում: Եթե պնդենք, որ առաջին Նախագահի չհայտարարված քարոզարշավը փոխհամաձայնեցված է, հազիվ թե սխալվենք: Մյուս կողմից էլ դժվար է հավատալ, որ ազգովի խնդրելու կողմնակից գործչի համաձայնությամբ է sms-ային հաղորդագրությունների մակարդակի իջեցվել նրա վարկանիշի ճշգրտման խնդիրը: Տվյալներն, ի դեպ, իսկի էլ հավատընծա չեն, ինչն էլ իր հերթին է խորը թերահավատություն տարածում այս կամ այն կերպ Տեր-Պետրոսյանի հաջողության հեռանկարի վրա: Այլ հարց է, եթե արդեն սկսված քարոզչության փորձերը միտված են Տեր-Պետրոսյանի խաթարված հեղինակությունը սերունդների ու պատմության համար վերականգնելուն: Նման մոտեցումն արդեն լիովին հասկանալի ու ընդունելի կլինի: Նախանձելի չէ նաև նրա մերձավոր շրջապատի վիճակը: Այն մարդկանց, որոնց տարբեր, ինչո՞ւ չէ` նաև սկզբունքներին հավատարիմ մնալու պատճառով, չի հաջողվել իշխանությունից զրկվելուց հետո որևէ կերպ արևի տակ տեղ գտնել: Բացի այդ, եղածը վերականգնելու խնդիրը կա, ինչի ձգտումը ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ: Իսկ նախկինների վերադարձի մասին խոսակցություններին վերապահումներով անգամ հնարավոր չէ մոտենալ: Այնպես որ, նախկինները մնում են նախկիններ: Անկախ այն բանից, թե sms-ային քվեարկությունը նրանց օգտին քանի տոկոս «պոտենցիալ» քվե է գրանցում: