Ավանգարդիզմներ


ԱԺ պատգամավորները` ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի հայտարարությունից հետո - Կեցցե° «Ազատություն» ռադիոկայանը, աշխարհի ամենաարդար ռադիոկայանը: Կանխատեսելի սցենարներից չշեղվող երկիր ենք Հայաստանի քաղաքական կյանքի դինամիկան վերլուծելով` փորձագետները հանգել են այն կարծիքին, որ շուտով մեր երկիրը կդառնա ամենականխատեսելի պետությունն աշխարհում: Իսկ մնացյալը` լռություն... Լ. Տեր-Պետրոսյանը էն գլխից խռոված լռում էր, մայիսի 12-ից հետո խորհրդավոր լռության ինքնադատապարտվեց Արտաշես Գեղամյանը: Իսկ Տիգրան Կարապետիչը այնքան խռովահույզ է խոսում, որ թվում է` եթե ԱԼՄ եթերը պարապուրդի մատնելու մտահոգությունը չիներ, հաճույքով կլռեր ու կլռեր: Բազմաժանր զբաղվածություն արձակուրդի ժամանակ Խորհրդարանական արձակուրդի օրերին ԲՀԿ պատգամավորները զբաղվելու են կարտոֆիլի և տուկի թելի բերքահավաքով (առջևում նախագահական ընտրություններն են), ՀՅԴ-ն` հին ընկերներին վերահավաքագրելով, ՕԵԿ-ը` իր վերջին կուսակիցներին հաստ թոկով կապելու աշխատանքներով (որ ինչպես նախկինում` թոկից չփախչեն), «Ժառանգությունը»` ներսում ու դրսում տեր որոնելով (ասում են` Ր. Հովհաննիսյանը անձամբ հարցրել է Բուշին «Տե՞ր ես»), ՀՀԿ-ն` աջակից կուսակցությունների ստվերային խարդավանքները կանխելու հայեցակարգի մշակմամբ: Քաղաքագիտական նորամուծություն` քառասունքի առիթով Տխուր իրադարձությունները «նշելու» իր հակումներով հայտնի Հմայակ Հովհաննիսյանը, «մեռած» ընդդիմության քառասունքի արարողության ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել առ այն, որ բարձրակարգ քաղաքական էլիտա ունենալու համար ժողովրդավարությունը բացարձակապես ոչ պիտանի «գործիք» է: Ահա թե ինչ միտք կարող է ծնել հոգեբանական սթրեսը: Մեզ ձեռնտու է ոսկե միջինը Ըստ որոշ փորձագետների` Պուտին-Բուշ հարաբերությունների ջերմացումը նույնքան անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ որոշ երկրների` այդ թվում Հայաստանի համար, որքան սառը պատերազմի վերականգնման վտանգը: Ավելի լավ է նրանք այդպես էլ մնան կիսաթշնամի-կիսաբարեկամ: Ահմադինեջաթը` Պուտինին - Ախր ինչիդ ա պետք Բուշի հետ էդ անկապ սիրախաղը: Բա Ռուսաստանը էժան ֆլիրտների երկիր ա՞: Թե չէ` տե°ս, հա¯ ԱՄՆ _ Ուրեմն «Ազատություն» ռադիոկայանը ուզում ես փակել, հա՞: ՀՀ- Չէ, ինչ եք ասում, ի՞նչ փակել, ի՞նչ բան, թե պետք ա, երկրորդ «Ազատությունն» էլ կստեղծենք: Մի սիրավեպի պատմություն Բուշի և Պուտինի մեղրամիսը կանցնի Գաբալայում: «Մոմ կպահի» Ադրբեջանը, գյոզ կդնի Իրանը, խանդից կֆշշա Եվրոպան:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ