Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում


ԱրմԻնֆո: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլից շտապ վերադարձել է Անկարա: Նա կարգադրել է չեղյալ հայտարարել նախօրոք ծրագրված իր բոլոր այցերը և օրվա երկրորդ կեսին հրավիրել «Արդարություն և բարգավաճում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի արտակարգ նիստ: Ինչպես հաղորդում են թուրքական էլեկտրոնային ԶԼՄ-ները, ենթադրվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են խորհրդարանը ցրելուն, վաղաժամկետ ընտրություններին և սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցեր: Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորներին հրահանգ է տրվել չբացակայել Անկարայից: Բանն այն է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել երկրի բուհերում մահմեդական կանացի գլխաշորեր (թյուրբաններ) կրելու արգելքը վերացնող օրենքի գործողությունը կասեցնելու վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է, որ 2008 թվականի փետրվարին Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընդունած և նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից վավերացված սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս ուսանողուհիներին համալսարաններում գլխաշոր կրել, խարխլում են Թուրքիայի սահմանադրության աշխարհիկ հիմքերը: Հիշեցնենք, որ Թուրքիայի բուհերում գլխաշոր կրելն արգելվել էր 1997 թվականին, երբ աշխարհիկ Թուրքիայի գլխավոր կողմնակից և պաշտպան հանդիսացող զինվորականները փոխեցին իսլամամետ կառավարությունը: Սակայն անցյալ տարի իշխանության եկած «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունն առաջարկեց թույլատրել բուհերում ավանդական գլխաշորեր կրել, պատճառաբանելով, որ արգելքը ոտնահարում է կանանց իրավունքներն ու ազատությունները: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Թուրքիայում կառավարող կուսակցության ղեկավարությունը Սահմանադրական դատարանի` վերը նշված որոշումը մեկնաբանել է որպես կուսակցությունը փակելու ահազանգ: