Չմսխենք ջուրը մեր հանապազօրյա


Հայաստանում գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի թիվը գնալով աճում է. դա ինչ-որ առումով պետք է որ նպաստեր երկրի էներգետիկ անկախության ավելացմանը: Սակայն, զարմանալի է, որ ՀԷԿ-եր են կառուցվում նույնիսկ խմելու ջրի աղբյուրների վրա, երբ աշխարհում գնալով նվազում են խմելու ջրի պաշարները: Դժվար է ասել, թե կա՞ արդյոք մեկ այլ երկիր, որտեղ կարելի է նման երևույթի ականատեսը լինել, սակայն տպավորությունն այնպիսին է, որ էներգետիկ անկախությանը միտված ՀԷԿ-երի ծրագիրն իրականացվում է այսրոպեական հարցեր լուծելու համար` աչքաթող անելով բնությունից ստացված և ապագա սերունդներին թողնելիք ժառանգությունը պատշաճ փոխանցելու կարևորագույն հարցը: Այս և այլ հարցերի մասին է «Ավանգարդ»-ի զրույցը ջրային պաշարների և ջրի կազմի անկախ փորձագետ Սեյրան ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Այսօր Հայաստանում կան խմելու ջրագծերի վրա կառուցված ՀԷԿ-եր. արդյո՞ք դա ավելորդ ճոխություն չէ Հայաստանի համար, երբ աշխարհում խմելու ջրի պաշարների դեֆիցիտը տարեցտարի աճում է:

- Ջրագծերի վրա կառուցվող ՀԷԿ-երը խմելու ջրի քանակի վրա որպես այդպիսին գործնականում չեն ազդում, քանի որ դրանք կապ չունեն ջրի պաշարների հետ:

Խնդիրն այն է, որ մեր խմելու ջրի կորուստներն են ահավոր մեծ: Մենք աշխարհում ամենավատ կառավարում իրականացնողներից մեկն ենք: Երևանի համար մոտ 400 մլն խորանարդ մետր ջուր է վերցվում, բայց սպառողին հասնում է մոտ 70 միլիոնը: Այսինքն` խմելու ջրի մոտ 80-85 %-ը կորչում է: Նույնն է ոռոգման ցանցում: Մեր ջուրը բավարար է: Հայաստանը ջրի պակաս, որպես այդպիսին, իր բնակչության թվի համեմատ չունի: Մեր ջրի պակասությունը և ջրամատակարաման ոչ բարվոք ռեժիմը թե´ խմելու և թե´ ոռոգման առումով, կապված է մեր վատ կառավարման ու կորուստների ահավոր շատ լինելու հետ:

- Դուք ասում եք` ջրի խնդիր չունենք, բայց ՀԷԿ-երի տերերը պնդում են, որ անցյալ տարի անձրևները սակավ էին և ջրամբարները չէին լցվել: Այստեղ հակասությո՞ւն կա:

- Հայաստանում տարեկան վերականգնվող ջրի պաշարները, այսինքն` այն ջրահոսքերը, որոնք միշտ կան, 7-8 մլրդ խորանարդ մետր է: Եթե համարենք, որ մեր երկրի բնակչությունը 3 մլն է, ապա 3 մլրդ խորանարդ մետրը բավարար է: Ընդհանրապես, 1000 խորանարդ մետրը մեկ շնչին ընկնող չափաբաժինն է և համարվում է, որ երկիրը ապահովված է ջրով: Մեզանում մոտ 2,7 անգամ այն ավելի է մեկ շնչին ընկնող քանակից:

- Ամեն դեպքում Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ խմելու ջրագծի վրա ՀԷԿ է կառուցվում: Ջրի որակի վրա այն չի՞ ազդում:

- Ջրի որակի վրա այն խիստ ազդեցություն չի ունենում, պարզապես մի փոքր տաքանում է խողովակաշարի մեջ, բայց ես մեծ խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ուրիշ բան է, որ դրա կարիքը չկար, քանի որ Հայաստանը էներգիայով ապահովված է: Մի կողմից ՀԷԿ-երի կառուցումը նպաստում է էներգետիկ անկախության որոշակի աճին, բայց մյուս կողմից բոլոր ՀԷԿ-երը ազդում են էկոլոգիայի վրա, որովհետև ջրառ է իրականացվում, և էկոհամակարգը փոփոխության է ենթարկում: Բայց ունենք այն, ինչ ունենք:

- Իսկ ի՞նչ վիճակում է այսօր խմելու ջրի ցանցը: Բնակիչ-բաժանորդին տրվող ջրի որակը բավարա՞ր է:

- Որակի առումով խնդիր չկա:

- Եթե ջրի պաշարները բավարար են, այդ դեպքում ինչո՞ւ են բնապահպան-փորձագետներն ասում, որ Հայաստանում անապատացման միտում կա:

- Դա ընդհանուր պրոցես է, բայց, ճիշտն ասած, ես դրան այնքան էլ չեմ հավատում: Իսկ եթե անապատացում է տեղի ունեում, ապա մենք էլ դրա մեջ մեր բաժինն ունենք: Դա կրկին վատ կառավարման հետևանք է, որով նպաստում ենք դրան: Ռեալ եթե նայենք, մեր ջրի պաշարները լիուլի բավարար են և´ խմելու, և´ ոռոգման համար:

- Արարատյան հարթավայրում ընդերքի ջրային պաշարների ապօրինի օգտագործումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ է վնասել ընդհանրապես էկոհամակարգին:

- Մեծագույն բարբարոսութունն էր այն, ինչ արել էին այս վերջին տարիներին Հայաստանում, որովհետև Արարատյան դաշտի ստորջրյա որակյալ ջրերը անարգել և անսահմանափակ, անվերահսկելի ձևով սկսեցին հանել: Այդ պաշարների մոտավորապես 50 տոկոսից ավելի ջուր են հանում, քան կարելի էր հանել տարեկան: Դա աղետ է մեր երկրի, մեր բնակչության համար, և հետևանքները վատ են լինելու:

- Ինչի՞ դա կհանգեցներ, եթե նման կերպ շարունակվեր:

- Ստորերկրա խմելու ջրի ավազանի մակարդակը սկսել է նվազել, ինչի հետևանքով բազմաթիվ աղբյուրներ չորացել են: Այդ տարածքներում հողի խոնավության ռեժիմն է փոխվել, որն ազդել է գյուղատնտեսության վրա: Դա կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել: Եթե այսպես շարունակեն, Արարատյան դաշտը մի քանի տարում կդարձնեն անապատ:

Հ.Գ. Իրականում սա այն պատկերն է, որն այս պահին ունենք, մնում է հուսալ, որ ահազանգը, որը հնչեցնում է մասնագետը, մտորելու տեղիք կտա և կօգնի, որ սեփական երկիրը մսխելու փոխարեն` պատկան մարմինները նրան վերաբերվեն խնամքով և որոշումներ ընդունելիս լսեն մասնագետի խոսքն ու գործեն գրագետ: