ՎՏԱՆԳՎԱԾ ԿՈԹՈՂՆԵՐԻ ԹԱՌԱՆՉԸ


Գարնանամուտին, ավա˜ղ, արթուն մտավորականներից քչերը հիշեցին, որ Երևանի քաղաքային պանթեոնում է արդեն 80 տարի հանգչում այս երևելի հայը` իր ազգի շինարարական ինքնօրինակ հանճարը աշխարհով մեկ հռչակած Թորոս ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ:

Գլխիկոր հպարտությամբ Կոմիտասի այգուց կամկար ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նորաստեղծ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, Արամի փողոցի ամբողջ երկայնքով շրջելիս երկհարկանի պատմական շենքերի բարբարոսաբար ավերակված բեկորներ միայն տեսան: Ամոթահար կանգ առան Տիգրան Մեծի ու երբեմնի Ալավերդյան, Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկներում, կարկամեցին` հայացքները սևեռելով անճաշակության «կոթողային» տխեղծ վկայություններին: Քայլ առ քայլ մռայլվեցին` ոչ մի կերպ չհամակերպվելով քաղաքամայր Երևանի կենտրոնական տարածքի աններելի քարեղեն խայտաբղետությանը: Այլևս չփորձեցին սփոփվել Թորոս ճարտարապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ մտահղացված հոբելյանակատարության երևակայական տիրույթում: Հանկարծ սարսռացին ու կամա-ակամա մտածեցին` Տրդատ ճարտարապետի դարավոր փառքը Անիի փլատակներից վեր հանած Թորամանյանը աներկբայորեն շանթահար կլիներ իր իսկ առաջատարութ յամբ տասնամյակներով երկյուղածությամբ պահպանվող ու վերականգնվող պատմամշակութային շինությունների այսօրինակ վայրիվերո փլուզման կենդանի պատկերնե րից:

Ամառնամուտին, ավելի ստույգ` հունիսի 4-ին, ոլորտի հատուկենտացող նվիրյալները, առանց լուրջ ակնկալիքների, Մատենադարանում և ՀՀ Ազգային գրադարանում մասնակցեցին Թորամանյանի անունն ու գործը պատշաճ բարձրաձայնելու միտված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին: Համազգային մնայուն արժեքների անմխիթար համապատկերով լրջորեն տրտմած մտավորականների անարև հոռետեսությունը փոքր-ինչ փարատվեց: Ինչու` փոքր-ի՞նչ, որովհետև անհամեմատ զրն-գուն նշանավորվեց «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող հայ-իտալական համագործակցային եռամյա ծրագրի ավարտը:

Օդում կախված մնաց հարցերի հարցը` մի՞թե հնարավոր չէր պահպանել անցյալ դարի քսանականներին Թորոս Թորամանյանի, Մարտիրոս Սարյանի ու Ալեքսանդր Թամանյանի ստեղծած և «Հայվերականգնումնախագիծ» ինստիտուտի Հնագիտական հուշարձանների հետազոտման, կոնսերվացման և վերականգնման ճարտարապետա կան արվեստանոցը: Զավեշտալի կերպով վերացվեց գործնականում իրեն տասնամյակներով արդարացրած, կոմիտեից Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության իրապես ինքնուրույն, կայուն լծակներով գերատեսչության վերաճած կառույցը: Հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադրի անուրանալի վաստակի պատշաճ արժևորման միակ պայծառ հեռանկարը հարկ է, որ մայրաքաղաքի քարեղեն դիմագծում շուտով ամրագրվի:

... Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարների և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովանի Ռիչուլիի գնահատանքի խոսքերով մեկնարկեց Թորոս Թորամանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը: Երբ հայ-իտալական կրթական ծրագրի պատասխանատու Գայանե Կազնատին ներկայացրեց Միլանի և Թուրինի պոլիտեխնիկական համալսարաններում Երևանի Ճարտարագիտական համալսարանի շուրջ 200 ուսանողների ստացած վարպետության դասընթացների արդյունավետության ընդհանուր պատկերը, հայաստանցի փորձառու մասնագետներից շատերը թեթևացած շունչ քաշեցին` ուրեմն շուտով կհամալրվեն վերականգնող ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի աշխղեկների նոսրացած շարքերը: Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի բարի կամքով, նրանցից չորսն արդեն ընդգրկված են նախարարության աշխատակազմում և փորձում են իրենց ամբարած գիտելիքների պաշարով գործնականում օգտակար լինել ոլորտի կնճռոտ հիմնախն դիրների հանգուցալուծմանը: Տեսանյութերի համադրությամբ հանգամանալից ներկայացվեցին 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված եռամյա միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացված կրթամշակութային, փորձագիտական-վերականգնողական, նախագծային-չափագրական բոլոր աշխատանքները: Հատկապես ար-ժևորվեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծված որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում` կտավի/պաննոյի վրա արված նկարների և Հայաստանի պատմության թանգարանում` մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիաները: Կարևորվեց այն փաստը, որ Հայաստան բերված բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ ծրագրի ավարտից հետո հատկացվել են տեղական համապատասխան հաստատություններին:

Ներկաների կողմից գոհունակությամբ ընդունվեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հայտարարությունը` հայազգի ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015թթ. հոբելյանական միջոցառումների օրացույցում: Թորամանյանի կյանքն ու գործը հակիրճ ներկայացնող Կորյուն Ղաֆադարյանի զեկույցն իր շարունակությունը գտավ ազգային գրադարանի Թամանյանական մեծ սրահում: Իգիթ Ղարիբյանի, Վլադիմիր Բեսոլովի, Աշոտ Գրիգորյանի, Դավիթ Քերթմենջյանի, Միքայել Բադալյանի, Հակոբ Սիմոնյանի և Անի Հայկազունու սեկցիոն ելույթներով հստակվեցին պատկերացումները աշխարհահռչակ հայազգի հոբելյարի անուրանալի վաստակի մասին: Հույսի շողարձակում երևաց մեծաքանքար գիտնական-շինարարի անուրանալի վաստակի թերարժևորումից տրտմած ներկաների հայացքներում: Թամանյանական փոքր սրահում միաժամանակ ընթացող երկրորդ սեկցիոն աշխատանքներում, ավա˜ղ, անհամեմատ շատ էին օտարազգիները. քննարկվում էին Իտալիայում վարպետացած ուսանողների ավարտական աշխատանքները... Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Պորտուգալիայից և, իհարկե, Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ընդգրկված բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ հայերեն և անգլերեն լեզուներով զեկուցումներ կարդացին, քննարկեցին Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության մի շարք հիմնահարցեր: Ցավալիորեն պարզ դարձավ, որ վտանգված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում սփռված հնամենի կոթողների մերօրյա ճակատագիրը և դեռևս հրատապ է մնում դրանց համակողմանի պատշաճ վերականգ նումն ու պահպանությունը:

Պատրիկ Դոնաբեդյանի, Մաուրիցիո Բորիանիի, Լորենցո Յուրինայի, Ստեֆանո Վոլտայի և Լուչիո Սպեկայի ներկայացմամբ ամփոփվեցին Արուճի և Տաթևի, Քոբայրի և Ախթալայի, Սանահինի և Հաղպատի, հայկական որմնանկարների վերականգնման նպատակով արված ուսումնասիրությունները, կառուցվածքային ամրակայման նախագծերը: Գեղարդավանք, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Արուճ, Երերույք, Քոբայր, Ախթալա, Սանահին, Հաղպատ այցելությունների ընթացքում, հնավայրից հնավայր ուժգնացավ փոքրածավալ մեր հայրենիքի տարածքում բացօթյա թանգարան ձևավորած ազգային ինքնության կոթողային վավերագրերի փրկության թառանչը: Հայտնի հեղաբեկումներով ու Արցախյան ազատամարտով բնականոն երկարաձգված համապարփակ օգնությունը նոր է միայն գործնական հունի մեջ մտնում: Թորամանյանական բանիմաց նվիրում է հարկավոր հետագա ավերածությունների մոտալուտ կասեցման համար: Թորոս ճարտարապետի երբեմնի կանխատեսում-պատգամին անսալով` «Ես միայն արահետը բացեցի, դուք պիտի մայրուղին կառուցեք »:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ