ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ


Վերջերս մի քանի թերթերում ասելիք չունեցող, բայց «սկզբունքային» հեղինակներից մեկը` Հ. Հովհաննիսյանը, փորձեց թյուրիմացության մեջ գցել ընթերցողներին իմ «Չարենցը և արվեստը» թեմայով դոկտորական ատենախոսության առընչությամբ: Ցավալին այն է, որ նրան պաշտպանության տակ առան իր խամաճիկները` Ա.Խզմալյանն ու Յու.Խաչատրյանը: Չար մարդկանց կապող օղակները կերպարի և բնավորության նմանությունն է: Եթե գիտնականն ինքն իրեն չի կարող պաշտպանել, ապա ոչ միայն թույլ է, այլև խարդախ, որի հոգու մեջ կուտակված և ամբարված չարությունը պետք է դատարկի ինչ-որ մեկի վրա: Յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա իրեն պաշտպանել, քանի որ ուրիշների օգնությանը դիմելը նսեմացուցիչ է: Ա.Խզմալյանի և Յու.Խաչատրյանի օգնությունը ձեզ ոչինչ չի տա, պարզապես նրանց ստրկամտության և բնավորության փակ կողմերի բացահայտումն է հանրության առջև: Իսկ ով գիտակցաբար ընդունում է ստրկամտության գաղափարը, նա դառնում է ավելի վտանգավոր, քան մինչ այդ էր: Ինձ «մարտահրավեր» նետած Հ.Հովհաննիսյանի կեղծ հեղինակությունն իր դարն ապրել է: Չնայած դարձյալ կան խաբված երիտասարդներ, ովքեր դառնում են նրա զոհը: Գիտնականը պետք Է ապրի, գործի կյանքի, բարու և ճշմարտության հավատով, ապրի մարդկանց օգնելով, ոչ թե խանգարելով: Հ.Հովհաննիսյանն ինձ մեղադրում Է նոտա չիմանալու, երաժշտական և կերպարվեստական գիտելիքներ չունենալու մեջ: Դա նրա թյուր կարծիքն Է: Այդ ոլորտների մասին ես ունեմ հրատարկված 6 մենագրություն` բազմաթիվ դրական գրախոսականներով, և մի քանի հարյուրի հասնող հոդվածներ, որից օգտվել են իր ղեկավարած խորհրդում թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդ մասնագետները: Արվեստի ինստիտուտում կան հրաշալի կերպարվեստագետներ և երաժշտագետներ, ովքեր երկու տարվա ընթացքում մանրամասնորեն ծանոթացել են ներկայացված աշխատանքին, մասնակցել են քննարկումներին, տվել իրենց դրական եզրակացությունները: Եթե բանաստեղծը տաղաչափության բոլոր գաղտնիքներին չի տիրապետում, չի նշանակում, որ նա բանաստեղծություն գրելու և վերլուծելու իրավունք չունի: Եթե Դուք այդ ոլորտների մասնագետը չեք, ինչպե՞ս եք Ձեզ իրավունք վերապահում հաշվի չառնել գիտական խորհրդի 16 անդամների կարծիքը: Իսկ եթե դա էլ Ձեզ դուր չի գալիս, ապա Ձեր կարծիքը դառնում է երկրորդական: Կրկին հիշեցնում եմ, որ ես ոչ թե երաժշտություն եմ գրում, այլ գրված երաժշտական ստեղծագործության պատմություն: Արվեստի աշխարհում համոզված են, որ Դուք ոչ մի արվեստագետի չեք ընդունում, չեք ընդունում, որ հայ թատրոնը երկու հազարամյա պատմություն ունի: Թատրոն չեք գնում, չեք օգնում բեմադրիչներին, դերասաններին, նոր բեմադրությունների մասին հոդվածներ չեք գրում, քննարկումներ չեք կազմակերպում... Այսուհանդերձ Ձեզ համարում եք թատրոնի հոգսերով մտահոգ թատերագետ: Իսկ այդ ամենով զբաղվող մարդիկ Ձեզ դուր չեն գալիս, և փորձում եք մեղադրանքներ ներկայացնել նրանց հասցեին: Եթե Ձեզ անհանգստացներ հայ թատրոնի ճակատագիրը, ապա 1979թ., արվեստագիտության դոկտոր դառնալուց հետո, թույլ կտայիք այդ ոլորտում նոր դոկտորներ աճեին: Դուք մնացել եք թատերագիտության միակ դոկտորը: Մինչև ե՞րբ: Արդյոք գիտակցաբար չեք անո՞ւմ այդ ամենը` պահպանելով Ձեր մենաշնորհը: Ցավում եմ, որ Ազգային ակադեմիան մինչև օրս չի անդրադարձել այդ հարցին: Գիտության մենաշնորհը ոչ մեկին չի տրված. կա գիտության զարգացման ազգային մտածելակերպ: Անցյալ դարի 60-70_ական թթ. թատերագետներ Ս.Մելիքսեթյանը, Ռ.Զարյանը, Լ. Հախվերդյանը, Հ. Սամվելյանը, Լ. Խալաթյանը և այլոք թատրոններում մշտապես մասնակցում էին ներկայացումների փորձերին, ռեժիսորներին և դերասաններին օգնում իրենց խորհուրդներով, կազմակերպում ներկայացումների դիտումներ և մասնագիտական քննարկումներ: Ասացեք խնդրեմ, երբևէ նման վերաբերմունք ցուցաբերե՞լ եք ազգային թատրոնի հանդեպ: Քանի տարի կլինի` թատրոն չեք մտել, ներկայացում չեք դիտել, բայց հեռուստատեսությամբ և մամուլով սևացնում եք ազգային թատրոնի այսօրը: Եթե այսօր չունենք 20-րդ դարի հանճարեղ դերասաններին համազոր ուժեր, դեռևս չի նշանակում, թե մենք ոչինչ չունենք: Նախ պետք է թատրոնին տալ և հետո միայն պահանջել: Չէ՞ որ այսօր էլ կան շնորհալի դերասաններ, ովքեր սիրով են կատարում իրենց նվիրական գործը: Ինչպես կարելի է չխրախուսել, չոգևորել նրանց: Ապագայի նկատմամբ բարի տրամադրություն ունենալու համար պետք է հանել սև թիկնոցն ու ակնոցը, այլապես բախտից խռոված մարդու աչքին աշխարհը խուց է երևում, օվկիանը` լճակ: Դպրոց, եկեղեցի, համալսարան, թատրոն գնացողն իրեն թույլ չի տա ասել, թե գնում է աշխատանքի, քանի որ դրանք սրբավայրեր են, և դրանց նկատմամբ մեղք չպետք Է գործել: Կյանքը շարունակվող շղթա է` վերելքներով, վայրէջքներով, հաճախ էլ` անընդունելի երևույթներով, բայց պետք է լինել լավատես: Հանրապետության երեք տասնյակի հասնող թատրոններում մի՞թե չկան տաղանդներ: Կարծում եմ, որ ոչ միայն կան, այլև փորձում են պահել ու պահպանել ավանդույթները: Ավելին, եթե Հայաստանում չկա թատրոն, բեմադրություն, դերասան, ապա Կառավարությունն ինչո՞ւ ամեն տարի մի քանի տասնյակ թատերական գործիչների, ռեժիսորների ու դերասանների վաստակավորի ու ժողովրդականի կոչումներ, շքանշաններ ու մրցանակներ է շնորհում: Հանրապետության նախագահի հրամանով Հ. Հովհաննիսյանը բարձր աշխատավարձով նշանակվել է Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ (այդ աշխատավարձով կարելի է տասը թոշակառուների պահել, չնայած որ ինքն էլ թոշակառու է) և պարտավոր է զբաղվել հեռուստատեսության եթերից հնչող խոսքի անաղարտության, հաղորդումների որակի հարցերով: Հանրային հեռուստատեսության հաղորդումների որակի մասին շատ Է գրվել ու խոսվել, ինչո՞ւ չեք զբաղվում այդ հարցերով: Խմբակային հարձակումներն իմ դեմ բացահայտում են Ձեր կերպարի` մինչև օրս հանրությանը անհայտ կողմերը: Գիտական խորհրդի նիստերին Դուք մասնակցել եք երկու անգամ` հինգ րոպեով: Վիրավորել եք մարդկանց և հեռացել: Արգելել եք ազատ ու անկաշկանդ խոսքն ու քննարկումները, փորձում եք ստիպել, որ բոլորը մտածեն և գործեն Ձեր թելադրանքով և նույնը շարունակում եք մամուլի Էջերում: Արվեստը իմացության, զգացմունքայնության, բայց նաև ճաշակի և ընկալումի գիտություն Է: Յուրաքանչյուր ոք ազատ կարող է արտահայտել իր կարծիքը, ձևակերպել իր մտքերն այնպես, ինչպես ինքն Է ցանկանում: Իսկ եթե կան մարդիկ, որ չեն համաձայնի, դա իրենց անձնական գործն Է: Ինչպե՞ս կարելի Է հանդուրժել «Երկիր» թերթին տված Ձեր հարցազրույցը, որտեղ վիրավորել եք Արվեստի ինստիտուտի տնօրինությանը, ԲՈՀ-ի նախագահին, Մանկավարժական համալսարանի (որպես առաջատար կազմակերպություն) ղեկավարությանը, նախկին Վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին և ինձ: Փորձեք մնալ գիտնականին արժանի բարձրության վրա:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ