Զննում` մեկումեջ


Մեզանում միշտ էլ գոյություն է ունեցել առողջական վիճակի պարտադիր զննման կարգ: Այն մարդկանց առողջական վիճակի, ովքեր առավել լայն շփումներ ունեն հասարակութ յան հետ և նպաստավոր պայմաններում կարող են լինել վարակի փոխանցման առավել հնարավոր աղբյուր: Պարտադիր բժշկական զննման ենթակա մարդիկ կային և նախորդ, և ներկա հասարակարգերում, և պետությունը ոչ միայն շարունակում է զննել նրանց, այլև համալրել է զննվողների ցանկը: Սույն կարգը թարմացնելու և պարտադիր բժշկական զննման ենթարկվող մարդկանց ցանկն ավելի ընդգրկուն դարձնելու պետության մտահոգության առիթը հեպատիտ-բ հիվանդությունն է, որով աշխարհում տարեկան 1 մլն մարդ է հիվանդանում: Հիվանդին վարակազերծելով արդյոք իսպառ վերանո՞ւմ է վարակի վտանգը: Բժիշկներն ու բուժաշխա տողները նույնպես այդ վտանգից զերծ չեն, կարող են ոչ միայն վարակվել, այլև իրենց հերթին այդ վարակը փոխանցել մյուս հիվանդներին: Եվ ահա թե ինչու պետությունը այսուհետ պարտադիր է համարում նաև բժիշկների և բուժքույրերի ամենամյա բժշկական զննումը: Գործող կարգի մեջ կատարված փոփոխություններով այդպիսի զննման ենթակա են դիտվել կրթական հաստատությունների, հասարակական սպասարկման և այլ ոլորտների աշխատակիցները: Ցանկում տեղ են գտել նաև խաղալիքների վաճառքով, դրանց արտադրությամբ զբաղվողները: Կարևոր ոլորտ է, անշուշտ. մեջտեղը երեխաներ են: Բայց արի ու պատկերացրու կամ էլ հավատա, որ էս ու էն պատի տակ խաղալիք վաճառողները, այգիներում, մանկաշատ վայրերում ինքնաշեն խաղալիքի մանրավաճառները ինքնակամ, իրենց ոտքով գնալու են զննվելու: ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը կասկածի տեղ չի թողնում այս մտավախության համար. «Այս կարգը կիրառվելու է իրավական դաշտում գործունեություն ծավալող սուբյեկտների նկատմամբ»: Իսկ դա չի՞ նշանակում, որ վարակն այս դեպքում կանխարգելելի է շատ-շատ 50 տոկոսով: Իհարկե, նշանակում է: Այսինքն` խաղալիքների սպառողները, նրանց «շրջապատը» վարակականխման և վարակազերծման «գործընթացից» կիսով չափ դուրս են: Դեռ նախորդ հասարակարգից որպես անխախտ «ավանդույթ» մեզ փոխանցվել է չգրված մի կարգ: Իսկ չգրված օրենքներն ու կարգերը, ինչպես հայտնի է, ավելի կուռ են լինում և ավելի հստակ ու անվրեպ են գործում, քան գրվածները: Առողջ լինելու մասին (և ոչ միայն) տեղեկանք վերցնելու համար բժշկական զննություն անցնելը բոլորովին էլ պարտադիր չէ: Պարտադիրը… Դե, հասկանում եք… Առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է պետության կարգ ու օրենքի նկատմամբ այսպիսի ոտնձգություններին, որոնք մեկը չեն, երկուսը չեն… «հազար են, բյուր են»: Պարզվում է` պատասխանատուներին կոնկրետ դեպքեր են պետք, կոնկրետ հասցեներ ու անուններ` բժշկական հաստատության, բժշկի, գլխավոր բժշկի և այլն` կոնկրետ մարդկանց պատժելու համար: Այսինքն` երևույթ չկա, կան դեպքե՞ր: Ո¯ւր էր, թե այդպես լիներ: Բայց այդպես չէ, այդպես չի լինի, որովհետև երևույթը ծաղկում է ու ծաղկեցնողներն էլ շատանում են` պարտադիր զննվողների ցանկի ընդլայնմանը զուգահեռ: Արտավազդ Վանյանին խնդրում ենք իր ղեկավարած տեսչության ենթակայության տակ գտնվող մարմինների` ժողովրդի լեզվով ասած, սանէպիդկայանների այսպիսի «իմիջից» ելնելով անկեղծորեն գնահատել դրանց աշխատանքի դրվածքը: Ի պատասխան, նա մեզ հրավիրում է տեսչություն` ցույց տալու համար այն բազմաթիվ դիմում-բողոքները, որոնք ստացվել են տարբեր հաստատություններից: Ըստ պրն Վանյանի, դրանց առատությունը վկայում է միայն ու միայն այն մասին, որ սանէպիդծառայությունները չափազանց հետևողական են և առաջնորդվում են առողջապահական օրենքներով ու կարգերով սահմանված նորմերով: Մի խոսքով, այնքան խստապահանջ են և օրինավոր, որ մարդիկ լեզու գտնել չեն կարողանում: Այ, սա խելքամոտ է, սրա հետ կարելի է համաձայնել: Խնդիրը բոլոր դեպքերում իսկապես որ լեզու գտնելու մեջ է: Իսկ ավելի խորքում` նաև մեր մեջ առոք-փառոք նստած այն ախտի զերծման խնդիր, որ կոչվում է… Ինքներդ գիտեք, թե ինչ է կոչվում:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ