ՈՒ ԲՈՒՐՎԱՌՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ

Հայկ Մխոյանի հաղթարշավը երգի միջազգային փառատոններում

Կոմիտաս` հայ երգի անլռելի զանգակատուն, հայ երգի մոգ ու մոգպետ, որի հանճարի առաջ 20-րդ դարասկզբին խոնարհվեց քաղաքակիրթ Եվրոպան:

Մեկ դար է անցել այդ ժամանակներից, և կոմիտասյան երգի ղողանջներից մի տեսակ խորթացել ենք ազգովի: Խորթացե՞լ ենք, թե՞ խորթացրել ու շարունակում են խորթացնել նաև այսօր...

Այսուհանդերձ, բարեբախտություն պիտի համարենք, որ մեզանում, թեկուզև սակավաթիվ, բայց կան կոմիտասանվեր երգիչ կատարողներ, ովքեր առմիշտ բաբախուն են պահում հայ ազգապահ երգի զարկերակը, պաշտում մեծն Վարդապետին` իրենց երգացանկը հարստացնելով նրա սքանչելի երգերի մարգարտաշարով:

Այդպիսի ազգային ու պայծառ երգիչների առաջին շարքում է Հայկ Մխոյանը, ում, թերևս, ավելի լավ գիտեն միջազգային փառատոնների կազմակերպիչներն ու այլազգի երգարվեստի սիրահարները, քան բուն մայր հայրենիքում: Ցավոք, այսպես է մեզանում` գնա, կայացիր դրսերում, հետո նոր միայն ճանաչում կունենաս այստեղ: Տխուր է, անշուշտ, որ այսպիսին է մեր իրականությունը: Բայց կոչումով արվեստագետի համար դա´ էլ խնդիր չէ: Ինքս քաջատեղյակ եմ Հայկ Մխոյանի և´ երգարվեստին, և´ նրա անցած փառահեղ ճանապարհին ու միջազգային մրցույթներում նրա արձանագրած նվաճումներին: Ուստի վերհիշեմ. անցած տարի ճիշտ այս օրերին էր, երբ նա հրավեր ստացավ մասնակցելու Բուլղարիայի Վառնա քաղաքում կայանալիք «Ծով և հիշողություն» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և նվաճեց գլխավոր մրցանակը: Այնուհետև մեր տաղանդաշատ երգիչը հրավերներ ստացավ Իսպանիայից, Իտալիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից... Բայց... Բայց որքան էլ զարմանալի է` իր երկրին ու ժողովրդին փառք ու պատիվ բերած երիտասարդ երգչին սատարող չեղան ոչ համապատասխան գերատեսչությունները, ոչ էլ իսկական արվեստը գնահատող որևէ մեծահարուստ-բա րերար սուտ երգիչների փոխարեն չբռնեց նրա ձեռքը, և Հայկը չկարողացավ ներկայանալ հիշյալ երկրներում կայանալիք մրցույթներին...

Ամեն դեպքում հզոր կամքի տեր ու անօրինակ աշխատասիրությամբ օժտված երգիչը, որքան էլ դառնացած, չտկարացավ հոգեպես, չերկնչեց դժվարություններից և շարունակեց համերգային իր գործունեությունը հարազատ միջավայրում` իրեն տրամադրելով նոր ու առավել բարձր նվաճումների:

Եվ ահա վերջերս կրկնակի հրավեր` նույն Բուլղարիայից. Վելիկո Տառնևո քաղաքում «Euro Folk 2015» մրցույթ-փառատոն, որին մասնակցում են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանից միակ հրավիրյալ ներկայացուցիչը Հայկ Մխոյանն էր, ով Վելիկո Տառնևո կարողացավ հասնել «Փյունիկ» հիմնադրամի մեկենասությամբ: Փառատոնի առաջին օրը նա խստապահանջ ժյուրիին ու բազմահազարանոց ունկն-դրին ներկայացավ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման» և Մուրադ Մշեցու «Դե զարկեք», իսկ երկրորդ օրը` Կոմիտասի «Հորովել» և Մուրադ Մշեցու «Ազատության գինը» երգերի փառահեղ կատարումներով: Արդյունքում` ոսկե մեդալ, հաղթողի դափնեպսակ, օվացիաններ...

Նույն օրը կայացավ նաև հերթական` «Ժամանակի ձայներ»` նախորդի հետ բոլորովին կապ չունեցող մրցույթ-փառատոնը: Մայիսի 9-ին Հայկ Մխոյանի կատարմամբ կրկին բուրվառեց Կոմիտասյան երգը` «Հորովելը»: Հաջորդ օրը Հայկ Մխոյանն այդ հյուրընկալ երկրի լեզվով կատարեց «Բուլղարիա, դու իմ միակն ես» երգը` կրկին նվաճելով նաև այս փառատոնի առաջին` «Ոսկե մեդալ» և «Գրան պրի» մրցանակները: Սա արդեն աննախադեպ երևույթ էր ոչ միայն մեզանում: Հիացած էր ոչ միայն հանդիսատեսը, այլև ժյուրիի ողջ անձնակազմը:

- Շնորհակալ ենք ձեզ, սիրելի երգիչ, որ այդպես բարձր արվեստով ու ասպետորեն ներկայացրիք և´ հայկական սքանչելի երգը, և´ ձեր երգի հանճարին` Կոմիտաս անունով, ում չէինք ճանաչում առայսօր,- ասել է ժյուրիի նախագահը` շնորհավորելով ու երախտագիտություն հայտնելով տաղանդավոր հայ երգչին:

Նշենք, որ Հայկ Մխոյանը բոլոր ելույթների ժամանակ իր ուսերին փառավորել էր Հայոց Եռագույն դրոշը, իսկ կուրծքը զարդարել Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկով, ներկայացրել Կոմիտասին, նրա ողբերգությունը` որպես հետևանք թուրք երկրի եղեռնագործության: Խոստովանենք, որ սա արդեն ավելին է, քան, թերևս, այդ հնչեղ մրցույթներին մասնակցելը, որովհետև փառատոնների ժամանակ հնչեցնելու կոչված է միմիայն երգը և ոչ ավելին: Դա պարզապես անթույլատրելի է: Հայկի ցեղասպանության մասին խոսքից հետո, միջազգային բեմից հենց իրենք` բուլղարացիները, հնչեցրին «ցեղասպանություն» բառեզրույթը` Եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին. բառ, որից սարսափում են թուրքերը և թշնամանում այդ բառն արտաբերողի հանդեպ:

Դե ինչ, այսքանից հետո սքանչանանք մեր սիրելի երգչով, նրանով հպարտանանք ազգովի և շնորհավորենք նրան ու ինքներս մեզ, որովհետև Հայկ Մխոյանի հաղթանակները, ի վերջո, ազգային հաղթանակներ են, որպիսիք հաճախ չէ, որ մենք ունենում ենք:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ