«Եվրոլատին»-ը` պարարվեստի երկնակամարում


Սպորտային պարերի փորձնական պարապմունքներին մասնակցելու հաճույքը 7-ամյա Արմանի համար այնուհետև դարձավ խոստումնալից ապագայի սկիզբ և շարունակություն: Համառ աշխատասիրության շնորհիվ ձեռք բերած կատարողական բարձր վարպետությունը Հայաստանի և Կովկասի սպորտային պարերի բաց առաջնության մրցույթներում նրան շնորհեց հնգակի հաղթողի պատվաբեր տիտղոսը: 12 տարի շարունակ սպորտային պարերի նրբություններն ու գաղտնիքները յուրացրած Արման Հարությունյանի արվեստը վավերացնող տեսահոլովակները 2003 թվականից սկսած մեծ տարածում են գտնում պարարվեստի երկրպագուների շրջանում: Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող, արդեն իսկ մեծ ճանաչում և հեղինակություն ձեռք բերած Արմանը 2005-ին ստեղծում է «Եվրոլատին» սպորտային պարերի ակումբ, ուր 4-16 տարեկան տղաներն ու աղջիկները մասնագիտանում են պարային արվեստում, իսկ 18-ից բարձր տարիքի երիտասարդները ցանկության դեպքում մասնակցում են սիրողական պարապմունքներին: Ակումբի փոքրիկ վարպետները մայրաքաղաքային և հանրապետական մրցույթների ու փառատոների մրցանակակիրներ են և արդեն կարող են հպարտանալ վերջերս թողարկված իրենց անդրանիկ տեսահոլովակով:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ