Բանակին` թարմ ուժեր


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2007 թ. շրջանավարտները, կարճատև արձակուրդից հետո, հուլիսի 27-ից կհամալրեն Հայկական բանակի շարքերը: Առաջին անգամ նրանց ծառայության վայրը որոշվում է ոչ թե Նախարարի հրամանով, այլ բաց, թափանցիկ վիճակահանությամբ: Այս նորամուծությունը բանակում իրականացվող բարեփոխումների տարրերից մեկն է: Շրջանավարտներից 5-ը, որ զոհված ազատամարտիկների զավակներ են, իսկ 2-ը` երկկողմանի ծնողազուրկներ, կօգտվեն սահմանված արտոնությունից, այսինքն` կծառայեն իրենց նախընտրած զորամասում: Իհարկե, տարբերակված նման մոտեցում ցանկալի կլիներ դրսևորել նաև ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համար: Այդպիսիներին հանդիսության բոլոր մասնակիցների ներկայությամբ թեկուզ բարի խոսքերով խրախուսելը, իրենց իսկ նախասիրած վայրում ծառայության նշանակելը լավագույն ազդակ կհանդիսանար ավելի ցածր կուրսերում սովորողների համար: Բացի այդ, գնահատանքը, ինչպես ասում են, լավագույն մղում է դառնում: Միքայել Հարությունյանը, շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին, միաժամանակ նշում է. - Երիտասարդ սպաներն արդեն սկսում են գրել իրենց զինվորական կենսագրությունը: Ենթականերին սովորեցնել ռազմական արվեստը, լինել հայրենիքի պաշտպան և ապահովել երկրի անվտանգությունը` սա իրոք հպարտություն է սպաների և նրանց ծնողների համար: ՀՀ Զինված ուժերը երիտասարդ կադրերով համալրելն, ըստ ՊՆ ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, երազանքից վերածվել է իրականության: Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվող ստուգումները փաստում են, որ արտերկրում այլ ծրագրերով սովորող ապագա սպաներն իրենց պատրաստվածությամբ զիջում են այս ինստիտուտի սովորողներին: - Այնտեղ քիչ են ուշադրություն դարձնում ֆիզիկական, շարային պատրաստություններին, դաշտային պարապմունքներին, իսկ դրանք այն հիմնական միջոցառումներն են, որոնք կոփում են սպայի կամային, տղամարդկային հատկանիշները: Անչափ կարևոր է մեթոդական պատրաստվածությունը, որի շնորհիվ սպան իր ենթականերին ամենակարճ ժամկետում կարողանում է ապահովել որակյալ գիտելիքներով,- ասում է Ս. Օհանյանը` հավելելով, որ այդ ամենն, անշուշտ, պետք է կատարել մայրենի լեզվին ճիշտ տիրապետելու պայմանով: Վիճակահանությամբ ընտրված տարբեր զորամասերի գտնվելու վայրերը շրջանավարտներին անակնկալի չբերեցին, քանի որ նրանց համար կարևորը «հոգով ու սրտով» հայրենիքի ու իրենց ծառայության հանդեպ նվիրվածուծությունն է: Այսպես է մտածում նաև սպա Սերգեյ Սարգսյանը: - Արձակուրդս կանցկացնեմ Երևանում, կլինեմ ծնողներիս հետ, իսկ հետո կանցնեմ ծառայության: Գիտեմ, սկզբնական շրջանում դժվարություններ կլինեն, սակայն վստահ եմ, որ դրանք կհաղթահարվեն` ավագ ընկերներիս, հրամանատարների օգնությամբ: Կարծում եմ, արդյունավետ աշխատանքի գրավականը կարգապահությունն է ու նաև ենթակաների հանդեպ ցուցաբերվող մարդասիրական մոտեցումը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ , Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ