ՀԵՔԻԱԹ «ՊԱՏՐԱՍՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՄԱՍԻՆ


Եվրոպական մի շարք կառույցների` Եվրոպայի Խորհրդի Արտաքին գործերի նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախմբի (Ագոյի հանձնախումբ) նախագահ Պեր Սյոգրենը, նույն կառույցի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի նախագահներ Ռենե վան դեր Լինդենն ու Գորան Լենմարկերը, որոնցից առաջին երկուսը օրերս ժամանել էին Երևան, անցյալ շաբաթ հանդես եկան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի` արցախյան հակամարտության մասին մեր ընթերցողներին թերթի նախորդ համարից քաջածանոթ և մեզանում իրավացիորեն տարակուսանքներ հարուցած տեսակետներից նկատելիորեն տարբեր հայտարարություններով: Հիշեցնեմ, որ խոսքը Կոսովո-Լեռնային Ղարաբաղ զուգահեռների մասին էր, ինչի առթիվ Թերի Դևիսը նշել էր. «Եթե հայկական կողմը փորձի շահարկել Կոսովոյի նախադեպը` հիասթափություն կապրի»: Պեր Սյոգրենը, նրբանկատորեն սահմանազատվելով Թերի Դևիսից և պնդելով, թե ինքը «ծանոթ չէ վերջինիս հայտարարությանը», ավելացրեց, որ «սառեցված հակամարտությունների բոլոր գոտիներում միջազգային կազմակերպությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները»: Միջանկյալ նկատենք, որ սա առնվազն տարօրինակ և անհասկանալի կեցվածք է հենց այդ միջազգային կազմակերպությունների ու նրանց ղեկավարների համար, ովքեր ամենուրեք ժողովրդավարությունը բարձրագույն արժեք են համարում: Մի՞թե սեփական պետության նախագահի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները, ինչին այս օրերին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ժողովրդավարության դրսևորում չեն, անկախ այն բանից` պետությունը ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե կոնկրետ ԼՂՀ պարագայում նախագահական ընտրություններ անցկացնելը միջազգային կազմակերպություններն իրենց համար ընդունելի չեն համարում, հապա ի՞նչ են գերադասում: Առայժմ չճանաչված այդ պետությունը, նրա տարածքում ապրող ժողովուրդը որևէ կերպ պիտի կառավարվի՞, թե՞ չպիտի կառավարվի: Ո՞րն է գերադասելի միջազգային կառույցների համար` գործ ունենալ ժողովրդի կողմից ընտրված, միանգամայն ժողովրդավարական հիմունքներով կազմակերպված, թեկուզև առայժմ չճանաչված պետության ու նրա ղեկավարի՞, թե՞ անկառավարելի հանրության և տեղական մակարդակի բազմաթիվ մեծ ու փոքր իշխանիկների հետ: Միանգամայն հասկանալի է` Ադրբեջանը երազում է, որ Արցախում քաոս տիրի և հաստատվի տարիներ շարունակ Բաքվի կողմից տարփողվող այն անհեթեթությունը, թե իբր «Լեռնային Ղարաբաղը… անվերահսկելի տարածք է»: Բայց ինչու՞ են Լեռնային Ղարաբաղի համար նույն քաոսը երազում նաև…միջազգային կազմակերպություններն ու նրանց ղեկավարները` արդեն առնվազն անհասկանալի է: Վերադառնալով նշյալ գործիչների անցյալ շաբաթվա իրարամերժ հայտարարություններին, նկատենք, որ Ռենե վան դեր Լինդենը հանդես բերեց տարածաշրջանային իրողութ յունների ավելի խորը իմացություն և դրանց գնահատման ավելի անաչառ կեցվածք, քան Թերի Դևիսը: Վերջինիս հայտարարության առթիվ Ռենե վան դեր Լինդենը Երևանում ասաց. «Եվրոպայի խորհուրդը…հակամարտության մաս չի կազմում, այլ անաչառ կողմ է, և արվող հայտարարությունները… պետք է նպաստեն առկա լարվածության թուլացմանը, ոչ թե ուժեղացմանը»: Դրանով իսկ Ռենե վան դեր Լինդենը բավական թափանցիկ ակնարկով քար նետեց Թերի Դևիսի բոստանը` հասկանալ տալով, որ նրա վերջին հայտարարությունը նպաստել է լարվածության ոչ թե թուլացմանը, այլ ուժեղացմանը: Միանգամայն այլ, առավելաբար լավատեսական մի «մեղեդի» էլ հնչեցրեց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը` այդ կառույցի` Կիևում կայացած 16-րդ տարեկան նստաշրջանում: Շեշտելով, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն աներևակայելի է` որպես ղարաբաղյան հակամարտության լուծման այլընտրանք», մի ավելորդ անգամ վարդագույն երանգներով ներկայացնելով այն «հսկայական օգուտները», որը կբերի խաղաղ համաձայնագիրը, Լենմարկերը բառացիորեն սենսացիոն մի բացահայտում կատարեց, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները «ներկայացրել են համաձայնագրի նախագիծ, որը հաշվի է առնում հակամարտության բոլոր մասնակիցների հիմնական շահերը…Այն պատրաստ է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրվելու համար, եթե առկա լինի նրանց քաղաքական կամքը…»: Այ, սա արդեն խելքից-մտքից դուրս բան էր: Մինչև այժմ ամենուրեք և բոլոր հնարավոր առիթներով ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն ընդգծում էին, թե Քոչարյան-Ալիև բանակցային գործընթացում չի հաջողվել վերջնական համաձայնության գալ հակամարտության խաղաղ լուծման գլխավոր սկզբունքների շուրջ: Դատելով Թերի Դևիսի անցյալ շաբաթվա հայտարարությունից` դա իրոք այդպես է, հակամարտության խաղաղ լուծման գլխավոր սկզբունքներից առնվազն մեկի` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հանրաքվեով որոշելու հարցի շուրջ իսկապես որևէ առաջընթաց չկա: Իսկ ըստ Գորան Լենմարկերի` համաձայնա գիրն, ի¯բր, արդեն «վերջնականապես պատրաստ է ստորագրման», պակասում է միայն երկու նախագահների…«քաղաքական կա¯մքը»: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը ականջներ չունի՞, չի՞ լսում իր իսկ ներկայացրած կառույցի` Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությունները, թե՞ ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: Այդ ի՞նչ համաձայնագիր է «արդեն պատրաստ ստորագրման», եթե այդ համաձայնագրի գլխավոր սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն… չկա¯: Կամ այդ ո՞վ է տվյալ համաձայնագրի տեքստը …«արդե¯ն» կազմել: Մինսկի խմբի եռանախագահնե՞րը: Բայց ո՞վ է նրանց լիազորել…կազմելու համաձայնագրի տեքստ: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մանդատից չի բխում, եռանախագահների մանդատը ենթադրում է միայն և միմիայն երկու կողմերի համար ընդունելի սկզբունքների մշակումը, և ոչինչ ավելի: Իսկ համաձայնագրի վերջնական տեքստը, որքանով դա, ըստ իմ հասկացածի ու իմացածի, բխում է միջազգային պրակտիկայից, պետք է մշակեն պայմանավորվող կողմերն իրենք, ելնելով հենց այդ` առայժմ չհամաձայնեցվա¯ծ, գլխավոր սկզբունքներից: Եվ պիտի կազմեն երկու կողմերի դիվանագետների, փորձագետ ների, ռազմական ու այլ մասնագետների մեծ խմբերի տքնաջան ու տևական աշխատանքից հետո: Հաշտության համաձայնագիրը խաղուպար չէ, որ այդքան հեշտությամբ կազմվի: Համոզված եմ, որ այդ տեքստի վրա դեռ երկար ամիսների, եթե չասեմ տարիների աշխատանք է կատարվելու, երկու կողմերից համաձայնագիրը ստորագրման նախապատրաստող խմբեր պիտի ստեղծվեն, այդ խմբերն էլ իրենց հերթին յուրաքանչյուր կողմի նախագահի հրամանագրով պիտի օժտվեն համաձայնագրի տեքստի վրա աշխատելու լիազորություններով, պիտի գնան-գան, բանավիճեն ու փոխզիջումների հասնեն…Միանգամայն հնարավոր է, որ երկու նախագահները համաձայնագիրն ստորագրելուց առաջ դրա տեքստը ներկայացնեն նաև իրենց հասարակություններին, առնվազն կազմակերպեն այդ տեքստի փակ կամ բաց քննարկումներ անվտանգության խորհուրդներում, կառավարություններում, խորհրդարաններում: Չէ՞ որ ի°նչ համաձայնագիր էլ նախագահները ստորագրեն` դա, որպես միջպետական պայմանագիր, պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները, այլապես փաստաթուղթը օրինական ուժ չի ստանա և պարզապես չի կենսագործվի: Այստեղ ոչ մի դեպքում հաշվից դուրս չպետք է գցել նաև ԼՂՀ գործոնը: Եթե ԼՂՀ-ն հայտարարի, որ ինքը չի ընդունում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանի տխմարության պատճառով մեկուսացված է իր ճակատագիրը վճռելուն կոչված բանակցային գործընթացից, ի՞նչ տեղի կունենա: Մի՞թե որևէ մեկին թվում է, թե ԼՂՀ-ի անհամաձայնության դեպքում Հայաստանը, Ադրբեջանի հետ «ձեռք ձեռքի», Ստեփանակերտին կպարտադրի¯ Բաքվի ու Երևանի վավերացրած համաձայնագիրը… Մի խոսքով, նույնիսկ հակամարտության խաղաղ լուծման գլխավոր սկզբունքների շուրջ ընդհանուր հայտարարի գալը դեռ գործի կեսն է լինելու, իսկ Գորան Լենմարկերը շտապում է «երջանկացնել» մեզ` իբրև թե արդեն «ստորագրմա¯ն պատրաստ» համաձայնագրի մասին քաղցր հեքիաթներ պատմելով: Ու՞մ են պետք այդպիսի հեքիաթները և հանուն ինչի՞ են դրանք հորինվում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ