Իրանը պատրաստ է գնելու Անդրկովկասը


Իրանը քննարկում է Վրաստանի ու Հայաստանի տնտեսություններում մասշտաբային ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն, խոսքը գնում է Թբիլիսիին 1 մլրդ դոլարի և Երևանին համանման առաջարկի մասին: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը 2006 թվականին չի գերազանցել 30 մլն դոլարը, իսկ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանից հետո կկազմի 1,5 մլրդ դոլար: Կապիտալի ավելացման ծրագրի իրականացման դեպքում Իրանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ սուբյեկտը: Թեհրանի ԻՐՆԱ գործակալության և վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի դեսպան Լևան Ասաթիանին հայտարարել է, որ իրանցի գործարարները պատրաստ են 1 մլրդ դոլար ներդնել Վրաստանի տնտեսությունում: «Կողմերը բանակցություններ են վարում տրանսպորտային ոլորտում բարենպաստման ռեժիմ մտցնելու շուրջ: Ուղղակի ներդրումներից բացի, Վրաստանին հետաքրքրում է նաև Իրանի իրացման շուկան: Դա մեծ երկիր է` 70 մլն բնակչությամբ»,- ասել է Լևան Ասաթիանին` ընդգծելով վրաց-իրանական հարաբերությունների ակտիվացումը, ինչպես նաև հիշատակելով 2005 թվականին Թբիլիսիում վրաց-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, 2006 թվականին իրանական և վրացական 80 ընկերությունների մասնակցությամբ գործարար-համաժողովը: Հիշեցնենք նաև, որ հուլիսին նախատեսվում է տնտեսական համագործակցության հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն սահմանամերձ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան նավթամուղի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագծերը: ԱրմԻնֆո