Կ Ե Ց Ց Ե ԱՐԵՎԸ


Տպավորություն է ստեղծվում, թե տունն ընդամենը երկհարկանի է, սակայն երբ մոտենում ես տանը, կարող ես պարզ նկատել, որ չորսհարկանի է: Առաջին հարկը կիսանկուղային է, երկրորդ և երրորդ հարկերը բավականին բարձր են, իսկ չորրորդը հիշեցնում է թռչնի բույն` մեծ թռչնի և բաղկացած է միայն մի համեստ սենյակից, որն իմ աշխատասենյակն է: Այգին նույնպես գեղեցիկ է: Բացի էկզոտիկ ծառերից, փոքրիկ լճակ կա, կոլի շներ, արձաններ… Որոշել եմ հանդիսավոր բացում անել և երկրորդ հարկի մեծ սենյակի օվալաձև սեղանը լցված է արևահամ մրգերով, հյութերով և Ագարակից բերած սառը ջրով: Սենյակի պատերին փակցված են կյանքից հեռացած ծնողներիս, քույրերիս և եղբայրներիս նկարները, իսկ հատակին դաշտային ծաղիկներով ծաղկամաններ են: Շոգ է, բայց ես հագել եմ «Ջիրոտտի» խանութից գնված կոստյումը, որը գնել եմ գեներալ ընկերոջս նվիրած 100.000 դրամանոց կտրոնով, կոշիկներս BOSS ֆիրմայի են, որը նվիրել է… ո°չ, գնել եմ «Միլանո»-ից մի գործարարի նվիրած 150 դոլարով: Փողկապս գնել եմ, ոչ… չեմ գնել: Ուրիշի փողկապ է: Ես մի վատ սովորություն ունեմ, երբ գինովցած եմ, սկսում եմ խլել ընկերներիս փողկապները, գրիչները, ժամացույցները: Հետո, որոնք թանկ են, վերադարձնում եմ: Այս փողկապն էլ եմ այդպես հաջողացրել: Շատ լավն է: Միայն վերնաշապիկս է second hand-ից: Մի քիչ մաշված է, բայց երևում է, որ առաջին տերը ճաշակով մարդ է եղել: Իհարկե, մեկ-մեկ, երբ մտածում եմ, թե ով է եղել առաջին տերը, սարսափում եմ: Գուցե նա այս վերնաշապիկով ավտովթարի զոհ է դարձել, գուցե… Չգիտեմ, բայց գուցե երկրորդ հագնողին էլ կարող է փոխանցվել նրա ճակատագիրը: Լավ, հիմա ժամանակ չունեմ երկար մտածելու այդ մասին: Ասեմ նաև, որ գուլպաներս գնել եմ «Պալերմո»-ից, միակ խանութը, որտեղ ազնվորեն բացատրում են, թե այդքան մի ոգևորվեք գնած ապրանքների ճչուն անուններից, դրանք օրիգինալներ չեն, ներքնաշորերս էլ «Ջորդանո»-ից են… Իմ տան մոտ կանգ է առնում առաջին մեքենան` Ռոլս-Ռոյս-ը` զարդարված դրոշակներով: Երևի ԱՄՆ-ի դեսպանն է, մտածում եմ, բայց անմիջապես տարակուսում, քանի որ ես ընկերություն չեմ անում, նույնիսկ չեմ ճանաչում ԱՄՆ-ի դեսպանատան որևէ աշխատողի: Հանում եմ ակնոցս, սրբում ապակիները, որպեսզի ուշադիր նայեմ հյուրիս, բայց չի ստացվում: «Մայր օպտիկա»-ից գնած նոր ակնոցիս աջ ապակին ընկնում է, կոտրվում: Ոչինչ, հերն էլ անիծած: Այդ պահին մեքենայից իջնում է մի փոքրիկ բալիկ` փղիկի ուղեկցությամբ մոտենում, շնորհավորում նոր առանձնատուն ունենալու կապակցությամբ և հանձնում այս շքեղ ավտոմեքենայի բանալիները: Ես անմիջապես հրաժարվում եմ նվերից, քանի որ վարել չգիտեմ: Փոքրիկը չի կորցնում իրեն և ինձ է նվիրում իրենց ֆիրմայի պաղպաղակներով լի մի զամբյուղ: Ես նրանց հրավիրում եմ տուն, ինքս նորից իջնում բակ` դիմավորելու նոր հյուրերին: Այդ կարճ ժամանակում արդեն ժամանել էին ևս տասներկու ավտոմեքենա, բոլորն էլ ճոխ, բայց զարմանալի համարանիշերով` 000 օօ 00: Այսինքն երեք զրո, հետո երկու 0 և երկու զրո: Նախանձելի համարներ: Այն էլ հիմա, երբ 500 SO 50-նն, օրինակ, աճուրդով գնահատվում է մեկուկես միլիոն դրամ: Տեսնես տասներկուսի համար ինչքան են վճարել: Ինչևիցէ: Պարզվում է` այսքան մեքենաներով միայն մեկ հյուր է եկել, ինչ-որ գործարարի թե պաշտոնյայի սիրուհի, որը կարդացել է բանաստեղծությունս, հուզվել և ստիպել տիրոջը, որ ուղարկի իրեն ինձ շնորհավորելու: Երիտասարդուհին հպարտ կեցվածքով բարևում է և մեկնում մի ծրար, որի վրա գրված է 10.000 $: Ես հրաժարվում եմ, բայց նա ծրարը համառորեն խցկում է ծոցագրպանս… Ես չեմ հասցնում շնորհակալություն հայտնել երիտասարդուհուն, երբ սուլում է բջջային հեռախոսս: Երկու օրից հեռախոսիս քառորդ դարն է լրանում, պիտի նշեմ: Ծանր է, մաշված, հոգնած, բայց հավատարիմ է շան պես: Զանգահարողն ընկերս է: Ի դեպ, Շան տարի է ծնվել և հավատարիմ է հեռախոսիս նման: - Լսիր, չե՞ս ամաչում, որ Գրանդ Քենդիի պաղպաղակներ ես նվեր ընդունում: Չգիտե՞ս, որ նրանք իմ թշնամիներն են, ետ ուղարկիր անմիջապես… Ի՞նչ, մեքենա չունե՞ս: Ես կուղարկեմ իմը կամ տեղակալինս: Լցրու բեռնախցիկն ու անմիջապես ետ ուղարկիր: Ես հրաժարվում եմ: Հյուրերիս մեջ նաև երեխաներ են լինելու, կհյուրասիրեմ: - Գիտեմ,- համառում է ընկերս,- այդ ֆիրմայի տերը գրողներին չի սիրում, կարող է նաև թունավորած լինի: Եթե ետ չես ուղարկում, գոնե թափիր… Մոտենում է հերթական շարասյունը` ճանապարհին ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ: Դարձյալ տասներկու մեքենաներ, բոլորը սև, իսկ տասներեքերորդը, ավելի ճիշտ առաջինը` սպիտակ: Սրանց համարներն էլ 001, 002, 003, 004, 005… Սա մաֆիա չէ: Տարբեր պաշտոնյաներ են, որոնց հետ սովորել եմ դպրոցում, բուհում, աշխատել գրողների միությունում: Սրանք էլ բոլորը ոտքից գլուխ սև են հագած, կարծես թաղման են եկել, իսկը թաղման թափոր, միայն դագաղն է պակաս: Լուռ մոտենում են, հերթով բարևում, շնորհավորում: Հրավիրում եմ ներս: Նրանք լուռ հեռանում են: Միայն վերջինը շշնջում է. - Քեզ համար մեծ պատիվ է, որ մենք եկանք: Հարևաններիդ աչքին կբարձրանաս…կՏՍՈ! Ես երկար նայում եմ նրանց շարասյան ետևից: Հաճախ ենք քննադատում մեզ, թե կազմակերպված չենք: Իսկ ինչպե՞ս են տասներկու սրիկաներ հագել նույն ֆիրմայի հագուստներ, կոշիկներ և շրջում են նույն մակնիշի և նույն գույնի ջիպերով: Միայն համարներն են տարբեր: Հետաքրքիր է, հնարավոր չէ՞ նույն համարից տասներկու հատ պատրաստել: Պետավտոտեսչության մեքենան հեռացել է, բայց նրա ձայնը հնչում է շատ մոտ: Ո°չ, պարզվում է` քսանհինգամյա հեռախոսս է: Դարձյալ գրող ընկերս. - Ի՞նչ արիր, թափեցի՞ր պաղպաղակը: - Չեմ կարող: Երեխաներ են գալու, հետո նաև Գրանդ Քենդի փղիկն ու փոքրիկը մեր տանն են դեռ,- արդարանում եմ ես: - Լավ, հենց գնան, անմիջապես թափիր: Ես անջատում եմ հեռախոսս: Նորից ավտոմեքենաների շարասյուն է մոտենում: Նրանք արդեն տարբեր մակնիշի են` ռուսական «Վոլգա», «Օպել», «Մերսեդես»… Բայց սրանք էլ մեկ այլ նմանություն ունեն: Բոլորը կարմիր դիվանագիտական համարանիշերով են և սկսվում են «40»-ով: Ես իսկույն հասկանում եմ, որ Պատվո հյուպատոսներն են: Սրանք էլ նվերների փոխարեն ինչ-որ թղթեր են հանձնում: Հեռուստացույցով տեսել եմ նման արարողություններ: Բայց նա ուրիշ է: Այնտեղ մեր երկրում հավատարմագրված այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպաններն են իրենց հավատարմագրերը հանձնում Հանրապետության նախագահին: Բայց սրանք հիմնականում մեր երկրի քաղաքացիներ են, ուղղակի կարողացել են ինչ-ինչ կապերով դառնալ այլ երկրների Պատվո հյուպատոսներ: Սրանք, իհարկե, չգիտեն ոչ մեր երկրի և ոչ էլ իրենց ներկայացրած երկրի պատմությունը, գրականությունը, մշակույթը: Օրինակ, այն առաջինը ներկայացնում է Նորվեգիան և Ֆինլանդիան: Հիշում եմ, երբ Արմավիրում բացվում էր մեր ժողովրդի մեծ բարեկամ, նորվեգացի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցը, նա չմասնակցեց և նույնիսկ դժգոհություն հայտնեց, թե ինչու Հայաստանում երկրորդ դպրոցն է լինելու Նանսենի անունով: Նրան պետք չէ նաև, թե հայերեն «Կալեվալա» են հրատարակում: Ինքն ընդամենը ԱՄՆ-ի քաղաքացի է և Հայաստանում զբաղվում է բիզնեսով: Իսկ այսպիսի պաշտոն ունենալու դեպքում ազատվում է հարկերից: Մյուսը Լատվիայի Պատվո հյուպատոսն է: Չորս տարի առաջ մահացավ մեր հրաշալի բարեկամ, լատիշ մեծ բանաստեղծ Մարիս Չակլայսը: Մենք չկարողացանք այս հյուպատոսի միջոցով ճշտել Մարիսի նոր հասցեն և գոնե հեռագրենք: Փող չկար Գրողների միությունում պատվիրակություն ուղարկելու: Լիտվայի հյուպատոսն էլ հաջողակ երիտասարդ է: Ես վերցնում եմ նրանց հավատարմագրերը, ծոցագրպանիցս հանում դատախազի օգնականի նվիրած «Waldmann» գրիչը և բոլորին «2» նշանակում: Թող հասկանան, որ Պատվո հյուպատոս չի նշանակում գործարար, և թող մի քիչ էլ հոգևոր-մշակութային կապերով զբաղվեն: Հետո նորից խմբեր են գալիս: Ալավերդու ինչ-որ դպրոցի ուսուցիչներ են: Նվերներ չեն բերել, բայց բերել են մանկավարժական խորհրդի որոշումը, որում ինձ մեղադրում են, թե ինչո՞ւ եմ ուզում իրենց դպրոցն անվանակոչել Էդուարդաս Մեժելայտիսի անունով: Հետո՞ ինչ, որ լիտվացի բանաստեղծը թարգմանել է Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա, Չարենց, Սևակ… Հետո՞ ինչ, որ նա երեք անգամ այցելել է Թումանյանի շրջան, Մեծ լոռեցուն թարգմանել և հոդվածներ գրել նրա մասին… Ալավերդցի բողոքականները դեռ չեն հեռացել, երբ մոտենում են քաղաքապետարանի մի խումբ ճարտարապետներ: Սրանք ավելի խիստ են: Ինձ մեղադրում են կոսմոպոլիտիզմի մեջ: -Արդեն երկրորդ նամակն ես գրել, թե ինչո՞ւ տեղ չի հատկացվում Նանսենի արձանի համար: Ո՞վ է Նանսենը: Ի՞նչ անենք, թե երեք հարյուր քսան հազար հայ է փրկել: Ի՞նչ է, քչե՞րն են փրկել: Հիմա Մոսկվայում երկու միլիոն հայեր են ապրում: Դա 6,25 անգամ ավելի է Նանսենի փրկածներից: Ավելի լավ չէ՞ Լուժկովի արձանը կառուցենք: Մարդը ողջ է, մի բանով կօգնի: Իսկ քո Նանսենը ի՞նչ է անելու… Հետո ինչ-որ ամբոխ է հավաքվում: Բոլորը գոռում են` պետա-կանաց-նել… Ի՞նչը… Պետականացնել այս տունը: Ես շտապ բարձրանում եմ երկրորդ հարկ, որտեղ Գրանդ Քենդիի ներկայացուցիչները սպասում են ինձ: Զարմանում եմ, երբ նրանց հետ տեսնում եմ Գյումրիի «Հույս» մանկատան երեխաներին: Բոլորին հյուրասիրում եմ արևահամ մրգերով, հյութերով լցրած բաժակներով խմում ենք Արևի կենացը, նրա էներգիայի, որով սնվելը մեր վերջին հույսն է: Հետո հիշում եմ ծոցագրպանիս տասը հազար դոլարը: Այն նվիրում եմ «Հույս» մանկատան տնօրենին: Արդեն երկու տարի է, նա պարտք է Ծաղկաձորի ճամբարին: Որբերին հույս տվողներ կան, օգնողներ` ոչ: Արևի էներգիան ամենալավ սնունդն է: Պետք չէ ոչխարներ մորթել, ձկներ գլխատել, հավերի վզեր կտրել… Բոլորիս տրամադրությունը բարձր է: Պատերից ժպտում են հարազատներիս լուսավոր դեմքերը: Մենք պարում ենք Գրանդ Քենդի փղիկի հետ: Բոլորս երջանիկ ենք: Մեզ հետ է նաև իմ առաջին դասարանի դասընկերուհին` դպրոցականի համազգեստով: Ես նրա հետ վալս եմ պարում: Տաղանդավոր Խորենը երգում է մի աղջկա հետ. Մեծ է այս աշխարհը հիրավի, Բայց ինչ է այն առանց Արևի, Ջերմ է Արեգակն ինչպես եղբայր և քույրիկ Սերն է քո արևը, Հայրենիք… Զըըընգ, զըըընգ, զըըընգ… Զանգում է քսանհինգամյա «Nokia»-ս: Արթնանում եմ, վերցնում հեռախոսս… - Ախպեր ջան, կներես, որ դարձյալ անհանգստացնում եմ: Փողը դեռ չեն փոխանցել. ո°չ Կամոն, ո°չ Գուրգենը… Ի՞նչ էնենք… - Ռուբ ջան, էլնեմ, էրթամ: Երևի էսօր փոխանցեն, էգվան Ծաղկաձորի հաշվին կնստի… Արդեն տասներորդ անգամ հույս եմ տալիս «Հույս»-ի տնօրենին… Հետո քաղաքային հեռախոսն է զանգում: Չգնահատված բանաստեղծուհի է զանգողը, որը ժամանակ չունի գրականությամբ զբաղվելու: Ծառայում է մանկական գրադարանում, ղեկավարում երեխաների ընթերցանությունը, գրքերը փրկում առնետներից և գողերից: Խղճուկ աշխատավարձով մի կերպ հայթայթում ընտանիքի հացը: Քիչ է գրում, բայց հրաշալի: Նրա «Հաշտության վալս»-ը հնչում է մարդերգությանն անդրադարձած պոեզիայի մեջ, որ պտտվում է «հին պատեֆոնի ձայնապնակի» պես, նրա տողերը հնչում են իբրև վալսի հրավեր փակված հոգիների համար` բացվելու և սիրով միավորվելու տիեզերական ընդհանրության մեջ: Բայց նա ժամանակ չունի: Հաց է հարկավոր, երեխաները, Աստված ոչ արասցե, կարող են քաղցած մնալ: Ես շտապում եմ բանաստեղծուհուն պատմել երազս: Նա սարսափում է և բացատրում, որ նոր և գեղեցիկ տունը երազում լավ նշան չէ: Նոր տունը երազում երևի թե գերեզման է: Ինքը չի ուզում ասել: Ես էլ եմ սարսափում: «Davidof» սուրճը վայելելով` սթափվում եմ երազից և հիշում երեկվա ճոխ խնջույքը: Ընկերներս կենացս էին խմում, գովաբանում: Ի՞նչ ընկերներ: Հերթական թատրոն էր, շոու: Եթե հավատայի նրանց ասածներին… Տխմար չեմ, որ հավատամ: Իմ սովորության համաձայն, լուռ խմում էի: Հայկական կոնյակն իրենն արեց: Հարբեցի, անկեղծացա և հրաժարվեցի խմել ընկերության կենացը: Ես այդ կենացը չեմ խմում երիտասարդ տարիներից: Ո՞ւմ հետ խմեի` շրջկոմի բութ հրահանգիչների՞, թե՞ նարկոտիկ վաճառող դեղատան վարիչի կամ ոսկու խանութի տիրոջ, կամ ավտոպահեստամասերի խանութպանի, տասնյակ մարդկանց մորթող բժշկի, կամ… Դրանք էին իմ շրջապատում, դրանք էին իմ քաղաքացիները կամ այլ վայրերից իմ քաղաք գործուղված մասնագետները: Իսկ ինչո՞ւ տեսա այս երազը: Երբ խմում էին կենացս, մեկը շշնջաց մյուսին. - Լավ մարդ է, բայց տարօրինակ: Վարձով է ապրում… - Ի՞նչ, վարձով… Ո՞նց թե… Այսպիսի մարդը… Կատակո՞ւմ ես… Նրանք շշուկով էին խոսում, բայց լսողությունս արտակարգ է: Խառնվեցի նրանց զրույցին. - Ի՞նչ կա որ: 1985-ին Գրողների միությունից տուն ստացա, բայց 26 կոմիսարների շրջխորհրդի նախագահը չհաստատեց, քանի որ Երևանում գրանցում չունեի… Ընկերներս խառնվեցին, բայց չկարողացան օգնել: Այն ժամանակ բնակվում էի Գրողների տանը` իմ աշխատասենյակում: Հիմա էլ վարձով եմ բնակվում: Կարևորն այն է, որ ապրում եմ: Գինովցած «ընկերներս» հայրիկների, քեռիների, աներոջ կամ զոքանչի փողերով և շրջապատով ամեն ինչ ունեն և ահա որոշում են իմ հարցերն էլ լուծեն: - Գոնե մեկ սենյականոց բնակարան «Հույս» ավանում,- առաջարկում է ամենաերիտասարդը: - Չեն տա, ավելի լավ է գցվենք, Նորքի իններորդ զանգվածում մի բնակարան գնենք… Կարծում են` չեմ լսում: Զրուցում եմ կողքիս նստած տիկնոջ հետ, բայց լսում եմ նրանց: Լսում եմ ու կատաղում. - Սրիկաներ, ո՞վ եք դուք, որ ինձ տուն նվիրեք: Նվիրեք, որ ձեր բոզերի հետ գաք, կարգադրեք արտասանել նոր գրած բանաստեղծություններս, լսեք երգերս, ուտեք հոգիս… Հեռանում եմ: Գիշերը քնելուց առաջ հիշում եմ Աջարիայում բնակվող կիսաբանաստեղծ, կիսալրագրող, կիսախմբագիր, կիսահրատարակիչ, կիսավրացի, կիսաթուրք` այսինքն մահմեդականա ցած վրացի ընկերոջս: Նա մի օր պատմեց, որ երբ իրենց գյուղում հարսանիք է լինում, երկու երիտասարդ սրտեր միանում են, ամբողջ գյուղը հավաքվում է և տուն են կառուցում նորապսակների համար: Ուրեմն երազս հիշելու արդյունք է և ոչ թե մահ է գուշակում: Կեցցե¯ Արևը: Ուրախ ապրենք Կան մարդիկ, ովքեր սպասում են, որ կյանքն ինքը բացի նրանց առաջ իր գաղտնիքները, մինչդեռ համարձակներն իրենք են նետվում բացահայտելու դրանք, իսկ հետո այդ մասին մարդկանց հաղորդելու ինքնատիպ խոսքով, ոճով ու եղանակով ընդմիշտ մնում են ճշմարտությունը չքողարկող «լուսատիտիկներ»: Կատակ բան չէ, մեր օրերում տարիքը բերել-հասցնել 80-ի շեմին ու դեռ պահպանել մտքի թարմությունը, առույգությունը, մարդկանց զինաթափող բարությունը, հատկանիշներ, որոնցով հարուստ է Հրանտ Հորիզոնը: Դեռ մանկուց իրեն կպած տասնյակ անուններից ու մականուններից Հրանտ Ղազարյանն ինքն իրեն կնքեց ՀՈՐԻԶՈՆ` իր իսկ ստեղծած հերոսի անունով: Սեփական կյանքի հանդիսատեսը դառնալով` ոչ միայն սովորեց հաղթահարել դրանք, այլև հազարավոր մարդկանց այսօր էլ օգնում է ձերբազատվել ամենայն վատից: Օրվա կեսը` գրող, մյուս կեսը դերասան Հրանտ Հորիզոնը 45 տարի շարունակ սեփական ստեղծագործությունների թիրախ է դարձրել արատներով շղթայված մարդկանց ու կյանքը գունազրկող երևույթները, որոնց մասին լռելը հանցանք է, խոսելը` քաջություն: Դիոգենեսի նման լապտերը ձեռքին Մարդ չէր փնտրում, նրա նմանները կային իր շրջապատում` Շիրազ, Սևակ, Արկադի Ռայկին, մարդիկ, ովքեր եփվում էին իրենց ժամանակի պայքարի բովում, որոնց հանդեպ գործադրած յուրաքանչյուր ճնշում միայն հղկում էր նրանց գրիչն ու խոսքը` դարձնելով դրանք ադամանդ: - Միշտ հիացած եմ եղել Ռայկինով: Ելույթից առաջ լսում էի նրա ձայնապնակը, «լիցքավորվում» էի համարձակությամբ, վարակվում նրա հաջողությամբ և ձգտում հաղթանակի: Իմ կուռքը եղել է Ռայկինը,- ասում է Հրանտ Հորիզոնը: Կյանքի տված դասերից հյուսած կծիկը ձեռքում Հորիզոնը թել առ թել բացում է այն հանդիսատեսի առաջ, նուրբ հումորով ցույց տալիս այն հանգույցները, որոնք խանգարում են զգալ կյանքի իրական համն ու հոտը: - Թարխունի արտի միջով անցնելիս հոտն անպայման կպչում է մարդուն, եթե անգամ նրա տերևին էլ չդիպչի: Այդպես էլ ես, անցել եմ կյանքի միջով ու թեև չեմ խորացել ինչ-որ բանում, սակայն հոտը կպել է: Արվեստագետը հողից, օդից, ջրից էլ պիտի քաղի ասելիքը ու իր «պրիզմայի» միջով անցկացնելով հասցնի ունկնդրին: Այն, ինչ տալիս ես մարդկանց, դա է մնում, ինչ որ պահում ես քեզ, կորած է: Ասմունքը, երգիծանքն ու նմանակումը Հորիզոնի համար ինքնաարտահայտման միջոց են, իր իսկ էությունը դրսևորելու նախընտրելի տարբերակ, որոնց շնորհիվ ատելին ու մերժելին ծիծաղով ներկայացնող հումորի վարպետը փորձում է շտկել ծուռ հայելիների անդրադարձը: Ու եթե դահլիճում հավաքված մեծն ու փոքրը անկեղծ ծիծաղով արձագանքում են Հորիզոնին, ուրեմն իրոք աչքի պես պարզ ու նույնքան էլ բարդ նրա արվեստը հասու է բոլորին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱն