«Ծայրահեղ կոմունի՞ստ», թե՞ «ամբիցիոզ կարիերիստ»


1. - Մեր քաղաքական դաշտում 3-րդ ուժի անհրաժեշտությունը օրախնդի՞ր է: 2. - Արդյոք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ: 3. - Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում: 4. - Կարծեք թե անցել են այն ժամանակները, երբ եղած կուսակցությունների տրոհմամբ նորերն էին ստեղծվում: Ժամանակը չէ՞ հակառակ` միավորման (թեկուզ նույնիսկ վերամիավոր ման) գործընթացի: Մերօրյա քաղաքական համայնապատկերը ենթադրել է տալիս` երբ Աստված մարդկությանը ծայրահեղականություն է «բաշխել», հայերը հաջողեցրել են պետք եղածից ավելին ստանալ: Բնականաբար, ծայրահեղության պակաս չունեցող` մեր հայտնի քաղուժերը` ամենքն իրենց հերթին, միայն իրենց ճշմարտությունն ու դիմացինի սխալականությունն են ընդունում` քամահրելով ոսկե միջինի պատշաճությունը: Թե որքանով է դա սնում նրանց` մենք չդատենք. իրենց համար չգիտենք ինչպես, բայց, որոշակի չափանիշներով, դա չափազանց վտանգավոր է` քաղաքական նմանատիպ տրամադրություններով վարակված ժողովրդի համար: Ուստի, օրվա հրամայականի տեսք ստացած երկխոսությունը ոմանց համար ցանկալի և իրագործելի է, թեկուզև երրորդ ուժի պարագայում: Սակայն մնացյալի համար էլ դեռևս հայտնի չէ վերոբերյալ ուժի անհրաժեշտության որքանությունը: ՀԿԿ նախագահ, Հայաստանի կոմկուսի առաջնորդ նախագահ Ռուբեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ համոզմամբ` 1. - …Երբ նայում ենք քաղաքական կյանքին, կա հետևյալը. կոալիցիա` չորս կուսակցությունից բաղկացած, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը` «քսանութ» կուսակցություններով: 2. - Ոչ, պատճառն այդ ուժի բացակայությունը չէ, որովհետև այդ ջրբաժանը այնպիսի երևույթներից է բխել, որ երրորդ ուժը այստեղ չէր կարող կանգնեցնել այդ երկու ուժերին: Այդ բախումները և այն առճակատումը, որ տեղի ունեցան, գալիս էր այս վերջին տասնութ տարիների անցած հայ ժողովրդի կյանքից: Այսինքն սոցիալական անարդարություն և այդ անարդարությունը ստեղծած երկու ուժերի բախում: Արտագաղթ, գործազրկություն, կաշառակերություն, ընտրությունների կեղծիք և այս ամբողջ անհարիր կոմպլեքսի երկու հիմնադիրներ: Այս երկու հիմնադիրները բախվել են` մեջտեղում ունենալով իրենց ստեղծածը: 3. - Մեր քաղաքական դաշտում այսօր երրորդ ուժ հասկացություն ես պատկերացնում եմ միայն ՀԿԿ-ն` իր գաղափարախոսությամբ հանդերձ: Որովհետև, երբ նայում ենք քաղաքական կյանքին, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում, ապա սոցիալիստական գաղափարախոսությունը և այդ գաղափարախոսության ամբողջ գործունեությունը, ուղղված են մարդուն` հիմնականում: Ամեն ինչ` մարդու համար, ամեն ինչ` հանուն մարդու: 4. - Եթե հաշվում ենք, որ այսօր կա 74 կուսակցություն, ապա պետք է, իհարկե, քաղաքական կյանքում մնան այն կուսակցությունները, որոնք ունեն ուրույն գաղափարախոսություն և այդ գաղափարախոսությունը ծառայում է ժողովրդին: Ինչ վերաբերում է միավորվել-չմիավորվելուն և այլն… Այսօր կան տասնյակ կուսակցություններ, որոնք` միավորենք` ոչ մի կուսակցություն չի ստացվի, բայց անունը կուսակցություն է: Կան այսպիսի հասկացողություններ քաղաքական կյանքում. կա ամբիցիա, կա իրիզմ, կարիերիզմ և ոչ մինչև վերջ նվիրվածություն այն գաղափարախոսությանը, որով ինքը եկել է քաղաքականություն: Մարդը մտածում է, որ եթե ինքը մենակ հայտարարում էր, թե ինքն իր ընտանիքի անդամներով ներկայացնում է ամպագորգոռ անուն ունեցող կուսակցություն, ինքն էլ է կուսկացություն, որոնց Լենինը ժամանակին անվանել է տրիբունիստներ: Դրանք մարդիկ են, որոնք ուզում են անպայման ինքնուրույնություն ցուցաբերել կյանքում: Եվ երբեք ու երբեք նրանց ոչ առանձնանալը, ոչ միավորումը հաջողության չի հասցնի: Ճիշտն այն է, որ վերջնականապես զատվի թե ով` ով է: - Իսկ միավորվե՞լ: - Ո°չ, իհարկե, ո°չ: Հայաստանի միավորված կոմկուսի նախագահ Յուրի ՄԱՆՈՒԿՅԱՆԻ պնդմամբ` 1. - Բոլորովին. մեր քաղաքական դաշտը միակն է հետխորհրդային ժամանակաշրջանում, որ մեր յուղը բավականացնում է մեզ: Ուրիշ յուղի միջամտությունը կարող է փչացնել ամեն ինչ: Երրորդ ուժը ողբերգություն է լինելու մեր ժողովրդի գլխին: Եթե Ռուսաստանը չէ` առավել ևս: Իսրայել Օրի չեմ, բայց հաստատ գիտեմ` ամերիկաները, անգլիաներն ու թուրքիաները մեզ ոչինչ չեն բերում բարի. նրանք մեր ողբերգությունն են միայն երազում: 2. - Այդ ուժին ուզում են դարձնել քավության նոխազ, եթե դա Ռուսաստանն է: Ես գիտեմ, նրանց հեռահար նպատակն է` Հայաստանը կտրել Ռուսաստանից` տիրույթից, ինչպես Վրաստանն է անջատվել: Ադրբեջանն էլ` կա թե չկա, դա ոչ մի դեր չի խաղում: Հայաստանում, եթե տեր կանգնեցին հակառուսական ազգերը, մենք ոտքի տակ կորած ազգ ենք: Պետք է դրա դեմ պատրաստ լինենք պայքարելու: Ես թքել եմ այն պետությունների վրա, ովքեր իմ ժողովրդի մասին վատ են մտածում` անկախ նրանից, թե ինչ գերտերություն է: 3. - Հավասարակշռող: Այստեղ այդպիսի կատալիզատոր պետք չէ: Անկեղծ ասած` Լևոնը հիմար մարդ չէ: Նա այն մարդը չէ, որ չհասկանա` ժողովրդին կործանման ճանապարհի ենք տանում: Այս իշխանությունները պետականությունը թուլացնելու միտում չունեն: Մենք գիտենք, որ նա վախկոտ, փախստական մարդ է. պոստը լքել` փախել է: Հրամանատարը բերել է ժողովրդին, տասը հոգի զոհ տվել` նորից է գնացել: Հիմա° ինչ է ուզում: Էլ ի՞նչ է ուզում. քայքայեց մեր ամբողջ հզոր արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ երկիրը, թալանի մատնեց ութը տարի, է՞լ ինչ ես ուզում: Նրանք ուզում էին Լևոնի միջոցով իրենց ուժը բերել այստեղ: Այս առումով երրորդ ուժը բացառվում է, բացի Ռուսաստանից: 4. - Ուրեմն յոթը տարի ես առանձնացել եմ և յոթը տարվա մեջ չեմ հիշում մի դեպք, որ ես խնդիր չդնեմ, չպահանջեմ իմ նախկին ընկերներին, թե` եկեք միավորվենք: Մեր գաղափարախոսությունը դեռևս հարգի է շատ շատերի մոտ` հատկապես գյուղական վայրերում, և սպասում են մեր միավորմանը: Ես համոզված եմ, որ եթե ոչ մենք, ապա հաջորդ սերունդը միավորվելու է: Մենք չենք ասում այն սոցիալիզմը, որ տեսել ենք: Ոչ, մենք ասում ենք այսօրվա համաշխարհային սոցիալիզմի տարրերը ներգրավենք և մեր պետականությունը պահենք: Տրոհվածներից ԱԺՄ-ն արհեստական կուսակցություն էր. դա ՀՀՇ-ն էր, ի՞նչ տարբերություն: Ուղղակի Վազգենը երևույթ է քաղաքականության մեջ, որ կարողացավ ապացուցել ԱԺՄ-ի գոյությունը: Հիմա եթե Վազգենը քարը փեշից թափի` Լևոնի հետ ձեռք սեղմեն, դա մի կուսակցություն է` աջ ազատական կուսակցություն է, ուրիշ ոչ մի անուն տալ չի կարելի: Մենք ձախ կուսակցություններ ենք, բայց այստեղ էլ մեզանից տարբեր է ՀՀԿ-ն: Գիտեք ինչի, որովհետև այդ մարդը ամբողջ կյանքում երազել է Կենտկոմի առաջին քարտուղար դառնալ: Ես մարատորիա եմ հայտարարել. միավորում թող լինի` ես իմ թեկնածությունը հանում եմ, գնում եմ ակտիվ հանգստի: Ես չեմ ուզում առաջին դեմք լինել, բայց թող միավորում լինի: Ինքը տեղյակ չէ` ժողովուրդն ինչ է ուզում: Եվ ինքը 30-ականների այն պնդաճակատներից է, որ ուզում է առաջնորդվել լոզունգներով: 30 թվին` ինչ ասել են` ինքը կրկնում է այսօր: Այդպես չի ապրվի, ծայրահեղ կոմունիզմի ներկայացուցիչ են նրանք, որոնք որ, իրենց իսկ գոյության արդարացման համար, պատրաստ են գաղափարախոսության հերն անիծել: Իսկ ինքը վախենում է հիմնականում ինձանից: Գաղափարախոսությանը նվիրվելը այսօր նշանակում է "ՌՊՌՏՑ"-ություն. գաղափարախոսությունը եթե չի ապրում, չի շնչում, չի զարգանում` դա գաղափարախոսություն չէ: Իսկ Մարքսիզմը կենդանի գաղափարախոսություն է:

Տ. ՈԱՐՏԻՐՈՍՅԱՆ