«Բաբկեն ՆԵՐՍԻՍՅԱՆ - 90» «ԱՐՏԻՍՏ»-ԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ


«Արտիստ» փառատոնի ավանդույթի հիմնադրման ու կայացման, թատրոնաշեն ծառայությունների համար «Ավանգարդ» թերթի խմբագրությունը խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհակալագիր հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ «Ավանգարդ» թերթի «Մամուլի համակրանք» հատուկ մրցանակը շնորհվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասան ՍԱՄՎԵԼ ՓԻԼՈՅԱՆԻՆ` Արտաշես Օթարյանի (Ա. Շիրվանզադե. «Պատվի համար») բարձրարվեստ դերակատարման համար: 1. «Արտիստ»-ի երկրորդ բեմելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Արտիստ» հանրապետական թատերական փառատոնը հունիսի 28-ից հուլիսի 6-ը ներառյալ արվեստասեր հասարակությանը պարգևեց հոգևոր-բարոյական ապրեցնող նոր լիցքեր` 12 թատերախմբերի ներկայացրած ստեղծագործություններով խոշոր վրձնահարվածներով ուրվագծելով հայկական արդի բեմարվեստի իրական պատկերը: Չզլանային ընդունել փառատոնին մասնակցելու հրավերը Հայաստանում գործող բոլոր 34 թատրոնները (16-ը` պետական)` թատերասեր հանդիսատեսը ամբողջական պատկերացում կկազմեր բեմադրական ու դերասանական առկա ողջ ներուժի, գեղագիտական մտածողության բոլոր ուղղութ յունների, խաղացանկային քաղաքականության ընդհանուր միտումների մասին: Մինչդեռ` մի մասը գերադասել էր պասիվ հետաքրքրասերի դերը: Ոմանք էլ պարզապես ներկայացնելու որևէ ուշագրավ աշխատանք չէին ունեցել, այդ թվում, ցավոք, մի քանի մարզային և Ստեփանակերտի թատրոնները: Երանի կարողանային կղզիացած կենսակերպը համառորեն պահպանողները վեր կանգնել, ի վերջո, նեղ-անձնական հակամշակութային, ջլատող նկրտումներից` բոլոր ճշմարիտ արվեստագետների ներդաշն համագործակցությամբ ստեղծագոր ծական պարարտ հող նախապատրաստել աշխարհին դարերով իր ինքնատիպ արարչագործությամբ հիացրած հնամենի մեր թատրոնի վաղվա շենշող օրվա համար: Այդուհանդերձ, Մայր թատրոնի նվիրյալների ջանքերով, «Արտիստ»-ի երկրորդ բեմելը վերածվեց ուրույն հանդիսաշարի` հավաստելով երևելի նախնիների հարուստ ժառանգության հիման վրա նոր ավանդույթի անվերապահ կայացման մասին: Փառատոնի շրջանակներում մայր բեմի անվանի վարպետներ Մարգո Մուրադյանի և Բաբկեն Ներսիսյանի հոբելյանների թատերայնացված (այդպես փաստը տոնի վերափոխել կարողանում է միայն Վահե Շահվերդյանը) մեծարանքի երեկոներն իրենց հերթին վկայեցին սունդուկյանցիների երախտագետ հիշողության, սեփական տարեգրությունը խնամքով փայփայելու, նոր սերունդ կրթելու առումով կարևորելու իմաստնության մասին: 2. Խաղացանկային խճանկար Դիտարժան էր փառատոնի խաղացանկի գերակշռող մեծամասնությունը. դասականների հանրահայտ գործերի նորովի մեկնաբանությունները, մեր ապրած ժամանակը անմիջականորեն անդրադարձնող մի քանի գործերը: Բեմադրական ուրույն մտածողության խորաթափանց կառուցիկությամբ առանձնանում էին Շիրվանզադեի «Պատվի համար»-ը (բեմ.` Վահե Շահվերդյան), Չեխովի «Արջը» և «Առաջարկություն»-ը (բեմ.` Վահան Բադալյան), Սունդուկյանի «Խաթաբալա»-ն (բեմ.` Արմեն Բայանդուրյան): Վերջինն, իհարկե, գտնված բեմադրական նորահայտ հնարքների հստակեցման կարիք ուներ, արտասովոր տեսակի «սրբագրված» ընդգծման: Ուրախալին օտարի հողում պետականորեն հարատևող ադամյանցիների 150-ամյա թատերախմբի հրաշալի նոր սերնդի հուսադրող հավաքականությունն էր` գեղարվեստական ղեկավարի մշտանորոգ ստեղծագործական ներշնչանքի կենսակունքը£ Տարաոճ էին ժամանակակից հեղինակների գործերի բեմավորումները ռեժիսորներ Արա Երնջակյանի («Ի զեն»), Աիդա Հովհաննիսյանի («Ալ ժողովի չեմ երթա») և Զոհրաբ Բեգ-Գասպարենցի («Ուշացողները») կողմից£ Ամենահստակը` այսօր անհայտ կարգավիճակում գտնվող նախկին «Փոսի» թատրոնի` փաստորեն միակ չմրցանակված ներկայացման դինամիկ, նպատակասլաց ասելիքն էր£ Ակնածալի էր Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մոռանալ Հերոստրատին» (Գ. Գորին) լեգենդար ներկայացման անխամրելի հմայքը£ Համամարդկային ամենժամանակյա ենթաշերտերի մշտակայուն հրատապությունը 32 տարի անընդմեջ նույն հնչեղությամբ չէր արտահայտվի, եթե գլխավոր հերոսի կերպարը, տարիների հետ բացառիկ կատարելության հասած իր կատարողական վարպետությամբ, ամեն հաջորդ ներկայացման ժամանակ չանձնավորվեր արդի հայ թատրոնի մեծագույն Արտիստի` իմ սիրելի Հերոստրատ Վլադիմիր Մսրյանի խոնարհումի արժանի նույն հրայրքով£ Ավելի անթերի վարպետության դասընթաց այսօր հազիվ թե գտնի դերասանական նոր սերունդը£ Մտածում էի շրջանցել բեմադրական «թափթփվածության» դրոշմը կրող ներկայացումները, որոնցում առավելագույնս նսեմացված էր դերասանական ընդհանուր խաղը` որակ չկազմող հազվադեպ առկայծումներով£ Սակայն ամենաարտառոցի մասին լռել չեմ կարող, քանզի անթաքույց ձգտում եմ նկատում հանիրավի գովաբանելու` չափանիշների գլխիվայր խեղաթյուրման մեր օրերի ծնունդ «կենացային» սրված մտածողությամբ£ Ֆիլիպոյական տրագիկոմիկական, տրագիֆարսային ժանրային դիմապատկերից միանգամայն խոտորված «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը» (բեմ.` Սոս Սարգսյանի) գրոտեսկախեղդ, պարզունակ կոմիֆարսը «Համազգայինի» թատրոնում` տարիքին անհարիր, բայց և միակ հաջողված` Կոնչետայի (Նարինե Գրիգորյան) դերակատարմամբ էր սոսկ ուշագրավ£ «Արտիստ» կարելի էր շնորհել Սերգեյ Թովմասյանին (Լուկա) Գրեգի նրա դերակատարման համար («Շան աղջիկը»). ի դեպ, իմ տպավորությամբ, այս թատրոնի վերջին շրջանի ամենահաջողված ներկայացումը` Սիլվիա-Նարինե Գրիգորյանի անժխտելի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ£ Այստեղ տեղին եմ գտնում նշել, որ Արմեն Մարգարյանին (Սուրեն, «Պատվի համար») «Արտիստ»¬ով խրախուսել կարելի էր Դորայի շեֆի (Բերֆուս, «Մեր ծնողների նևրոզները») դերակատարման համար: Հարություն Աստվածատրյանից հետո Մարգարյանը, ներմուծվելով, մեկ¬երկու անգամ է ընդամենը Սուրեն խաղացել և դեռ տքնաջան ճանապարհ ունի այն կայացնելու… Մրցանակը չարժեզրկելու նկատառումով կարելի էր ավելի պատեհ առիթ գտնել որոշ դերասանների բեմական վաստակը գնահատելու (հոբելյան, Թատրոնի օր…): Փառատոնային տարբեր ներկայացումների հիշարժան դերակատարումներից էին նաև` Ֆրեդ Դավթյանի Նիկեֆորը և Սերգեյ Մաղալյանի Վասիլը («Կայսր»), Արամայիս Սարգսյանի հայր Լավրենտիոսը և Համլետ Գյուլզադյանի Մերկուցիոն («Ռոմեո և Ջուլիետ»), Արա Դեղտրիկյանի Լոմովն ու Սմիրնովը («Արջը», «Առաջարկություն»), Գուրգեն Անտոնյանի Սեթը («Ուշացողները»)… Միանգամայն արժանի էր «Արտիստ»¬ի ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը, ով իր Հոգու և պարի թատրոնի 15-ամյա ինքնահաստատ գեղագիտությամբ ու բեմական 40-ամյա արարմամբ փարաջանովյան պոետիկ մտածողության ակնահաճո, հեզաճկուն արտահայտչամիջոցներով աննախադեպ թատերայնություն է հաղորդել արդի պարարվեստին£ 3. Ստվերում մնացած բեմականները Նախնական որոշման համաձայն, ի տարբերություն «Մետաքսյա-80»¬ի, «Արտիստ»¬ներ շնորհվեցին դերասաններին (բացառությամբ` թատրոնի թանգարանի երկարամյա վարիչ Սերգեյ Առաքելյանի, մոտ երկու տասնյակ թատերագիտական գրքերի հեղինակ Լևոն Մութաֆյանի և դասականների արդիաշունչ վերընթերցման ինքնատիպ թատերական տեսիլքով հատուկ դրվատանքի արժանի բեմադրիչ Արմեն Բայանդուրյանի)£ 9 հոգանոց մրցութային հանձնախումբը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ու ՀՀ Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի համանախագահությամբ, քննելով յուրաքանչյուրիս անձնական կարծիքը, ելակետ ընտրեց բարյացակամ խրախուսանքը£ Միաժամանակ մի քանի թատրոններում ներկա գտնվել և կոնկրետ գնահատական տալ փառատոնային ամեն մի ներկայացման թարմ տպավորությամբ` պարզապես անհնար էր£ Մնում էր ապավինել արդեն ձևավորված տպավորություններին£ Հյուրընկալ տանտիրոջ բարեկրթությամբ` Շահվերդյանն ինքը չէր միջամտում տարաձայնություններին£ Արդյունքում ամենաուշագրավ բեմադրական աշխատանքի` «Պատվի համար»¬ի դերակատարներից ըստ արժանվույն գնահատվեց միայն ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը (Անդրեաս Էլիզբարյան)£ Մինչդեռ խոսքի ու բեմական կերպարային վարքագծի հստակությամբ շահեկանորեն առանձնանում էին նաև Արամ Հովհաննիսյանի` «քաղաքակիրթ» նավթարդյունաբերող Բագրատը, Ռազմիկ Խոսրոևի` հայեցի հոգեկերտվածքով, արնաշաղախ Աստվածաշնչով, քողարկող դիմակից հնարավորինս հրաժարված Սաղաթելը և, հատկապես, Սամվել Փիլոյանի` հասարակական ու անձնական իդեալների ճակատագրական ձախողման դրամատիզմով տեսարանից տեսարան անկեղծորեն ներթափանցվող, մարդկային վսեմ արժանիքները, անկախ չարաղետ հանգամանքներից, արժանապատվությամբ պահպանող Արտաշես Օթարյանը£ Փառատոնային «Պատվի համար»-ի հայտնությունն էր ինձ համար վաստակաշատ արտիստի դերակատարումը` մինչ այդ տեսածներիս (թատրոնասպան հանդիսատեսի աննախանձելի հարևանությամբ) կատարելատիպը£ Փիլոյանի սունդուկյանական դերացանկում մնայուն արժեքներ համարելով Հեղինակը («Ոտքի°, դատարանն է գալիս»), Լեռնցին («Մեր բաժին ուրախությունը»), Միթչը (««Ցանկություն» տրամվայը»), Խաչատուրն ու Հովհաննեսը («Ես մի ծառ եմ ծիրանի»)` վստահաբար հավելում եմ Օթարյանի նրա այս մարմնավորումը ևս£ Այսուհետ նրան կատարողական անհամեմատ բարձր պահանջներ ներկայացնելու անզիջում մտադրությամբ£ Անթատրոն ժամանակները ստվերեցին երիտասարդական արտիստական ավյունը առավելապես մասսայական հանդիսատեսից զրկված թատրոնը պահպանելուն նվիրաբերած դերասանական նրա սերնդի անուրանալի դերը£ Շատերը այսօր անցել են երիտասարդության սահմանը, առանց որևէ փառասիրական ակնկալության շարունակում են ապրել միայն թատրոնով£ Արա Դեղտրիկյանը, Արթուր Կարապետյանը, Ռազմիկ Խոսրոևը, Սաթիկ Հախնազարյանը, Կարեն Ջանգիրովը, Ռուզան Գասպարյանը, Գեորգի Ամիրաղյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Մարիամ Ղազարյանը… Խաղացանկային ծանրությունը իրենց ուսերին կրող ուրիշներ£ Սա արդեն «Արտիստ»¬ի իրավասության շրջանակներից դուրս է£ Անհրաժեշտ է պետականորեն համակարգել ու գնահատել նվիրյալ սերնդի բեմականների ծանրակշիռ վաստակը£ «Արտիստ»¬ը վերստին հավաստեց պաշտոնական այդ մոտեցման (թեկուզ` ժամկետանց) կենսագործման բարոյական անհրաժեշտությունը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ