«...ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ Է ԽՈՍԵԼ, ՔԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ»


Հայաստանի վարչապետը քննադատել է ՆԱՏ0-ին եւ Եվրամիությանը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անտեսելու համար «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է, թե ՆԱՏ0-ն եւ Եվրամիությունն աչք են փակում Հայաստանի շրջափակման փաստի վրա: «Եվրոպացիները ամաչկոտ են այդ հարցերում, նրանք սիրում են խոսել մարդու իրավունքների եւ դեմոկրատական արժեքների մասին, բայց շատ ավելի դյուրին է խոսել, քան իրագործել որեւէ բան», - ասել է Սերժ Սարգսյանը: «Ռոյթերզ»-ը նշում է, որ Թուրքիան 1993 թվականից փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` դա ներկայացնելով իբրեւ բողոք իր մտերիմ դաշնակցի` Ադրբեջանի տարածքի մի մասը հայկական ուժերի կողմից գրավելու դեմ: Անկարան պնդում է, որ չի բացի սահմանը, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի խաղաղության համաձայնագիր: Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը Հայաստանին ստիպել են առեւտրային կապերն իրականացնել միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով: Այդ դժվարությունները հանգեցրել են գների աճին: Սերժ Սարգսյանը, ըստ «Ռոյթերզ»-ի, ասել է, որ Հայաստանը ցանկանում է առանց նախապայմանների վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ չի առարկում Եվրամիությանն անդամակցելու Անկարայի մտադրության դեմ, քանի որ դա ավելի կանխատեսելի կդարձնի Թուրքիան: - Թեեւ ՆԱՏ0-ի ղեկավարները մեզ հավաստիացնում են, որ Թուրքիան կանխատեսելի երկիր է որպես ՆԱՏ0-ի անդամ, ես դրան չեմ հավատում, որովետեւ Թուրքիան ՆԱՏ0-ի անդամ էր մինչեւ մեզ շրջափակելը, ՆԱՏ0-ի անդամ էր նաեւ Կիպրոսը գրավելու ժամանակ, - ասել է Սերժ Սարգսյանը: Մեկնաբաններից շատերը ենթադրում են, որ, հավանաբար, Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ նախագահը: «Ռոյթերզ»-ը վկայակոչում է Սերժ Սարգսյանին, որն ասել է, թե Հայաստանն անվտանգության ապահովման հարցում տակավին ունի առանցքային դաշնակցի` Ռուսաստանի աջակցության կարիքը եւ նշում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված է 5000 ռուսաստանցի զինծառայող: - Ես չեմ կարծում, որ թուրքական սպառնալիքը վերացել է, ռուսական ռազմակայանն այդ սպառնալիքի դեմ մեր անվտանգության երաշխիքն է, - ասել է Հայաստանի վարչապետը: Նա անդրադարձել է նաեւ Կոսովոյի թեմային, ասելով` - Եթե արեւմտյան երկրները ճանաչեն Կոսովոյի անկախությունը, ապա կարող են ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: - Այս հարցի լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, սակայն ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից որեւէ արձագանք կամ որեւէ քայլ, - ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. - Մենք արել ենք այն, ինչ հնարավոր էր: Գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով 2008 թվականի նախագահական ընտրություններին, վարչապետը ասել է, որ «հավանաբար Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու կառաջադրվի, թեպետեւ վերջնական որոշումը չի լինի նախքան աշնանը կայանալիք կուսակցության համագումարը»: