Երկնքում 100-ամյա հրեշտակներն էին


Անսովոր, յուրահատուկ տոն էր Կոտայքի մարզի Քաղսի գյուղի համայնքում: Տոնի` ցերեկույթ-հանդեսի հեղինակները Քաղսիի մանկապարտեզի երեխաներն էին:

Միջոցառումը նվիրված էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը, գարնան զարթոնքին և մայրությանը: Միաժամանակ այն նաև հիշատակի և հարգանքի տուրք էր իրենց նման թոթովախոս ու երբեմնի երջանիկ այն բազմահազար փոքրիկներին, ովքեր դաժանաբար հոշոտվեցին 1915-ին թուրք հորդաների կողմից. նրանք բարձրացան երկինք և դարձան փոքրիկ հրեշտակներ:

Մանկապարտեզի երկարամյա տնօրեն Զեմֆիրա Մկրտչյանն իր աշխատանքային տարիների ընթացքում առաջնահերթ խնդիր է համարում և կարևորում հայեցի դաստիարակությունն ու կրթությունը, որի տիպիկ օրինակն էր այս միջոցառումը:

Դահլիճի բեմում ավագ և միջին խմբերի երեխաներն էին երգում, պարում ու արտասանում` սիրո, հրճվանքի և ուրախության հաճելի պահեր պարգևելով տատիկներին, պապիկներին, մայրիկներին և հայրիկներին: Վերջիններս դահլիճի սրահում նստած էին սեղանների շուրջը, իսկ սեղանների վրա զուտ հայկական զատկական ուտեստներ էին, կավե նախշազարդ ափսեներով, կժերով ու կուլաներով:

Սա ընտանեկան, համայնքային տոնակատարություն էր, որտեղ գործող անձինք երեխաներն էին, ծնողները և դաստիարակները:

Մինչ միջոցառումը երեխաները խմբերով այցելել էին թոնրում լավաշ թխող տատիկներին, խնոցի հարող և պանիր պատրաստող մայրիկներին: Այժմյան գյուղերում դեռևս սովորական թվացող թոնիրները և խնոցիները շուտով կմտնեն թանգարան. դրանց փոխարինելու են եկել նոր սարքավորումներ: Եվ այդ այցերի նպատակն էր, որ երեխաների հիշողության մեջ պահպանվի իրենց տատերի կենցաղը, ապրելակերպը, իմանան իրեն նախատատերի ծեսերն ու սովորությունները, ճանաչեն իրենց արմատները:

Իրենց ասմունքով, երգով ու պարերով երեխաներից ետ չէին մնում տատիկներն ու պապիկները: Իսկ ամենազվարճալին տատիկ-պապիկների խաղ-մրցույթն էր, որին երեխաները պատասխանում էին անզուսպ քրքիջով և հաղթողներին հանձնում իրենց ձեռքով պատրաստած մրցանակները:

Տոնակատարությանը յուրահատուկ մասնակցություն ունեին դաստիարակչուհիները, ովքեր թատերականացված հեքիաթների հերոսների դերերով ղեկավարում էին միջոցառումը: Ուշագրավ էր նաև գյուղապետ Սայադ Ալեքսանյանի խոսքը և նրա սրտաբուխ մասնակցությունը ցերեկույթին:

Ամենազարմանալին ու հետաքրքրականը այն էր, որ բոլոր մասնակիցները և անգամ հյուրերը ստացան խորհրդանշական նվերներ` զամբյուղներ: Զամբյուղի մեջ մեծ կարմիր խնձորն էր, որը Աստվածաշնչյան խորհուրդ ուներ. նախշազարդ կտրվածքով բաժանված էր երկու մասի` Ադամի և Եվայի համար, իսկ խնձորի փորված կենտրոնում շոկոլադե փոքրիկ ձվիկն էր, որը խորհրդանշում էր կյանքի սկիզբը` երեխան:

Զամբյուղում կար փոքրիկ կլոր գաթա, որը բնորոշում է հայ ժողովրդի քաղցրությունը: Բնորոշ էր տնօրենի բացատրությունը.

- Հայկական օջախում հյուրերին դատարկ ձեռքով չեն ճանապարհում:

Երբ հայտարարվեց ցերեկույթի ավարտը, ոչ-ոք չէր ցանկանում հեռանալ այդ հրաշալի օջախից:

Ամենուրեք խինդ էր և ուրախություն, իսկ երկնքում սավառնում էին արդեն սրբացված 100-ամյա հրեշտակները:

Հայարփի ԵՆՈՔՅԱՆ

Ծնող, Բժիշկ-ստոմատոլոգ