ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱՀԱՐՈՂ ՑԵՑԸ

Նույն ինքը` ՀԷՑ-ը

Հին անեկդոտը հիշեցի.

Լոռեցին տուն է մտնում ու ափսոսանքով ասում կնոջը.

- Մազ էր մնացել, որ ավտո ունենայինք:

- Ի՞նչ ավտո: Բա ինչի՞ չունեցանք,- ծղրտում է կինը:

- Մեկը ավտոն էր լվանում, ասեցի` «Ավտոդ ինձ կտա՞ս»: Ասեց` «Չէ´»: Բայց որ «հա» էր ասել, է˜´...

Քիչ էր մնում` համարյա սրա նման մի «հաղթանակ» էլ մենք տանեինք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հերթական անգամ որոշել է սպառողի գրպանը մտնել: Ու ավելի ամբարտավան եղանակով. ասում է գրպաններիդ պարունակությունը քսակս լցրեք, որովհետև ես շա˜տ շքեղ պիտի ապրեմ ու ձե´ր հաշվին: Թե չէ` «գնամ-բերեմ-ծա ռը կտրեմ»: Հետաքրքիր է, ուրիշի հաշվին շռայլ ապրողի բանականությունը ո՞ր սև սարի ետևն է կորչում. թանկ ապրանքը քիչ է վաճառվում, հետևաբար` եկամուտներն էլ նվազում են: Գազի օրինակը` վկա: Նույնիսկ կիսանորմալ ձեռնարկատերը պիտի որ գիտենա. եկամուտներով արտադրությունն են վերազինում` մեծացնելով դրա արդյունավետությունը, ինչի արդյունքում էլ նվազում է ինքնարժեքը: Բայց ՀԷՑ-ը ուրիշի փորձից դաս քաղողներից չէ: Երևի վստահ են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի է առնելու իրենց չունեցած արժանիքները:

Օրը ցերեկով այս թալանի դեմ ընդվզումը խիստ էր ու հիմնավոր: ՀԷՑ-ը, սակայն, պահուստային տարբերակ բերեց սակարկարան. ամենասկզբում խոսվում էր 6 դրամի մասին, հետո` 17 դրամանոց գնաթռիչքը մեջտեղ բերվեց: Հեռատես մարդիկ ի սկզբանե ասում էին, թե դա արվում է` 6-7 դրամը ժողովրդին որպես նվեր մատուցելու: Ընթացքը ցույց է տալիս, որ այդպես կարծողները ճիշտ էին: Այնպես որ` անեկդոտի հերոսի նման` ՀԷՑ-ը երևի ասելու է` «Քիչ մնաց ավտո ունենայինք, բայց մի հեծանիվ տվեցին: Էդ էլ քյար ա»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա էներգամատակարարման և գազամատակարարման ոլորտները վերջապես պետք է լուրջ հսկողության տակ առնվեն: Տարրական մի օրինակ. արդեն քանի˜ տարի սպառողը ահազանգում է հավելագրումների մասին: Ջրի հաշվիչների դեմ բողոքող չկա, որովհետև դրանք մեր բնակարաներում են, և ոչ մի տեսուչ չի կարող հաշվիչի ցուցմունքը կեղծել: Երբեմն ասվում է, թե բնակիչներն են հաշվիչի հաշվարկները խառնում` անազնիվ մեթոդներով կանգնեցնելով դրանք: Բայց կա պարզ տարբերակ. ցանկացած պահի տեսուչը գտնում է այդ խարդախությունները: Իսկ գազի և էլէներգիայի հաշվիչները դրսում են: Գազինը տուն բերել հնարավոր չէ, բայց կարելի է սպառողի համար մատչելի, տեսանելի տեղում կախել: Չի´ արվում: Փոխարենը տեսուչները ամիսը 2-3 անգամ են դրանց թվերը գրառում: Բնական է, իրենք իրե´նց չեն վերահսկում, իսկ սպառողը դա այլ կերպ է մեկնաբանում: Ասում են` յուրաքանչյուր ամսվա 1-ին 7-10 օրերի ցուցմունքի դիմաց մենք 2 անգամ ենք վճարում. դա գումարվում է նախորդ ամսվա ցուցմունքին, հետո` ընթացիկին:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա ո՞ր տրամաբանությամբ մենք պետք է վստահենք տեսուչին, երբ հավելագրումներն ակնհայտ են, սակայն ապացուցել չես կարող: Խորհուրդ են տալիս տանը 2-րդ հաշվիչն ունենալ, բայց դրսում տեղադրվածի ցուցմունքն է հաշվարկվում: Ինչո՞ւ:

Ամեն ինչի համար իշխանություններին ենք մեղադրում: Իսկ ժողովուրդը մեղավոր չէ՞ իր այս վիճակի համար: Նույն` գազի, էլէներգիայի տեսուչները «հասարակ ժողովուրդ» չե՞ն: Նրանք էլ մի կերպ ապրուստի ծայրը ծայրին են հասցնում, բայց հավելագրում են և իրենց նման ու իրենցից էլ դժվար ապրողներին ստիպում են վճարել` չօգտագործած վառելիքի դիմաց: Նրանց ձեռքով շորթվող գումարները հո իշխանությունների գրպա՞նը չի մտնում: «Լավություն» են անում որոշ «լավ տղերքի», ովքեր սովոր են ուրիշի հաշվին շքեղ ապրել: Ինչպես` ՀԷՑ-ը:

Ասում են` անլուծելի հարցեր չկան: Սակայն թերի լուծումները նոր ու ավելի դժվարալուծելի խնդիրներ են ծնում: Այս պարագայում` ՀԷՑ-ի պարտադրած գնաճը մերժելով, նրանց հայացքը կկտրեինք մեր գրպաններից: Այդ դեպքում երևի նրանք ինքնարժեքի իջեցման մասին կմտածեին (եթե մտածելու ունակությունը դեռ չի լքել համակարգի բոլոր ղեկավարներին): Հակառակ պարագայում` թանկացումների նոր հեղեղը նոր ավերածություններ է գործելու մարդկանց կենցաղում և հոգիներում: Ավելի քիչ էլէներգիա են օգտագործելու, ավելի շատ հավելագրված գումարներ են վճարելու… Խավարում ընտանեկան բյուջե խնայողից հնարավո՞ր է լուսավոր քաղաքացի ակնկալվել: Ո´չ և կրկին ո´չ: Հը-ը´: