ԵՎ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿԱՊՐԻ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ


«День на редкость - тепло и не тает, -
Видно, есть у природы ресурс, -
Ну... и, как это часто бывает,
Я ложусь на лирический курсե.
В. Высоцкий

Վլադիմիր Վիսոցկու (1938-1980թթ.) հեղինակած շուրջ 600 երգերից շատերը շարունակում են փոթորկել նրա հայ երկրպագուների հոգիները: Հարյուրավոր չափածո և արձակ էջերում ամրագրված կենսափիլիսոփայական խոհերով նորանոր սերունդներ են հոգեհարազատանում խորհրդային կինոյի և Տագանկայի տարեգրության մեջ իր անշփոթելի հետագիծը թողած բազմաշնորհ արտիստի ստեղծագործական նկարագրին:

Գուցե թե Վիսոցկու մեր անկասելի պաշտամունքի թելադրանքով էր, որ օրերս մեր սերն հավերժացնող արժեքավոր նվեր ստացանք «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից: Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հարևանությամբ, «Մելոման» ակումբի ճակատային մասում տեղադրվեց Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը (քանդակագործ` Յանիս Ստրուպուլիս): Հենց այդ առիթով էլ Հայաստան էին ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազգային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը: Վերջինս, տպավորված քաղաքամայր Երևանի կենտրոնական զբոսավայրերից մեկում լատիշ արվեստագետի ուշագրավ աշխատանքի տեղակայման փաստով, հույս հայտնեց, որ հայաստանցի մելոմանները, կիթառային իրենց վարպետ նվագով և մեղեդային երգերով կգեղեցկացնեն Կասկադի շուրջ տարածված այս զբոսավայրը: Ավելին, Վիսոցկու ստեղծագործական ժառանգության կենդանի կատարումներով կթանձրացնեն նրանում ձևավորված մշակութային մթնոլորտը:

Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից և ԱՄՆ-ից ներգրավված հարյուրավոր մասնագետներ են սիրով ու խորին ակնածանքով համագործակցել` Վիսոցկու կարճառոտ, բայց հարուստ տարեգրության հիշարժան էջերից մեկը` 1964-ին մուտքը Մոսկվայի Տագանկայի թատրոն ամրագրող 50 սմ տրամագծով շրջանաձև հարթաքանդակի մոդելավորման և պատրաստման աշխատանքներին: Հարթաքանդակի վրա զետեղված է 1974 թվականին աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի հայտնաբերած և «ՎլադՎիսոցկի» անվանակոչված փոքր մոլորակի նրա իսկ ձեռքով պատրաստված պլաստիլինե պատկերը: Վիսոցկու ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով զարդարված մակերեսին ամրագրված է նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանինը:

Ի հաստատումն տիեզերքի հանրահայտ հերոսներից մեկի ցանկության, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում տեղի ունեցավ անցյալ դարի 70-ականներին Վիսոցկու հայաստանյան համերգների վերհուշով առլեցուն առաջին բացօթյա համերգը:

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ