Իրենցից դժգոհ ճապոնացիները


Հատկապես նրբագեղ ճապոնուհիներով գրեթե ողջ աշխարհն է հիանում, բայց պարզվում է, որ նույն աշխարհում ամենից շատ ճապոնացիներն են դժգոհ իրենց արտաքինից:

Գերմանական JFK ընկերության մասնակիցներն ընդլայնված հետազոտություն են կատարել, որին մասնակցել է 15 տարեկանից բարձր 270 հազար մարդ` 22 երկրից: Հետազոտությունն արձանագրել է, որ ճապոնացիների 38 %-ը դժգոհ է արտաքինից: Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է 20 %, Ռուսաստանում և Հարավային Կորեայում` 19 %:

Իսկ ահա իրենց տեսքից ամենից ավելի գոհ մարդիկ ապրում են Լատինական Ամերիկայում (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Իրենց արտաքինը բարձր են գնահատում նաև մեքսիկացիները, բրազիլացիները, արգենտինացիները (60-70 %): Ճիշտ նույն չափով «իրենք իրենց սիրելի» են իսպանացիները, գերմանացիներն ու թուրքերը:

Փորձագետների ստացած այդ տվյալները հաստատվում են նաև պլաստիկ վիրահատությունների քանակով. վիրաբուժական միջամտությամբ իրենց արտաքինը բոլորից շատ գեղեցկացնում են Ասիայում:

Թե որքան ջանադրությամբ են ծագող արևի երկրի բնակիչները հետևում իրենց արտաքինին` կարելի է համոզվել նույնիսկ հանրային փոխադրամիջոցներում. իրենց սանրվածքն ու հագուստը անվերջ ուղղում են ոչ միայն կանայք, այլև` տղամարդիկ: Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք հիանում են իրենցով ու փորձում են հիացնել ուրիշներին, այլ, որովհետև չափազանց բծախնդիր են իրենց հանդեպ: