ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԿՈՆՑԵՐՏԸ` ԳԼԽԱՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ


«Իրական արարչի մոտ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է իրադարձություն լինի և պետք է խնդիրներ վեր հանի»:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսության մասնակիցները անակնկալի եկան Երգահանի անունը կրող համերգասրահ մտնելուն պես: Որպես ազդականչ զիլ հնչում էր Խորհրդային Հայաստանի պետական հիմնի 1944-ին նրա գրած երաժշտությունը: «Մեծանուն հայի ծննդյան օրը` հունիսի 6-ը, արդեն 10-րդ անգամ արժանվույն նշանավորվում է ջութակի, թավջութակի կամ դաշնամուրի համար ստեղծված կոնցերտների մրցակցային կատարումներով:

- Մրցույթի կազմակերպիչները` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի պետական կոնսերվատորիան աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության բոլոր գոհարներն են փորձում փրկել հանիրավի մոռացությունից, չէ՞ որ, Խաչատրյանի խոսքերով ասած, բոլորն էլ «սրտով են գրվել»,- հաճելիորեն զարմացած բարձրաձայն մտորեցին շատերը: - Որքա˜ն ազգային կոլորիտ կա այս խրոխտ հնչյուններում, որքա˜ն արև ու խինդ:

Ապա կատակի տվեցին.

- Գուցե նոր հեղափոխությու՞ն է սկսվել:

Չհասցրեցին թեժանալ նորանկախ Հայաստանի պետական հիմնի շուրջ նիրհած քննարկումները: Մեծադիր էկրանին փաստավավերագրական կինոժապավենի պտույտով և հանրաճանաչ արվեստագետների գնահատանքի խոսքերով, ասես, կենդանացավ ինքը` Խաչատրյանը: Լերմոնտովի «Դիմակահանդեսի» համար գրված սքանչելի վալսի քնարաշունչ մեղեդայնությամբ կասեցրեց իր ծննդյան օրվա արտասովոր տոնակատարության մասնակիցների տրտում խոհերի հախուռն ընթացքը:

Դեռ մանկուց, ծննդավայր Թիֆլիսի Արղության-Դոլգորուկովայի վարժարանում հմայված լինելով Ղազարոս Աղայանի որդու` Մուշեղի վարած երգի դասերով և առևտրի տեխնիկումի փողային նվագախմբում շեփոր հնչեցնելով` Արամ Խաչատրյանը դրսևորել է հանրահայտ մեղեդիների իմպրովիզացիոն կատարումների շնորհալի հակումները: Եղբոր` Սուրենի թեթև ձեռքով է 19 տարեկանում հնարավորություն ստացել Մոսկվայում փայլուն մասնագիտական կրթություն ստանալու: Ուսուցչի` Գնեսինի խորհրդով 2 տարի թավջութակի նվագն ուսանելուց հետո տեղափոխվել է ստեղծագործական դասարան` լիովին տրվելով գործիքային երաժշտության տարերքին: Իր ժողովրդի մշակույթն ունենալով որպես ներշնչանքի անսպառ ակունք` հենց ուսումնառության տարիներին է ի հայտ բերել ձգտումը դեպի «վառ կոնցերտայնություն»: Վիրտուոզ մենակատարի և սիմֆոնիկ նվագախմբի միջև ազատ իմպրովիզացիոն մրցակցության կնիքով արարված կոնցերտներն էլ անմիջապես գտել են իրենց փայլուն մեկնաբաններին` դաշնակահար Լև Օբորոնին, ջութակահար Դավիթ Օյստրախին և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկուն: Առաջին փայլուն կատարումներով էլ հռչակվել են Արամ Խաչատրյանի կոնցերտները, հաստատվել հանրաճանաչ երաժիշտների նվագացանկերում: Եվ ողջունելի է, որ նրա անունն ապրեցնող միջազգային մրցույթի գլխավոր հաղթաթուղթը քրեստոմատիական արժեք ձեռք բերած խաչատրյանական կոնցերտներն են:

Բեմում հայտնվեց մրցույթի մասնագիտական հանձնախմբի նախագահ, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը, ում կատարմամբ ձայնագրված Արամ Խաչատրյանի (1903-1978թթ.) դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն 2007-ի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դասական ալբոմ» անվանակարգի հաղթող էր ճանաչվել:

Հենց նրա «գլխավոր գրաքննությամբ» էին 10-րդ մրցույթին մասնակցելու իրավունք ստացել 50 հայտատու դաշնակահարներից 24-ը (կողմնակի աննպաստ հանգամանքներով` մեկն ինքնաբացարկ է ներկայացրել):

- Երիտասարդ դաշնակահարներին իրենց կատարողական ներուժը լիովին դրսևորելու առավել լայն հնարավորություն ենք ընձեռել հոբելյանական մրցույթի շրջանակներում,- ասաց Արմեն Բաբախանյանը :- 1-ին և 2-րդ փուլերի քառօրյա ընթացքում նրանց 45 և 60 րոպե տևողությամբ նախատեսված ելույթներն ըստ էության ազատ երկացանկով մենահամերգներ են: Հունիսի 12-ին և 13-ին եզրափակիչում հանդես եկողները հնչեցնելու են Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտն ու «Ռապսոդիան»: Քանի որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթն արդեն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերեցիային է անդամակցում, կատարողական արվեստի գնահատման անհամեմատ բարձր չափանիշներ են սահմանվել: Նորահայտ տաղանդավոր երաժշտի հետագա կայացմանը նպաստելու միտումով մասնագիտական հանձնախմբում հանրահայտ երաժշտագետների «հարևանությամբ» այս անգամ գործելու են բազմափորձ մենեջերներ, տարբեր հեղինակավոր փառատոների տնօրեններ Քարսթեն Դյուրերն ու Մարտին Հոֆմայսթերը (Գերմանիա), Սամանթա Մարի Փոլաքը (ԱՄՆ), Միշել Մարտին Դիդյեն (Ֆրանսիա): Վերջին փուլերում դժվարին փորձություն է սպասվում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) երաժիշտներին` հիմնադիր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: 8 տարբեր գործերի պատշաճ նվագակցություն են ապահովելու շնորհալի այս երաժիշտները: Պետության և ԱՊՀ երկրների միջպետական մշակութային հիմնադրամի բացառիկ հոգատարությունը վայելող այս մրցույթը, հավատում եմ` մարտունակ կլինի միջազգային ասպարեզում արդեն գտնված բարեկամական կապերի ամրապնդմամբ:

«Ավանգարդի» այն հարցին, թե հնարավո՞ր է որպես մրցույթի հոբելյանական անակնկալ ՀՊԵՆ-ն, մրցութային կանոնակարգի համաձայն, վերջապես հնչեցնի 2011-ի խաչատրյանական ստեղծագործական մրցույթում հաղթանակը կիսած` Ալեքսանդր Իրադյանի և Տիխոն Խրեննիկով կրտսերի գործերը, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց.

- Մրցույթը լուրջ մասնագիտական բովանդակություն է ունենալու, ուստի այդ ուղղությամբ ենք միայն կենտրոնացրել մեր կազմակերպչական ռեսուրսները: Երիտասարդ կոմպոզիտորների առկա ներուժը բացահայտելու նպատակով մեր մրցույթի շրջանակներում փորձեցինք գոնե մեկ անգամ նրանց միջև ստեղծագործական մրցակցություն կայացնել: Ինչ վերաբերում է հաղթող ճանաչված գործերի հանրաճանաչմանը, Խրեննիկովինը Ռուսաստանում կկատարվի, իսկ մեր Ալեքսանդր Իրադյանի գործը մտադիր ենք ներկայացնել աշնանային խաչատրյանական փառատոնի երկացանկում:

Տեղեկացնենք, որ հաղթողները և մրցանակակիրները հայտնի կդառնան և հանդես կգան հունիսի 14-ի երեկոյան միայն: Հուսանք, որ վարկանիշային նորամուծութ յունները գործնականում նպաստավոր կլինեն Արամ Խաչատրյանի անվան մրցույթի միջազգային հեղինակության կայուն բարձրացմանը և ստեղծագործության համաշխար հային հանրահռչակմանը: Չէ՞ որ երաժիշտների ամեն նոր սերունդ պիտի հայտնաբերի իր Խաչատրյանին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Խաչատրյանին ընդգրկելով 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների ցանկում, «Գայանե» բալետից «Սուսերով պարին» է միայն տեղ հատկացրել մեր ժամանակների ամենահանրաճանաչ գործերի շարքում:

Հավելենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին մասնակցել են 8 դաշնակահար: Մասնակիցներից մեկը` Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը, վատառողջ լինելու պատճառով դուրս է մնացել մրցակցությունից:

Եզրափակիչ փուլ են անցել 4 մասնակից:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ